կարևոր
3940 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-08 11:50
Քաղաքական

«Իր հասունությունը երևի չի բավարարում, որ հասկանա իմ ասածները». Միքայել Աջապահյանը՝ ՔՊ-ական պատգամավորին

«Իր հասունությունը երևի չի բավարարում, որ հասկանա իմ ասածները». Միքայել Աջապահյանը՝ ՔՊ-ական պատգամավորին

«Էմմա Պալյանը երեխա է, վերջերս է ծնվել, վերջերս է մեծացել և ինքն իրեն չպետք է թույլ տա իր թեմի առաջնորդի, որն իր հոր, եթե ոչ՝ պապի տարիքին է, ասածները քննադատել և մեկնաբանել»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի այսօրվա ելույթին՝ ասաց Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Եթե իրեն նման բան է թույլ տվել՝ Աստված իր հետ, ես ի՞նչ մեկնաբանեմ, ես երեխաների ասածնե՞րը պետք է մեկնաբանեմ: Իրենք դեռ այնքան պետք է հասունանան, որ հասկանան իմ ասածները»,- հավելեց Միքայել Աջապահյանը:

Դիտարկմանը, որ այնուամենայնիվ, Պալյանը իշխանության ներկայացուցիչ է, և չի բացառվում, որ նրա այս ելույթը նաև իշխանության արձագանքն է Ձեր հնչեցրած մտքերին, Միքայել Աջապահյանն ասաց.

«Իշխանություններն իրեն թելադրել են, որ իբրև գյումրեցի՝ ինձ հակադարձի, ինքն էլ հակադարձել է, բայց դրանով ինքը չի հասունանում, դրանով ինքը փոքրանում և երեխայանում է, որովհետև ինքն իրեն չպե՛տք է թույլ տար նման բան:

Նախ պետք է հասկանար, թե ինչ է ասել իր թեմի առաջնորդը, որը իր տարիքից ավելի վաստակ ունի այս երկրում, ինքը դա պետք է փորձեր հասկանալ, ոչ թե ելույթ ունենար և քննադատեր: Պետք է հասկանար, բայց քանի որ հասկանալու ի վիճակի չի եղել, երևի հասունությունը չի բավարարում, ասել է այն, ինչ որ ասել է: Աստված իր հետ, ես իրեն կարող եմ ընդամենը ներել, մանավանդ, որ ինքն աղջիկ է: Ես ընդհանրապես կանանց ասածները չեմ մեկնաբանում…»:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված Արցախի շրջափակման հարցով խորհրդարանական լսումների ժամանակ Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ևս ելույթով էր հանդես եկել, խոսել Արցախը Հայաստանին կապող միջանցքի մասին: Սրբազանը հայտարարել էր, որ երկիրն այս ծանր վիճակից հանելու համար մեզ մահապարտներ են պետք, բայց ոչ միայն մարտի դաշտում, ապա մանրամասնել, թե խոսքն ինչի մասին է:

«Մահապարտն այն մարդն է, որն անձնական կյանքի վրա թքած ունի, և իր համար կարևորը հայրենիքի բարօրությունն է, եկեղեցու բարօրությունն է: Այո՛, մենք մահապարտներ ենք, կուսակրոնները եկեղեցու մահապարտներն են, և եթե եկեղեցին 1700 տարի տարբեր փորձությունների միջով անցնում է, ապա այդ մահապարտների շնորհիվ է:

Այսպիսի մահապարտներ են պետք Հայաստանի Հանրապետությանը, Ազգային ժողովին, Կառավարությանը, որոնք թքած կունենան սեփական ընտանիքի բարօրության վրա և կմտածեն այս երկրի և բանակի հզորության մասին: Եթե դա ունեցանք՝ Լաչինի միջանցքն էլ կբացվի, Արցախն էլ կդառնա Հայաստանի Հանրապետության անբաժան և անքակտելի մաս»:

Իշխանական պատգամավորն այսօր փորձեց մանիպուլացնել և Սրբազանի խոսքերն այլ ձևով ներկայացնել իր լսարանին:

«Դրանցից մեկն անգամ այս բարձր ամբիոնից ասաց, որ մահապարտների թիմ պետք է ձևավորել, որ այսօրվա իշխանություններին հեռացնեն…

Հույս ունեմ, որ լսումներից անմիջապես հետո բոլորով գնացել եք եկեղեցի և Աստծուց ներում եք հայցել»,- ասաց Էմմա Պալյանը: