Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Aravot.am-ը զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի հետ՝ անդրադառնալով ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի Դաշնակցությանը վերաբերող հայտարարությանը:
Yerkir.am-ը ներկայացնում է զրույցն ամբողջությամբ.
«Սամվել Բաբայանը, եթե մինչեւ հիմա չի հասկացել, որ Դաշնակցությունը դատախազ չի ունեցել, որ դատախազը քաղաքական պաշտոն չէ, որ այդ անձի կուսակցական պատկանելությունը սառեցված էր,այդպես էլ Սամվել Բաբայանն իր քաղաքական հասունությունը չապրեց, իր մանկամիտ որակումներով փորձում է ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահել՝ ուրիշներին մեղադրելով: Հետեւելով իր քարոզարշավին, իր տեսակետներին՝ այդ մանկամիտ քաղաքական կեցվածքը չի կարող որեւէ ձեւով հասուն լինել: Քաղաքական առումով չեմ ուզում իր մակարդակին իջնել: Ինչ վերաբերում է սպանություններին ու բոլոր ակտերին՝ Դաշնակցությունը չէ, որ մեղադրում է, Դաշնակցությունը նման մեղադրանք չի ներկայացրել, Արցախի հասարակությունը, 90-ականների այդ հանձնառու սերունդը լավ գիտի՝ ով է Սամվել Բաբայանը եւ ինչ հետք է թողել իր բոլոր բացասական ու դրական կողմերով, կարծեմ՝ բացասական շատ կողմեր կան»,-Aravot.am-ին ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը՝արձագանքելով ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի Դաշնակցությանը վերաբերող հայտարարությանը: Սամվել Բաբայանն ասել էր. «Դաշնակցությունը մեզ մեղադրում է սպանության մեջ, չէ՞, Արթուր Մկրտչյան, Նորիկ Դանիելյան եւ այլն, երեք, չորս տարի Արցախում եղել են գլխավոր դատախազ, ինչո՞ւ գործ չեն հարուցել, ինչո՞ւ այդ գործերը չեն բացել, ո՞վ է խանգարել, բացեիք»:
Ի դեպ, Սամվել Բաբայանը նկատի ուներ Արթուր Մոսիյանին, որը 2005-2007թթ եղել է ՀՅԴ Արցախի կենտկոմի ներկայացուցիչ, դրանից հետո զբաղեցրել է Արցախի Արդարադատության նախարարի, Արցախի Վերահսկիչ պալատի նախագահի ու գլխավոր դատախազի պաշտոնները:
Նա մեզ հետ զրույցում արձագանքեց՝ ինքը ինչ կապ է ունեցել Դաշնակցության հետ, հետո խոստացավ ավելի ուշ անդրադառնալ Սամվել Բաբայանի այդ հայտարարությանը: Իսկ Դավիթ Իշխանյանը մեզ հետ զրույցում նաեւ հավելեց. «90-ականների պատվերների, պատվիրատուների եւ պարտակողների այդ հասկացողությունը խորը նստվածք է տվել մեր մեջ: Մենք լավ գիտենք բոլոր այդ ակտերի՝ լինի ահաբեկչական կամ այլ, պատվիրատուներն ովքեր էին, պարտակողներն ովքեր էին»:
Իշխանյանը հիշեցրեց 1994 թվականին գերագույն խորհրդում Բաբայանի արած հայտարարությունը, թե «չեք իմանում, ես եմ ամեն ինչը՝ երկրի նախագահը, ես եմ ամեն ինչի պատասխանատուն…Դիկտատորական համակարգը, որ ձեւավորվել էր պատերազմից հետո, կարծեմ թե շատ ակնհայտ էր՝ ում նախաձեռնությամբ ու պատասխանատվության տակ էր: Քաղաքական ցինիզմով ու մանիպուլյացիաներով չի կարելի ժողովրդին խաբել, դա գործելաոճ չէ: Առիթներ կլինեն դեռ այդ մասին խոսել ու փակագծեր բացել, բայց քաղաքական կոռեկտությունն ու մեր հասունությունը, նաեւ մեր անվտանգության համակարգը թույլ չի տալիս այդ ամենի մասին բարձրաձայնել»: