Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ բազմաթիվ ծրագրեր ունեն՝ այդ թվում ենթակառուցվածքային, որոնք իրականացվում են արտաքին ֆինանսավորմամբ՝ այսինքն վարկային միջոցներով, որի համար նոր պարտք են վերցնելու։ Այս թեմայով Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան հետ։
«Գործող կառավարությունը վերջին 4 տարիների ընթացքում պետական պարտքը 6 ու կես միլիարդից հասցրել է 10 միլիարդ դոլարի, այսինքն՝ մոտ 40 տոկոսով ավելացրել է պետական պարտքը։ Այս տարի ևս ավելացել է դա՝ պայմանավորված դրամի արժևորմամբ։ Կառավարությունը պետական պարտքի կառավարումն այս պահին ամբողջովին կապում է դրամ-դոլար փոխարժեքի հետ։ Նրանք կանխատեսում են, որ հաջորդ տարի դրամ-դոլար փոխարժեքը պահպանվելու է մոտավորապես այս մակարդակի վրա, որը թույլ կտա նրանց լրացուցիչ պարտք ներգրավվել՝ հաշվի առնելով այն, որ ՀՆԱ-պարտք հարաբերակցությունը կնվազի։ Այստեղ խոսքը վերաբերվում է պարզ թվաբանությանը, եթե դրամի փոխարժեքը մնում է այս մակարդակի վրա՝ ուրեմն կկարողանանք ավելի շատ պարտք վերցնել՝ քան անցյալ տարի, որովհետև անցյալ տարի դոլար-դարմ փոխարժեքը 490-495 էր»։
Տնտեսագետը կարծում է, որ կառավարությունը այն հույսով է, որ այս փոխարժեքը կպահպանվի և մտածում է լրացուցիչ պարտքեր ներգրավի ենթակառուցվածքների անվան տակ․
«Ակնհայտ է, որ կառավարությունն այս տարի, ինչպես նաև նախորդ տարիների ընթացքում, ձախողել է ենթակառուցվածքային բազմաթիվ ծրագրեր։ Նույնիսկ եթե նայում ենք այս տարվա 9 ամիսների կատարողականը՝ կտեսնենք, որ միջազգային վարկային միջոցներով կապիտալ շինարարական ծրագրերը ձախողված են 50-70 տոկոսի չափով, այսինքն՝ կառավարությունը պարտք է ձևակերպել, դիմել է օրինակ՝ Ասիական բանկին, որ այս կամ այն շինարարությունը անի, չի կատարում այդ ծրագիրը։ Այդ տոկոսը Հայաստանի վրա աշխատում է, այսինքն Հայաստանը վերցնում է Ասիական զարգացման բանկից օրինակ 55 մլն դոլար, բայց, քանի որ այդ գումարը չի կարողանում ծախսել և գումարի մի մասը մնում է՝ ինքը սկսում է այդ գումարի համար տոկոսներ վճարել։ Սա պարտքի կառավարման անարդյունավետության մասին վկայող կարևոր ցուցիչ է։ Այսինքն, Հայաստանն ի վիճակի չէ խոշոր շինարարական, ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել։ Պետական համակարգը կարողությունները չունի, մասնավոր համակարգը հնարավորությունները չունի խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու համար»։
ՀՅԴ անդամը հիշեցրեց, որ Կառավարությունը նախորդ տարի հայտարարել է, որ այս տարի «Հյուսիս-հարավի» նախագծային աշխատանքների մրցույթ պետք է հայտարարվի, բայց մինչ այսօր չկա հայտարարված մրցույթ։
«Ակնհայտ է, որ այդ մրցույթի հետ կապված բազմաթիվ բարդ հարցեր կան, ուր մնաց, որ շինարարական նախագծերի համար մրցույթ իրականացվի։ Նույնիսկ նախագիծը չեն կարողանում պատրաստել, որի հիման վրա պետք է շինարարական մրցույթը իրականացվի։ Այսինքն՝ Կառավարության պարտքային քաղաքականությունը շատ անարդյունավետ է։ Դրանք ավելացնում են մեր պետական պարտքը, բայց դրանց բերած օգուտները շատ փոքր են մեր բնակչության, տնտեսության համար։ Հերթական պարտքը գլխացավանք է լինելու մեր տնտեսության համար, բնակչության համար երկարաժամկետ ժամանակահատվածում։ Անշուշտ մենք 2 տարվա ընթացում այս խնդիրը չենք զգալու, բայց երկարաժամկետում, երբ դրամ-դոլար փոխարժեքը գա հասնի նույն ակարդակի վրա, մենք դա շատ կտրուկ կզգանք և կմտածենք, թե ի՞նչպես պետք է սպասարկենք այս վարկը»։
Անդրադառնալով ՊԵԿ-ի հայտարարությանը, ըստ որի՝ 2022 թվականի 9 ամսում պետական բյուջե է հավաքվել 1 տրլն 412 մլրդ դրամի հարկային եկամուտ, որը Կառավարությունը ներկայացնում է որպես աննախադեպ ցուցանիշ, տնտեսագետը մանրամասնեց․
«Այս տարվա հարկային մուտքերի մի մասը պամանավորված է մի շարք գործոններով։ Առաջինն այն է, որ այս տարվա ընթացում մենք ունենք աննախադեպ գնաճ՝ 8,6 տոկոս, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում՝ 13-14 տոկոս։ Որքան բարձր է ապրանքի գինը, այնքան պետական բյուջե վճարվող հարկերի քանակությունը մեծ է, այսինքն այդ հարկերի զգալի մասը ապահովել են շարքային քաղաքացիները՝ գնաճի տեսքով։
Դրան գումարած այն, որ այս տարվա 8 ամիսների հաշվարկով մենք ունենք 13,9 տոկոս տնտեսական ակտիվությունը, որը անկանխատեսելի ցուցանիշ է, դա իր դրական ազդեցությունն է թողել հարկային մուտքերի վրա։ Այդ 13,9 տոկոսի 11 տոկոսը, կարծում եմ, ծառայության, առևտրի ոլորտն է, և այդ ոլորտից հարկեր են գեներացվել պետական բյուջե։ Օրինակ՝ այս տարվա համար պետությունը կանխատեսում էր, որ պետք է ունենայինք 7 տոկոս տնտեսական աճ, հիմա մոտ 6 տոկոս ավելի տնտեսական աճ ունենք, իսկ ամեն մի տոկոս տնտեսական աճը պետական բյուջե լրացուցիչ 10-12 մլրդ գումար է։ Այսինքն՝ այս 70 միլիարդ գումարը միայն այս 6 տոկոս լրացուցիչ աճից դա կարող էին հավաքագրել»։
Նա կարծում է, որ եթե հաշվի առնենք գնաճի մակարդակն ու տնտեսական աճի այս ցուցանիշը, իրականում Կառավարությունը պետք է ավելի շատ հարկեր հավաքագրեր՝ քան 70 միլիարդը․
«Մյուս կարևոր գործոնը՝ դա մետաղների գներն են համաշխարհային շուկայում։ Համաշխարհային շուկայում դրանց գները բարձր են և Կառավարութունը դրանից լրացուցիչ մուտքեր է ստանում, դրա վառ օրինակը «Քաջարանի Պղնձամոլիբդենային գործարնն է», որ եռապատկել է իր հարկերը։ Նաև նշեմ, որ այս տարեսկզբին Քաջարանի կոմբինատի նկատմամբ հարկային ստուգումներ են իրականցվել և դրանից 15 մլրդ գումար հավաքագրվեց՝ նախորդ տարիների չվճարված հարկերի մասով։ Դա էլ պետք է հաշվի առնենք, որ նախորդ տարիներին հարկեր չի վճարվել, այս տարի է վճարվում, բայց մյուս տարի դա չի լինելու։ Այսինքն՝ մի շարք կարևոր գործոններն ազդել են հարկային մուտքեր վրա, բայց ակնհայտ է, որ այս էֆֆեկտը խիստ ժամանակավոր է և մեր տնտեսական ներուժը չի ավելացել։ Մեր հաջորդ տարվա տնտեսական ցուցանիշը կախված է նրանից, թե արդյոք ռուսները կմնան այստեղ և իրենց հետ նաև գումարներ կբերեն Հայաստան»։
Տնտեսագետը նաև նշեց, որ թոշակները 3000 դրամ են բարձրացնում, որը չի փոխհատուցում այն գնաճը, որը անցյալ տարի և այս տարի եղել է։ նա կարծում է,որ ծայրահեղ աղքատության մակարդակը էլ ավելի է ավելանալու 2022 թվականի ընթացքում։
Լ․Ա․