կարևոր
6343 դիտում, 1 ամիս առաջ - 2024-03-03 19:22
Հասարակություն

Աջապահյանը հաճույք է ստանում հայ ժողովրդին վատաբանելուց, հայոց պատմությունը կեղծելուց, նրան պետք է սաստել. Արմեն Այվազյանն արձագանքել է Շիրակի թեմի առաջնորդի հայտարարություններին

Աջապահյանը հաճույք է ստանում հայ ժողովրդին վատաբանելուց, հայոց պատմությունը կեղծելուց, նրան պետք է սաստել. Արմեն Այվազյանն արձագանքել է Շիրակի թեմի առաջնորդի հայտարարություններին

Քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը արձագանքել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերջին հարցազրույցներին, նշելով.

«Մեր թշնամիներին ու նրանց աջակցող գաղութարար մեծ տերություններին անհրաժեշտ է ամեն կերպ արդարացնել Հայոց ցեղասպանության այս հերթական փուլը, մասնավորապես Արցախի հայաթափումը։ Ուրեմն, նախևառաջ նրանց պետք է կոտրել հայ ժողովրդի ոգին ու շեղել նրա ուշադրությունը՝ կատարվածի ամբողջ մեղքը բարդելով ոչ թե ոճրագործների, այլ զոհի՝ հայ ժողովրդի վրա։ Եվ ահա՝ ի դեմս Շիրակի թեմի առաջնորդ չարքեպիսկոպոս Աջապահյանի, նրանք գտել են մի հրաշալի գործիք, հոգևորականի սքեմ հագած մի նոր փաշինյան։ Սա էլ թևերը քշտել ու լծվել է հայոց մեջ հայատյացություն (այսինքն՝ ինքնատյացություն) քարոզելու ստոր ու դավաճանական գործին։ Սա այլևս կանգ չի առնելու, որովհետև, ըստ երևույթին, եկել է իր ժամը։ 36 տարի շարունակ ու հատկապես վերջին տարիներին հայաստանաբնակ ժողովուրդը ներսից ու դրսից ստացել է ցեղասպանական հարվածներ ու մեծապես թուլացել է։ Ուրեմն, ըստ ցեղասպանների ու գաղութարարների, հիմա՛ է հայ ժողովրդին սևացնելու, ստորացնելու, կամազրկելու ու վերջնականապես ստրկացնելու պահը։

Աջապահյանը հաճույք է ստանում հայոց պատմությունը կեղծելուց. ըստ նրա՝ «վերջին հազար տարում մեկ հատ Սարդարապատ ենք ունեցել», իսկ դրանից առաջ՝ ընդամենը մի «Հայկի նետ» (իր հեգնանքն է) ու մի Ավարայր։ Սա սովորական տգիտություն չէ, այլ օտարի պատվերով կատարվող պատմության վայրագ կեղծարարություն։

Աջապահյանը հաճույք է ստանում հայ ժողովրդին վատաբանելուց՝ նրան անվանելով աշխարհի «ամենահիվանդ ու ամենախայտառակ» ազգը։ Սրանք հե՛նց թուրքերի ու գաղութարարների թեզերն են։

Աջապահյանը հաճույքով 10 անգամ կրկնում է, թե «Արցախը հավետ կորցրել ենք» ու այլևս երբեք հետ չենք բերելու։ Այս հայտարարության պատվիրատուի ականջները ևս, կարծում եմ, պարզ երևում են։

Ճիշտ Փաշինյանի տիկնոջ պես, Աջապահյանն էլ է հերյուրում, թե մեր նահատակ զինվորներն իբր «զոհվել են հանուն ոչնչի»։ Իր ձևակերպմամբ՝ մեր հերոսների սխրանքը «զրոյացվել է», որ նույն վայրահաչոցն է։ Հանուն հայրենիքի զոհված նահատակների մասին այդպես արտահայտվելն ինքնին անբարոյականություն է ու մեծ մեղք։ Այս անհավատ հոգևորականը փորձում է նսեմացնել նույնիսկ Ավարայրի ՍՐԲԱԴԱՍՎԱԾ հերոսներին, Նժդեհի բառերով՝ 1036 «հաղթական նահատակներին»՝ ասելով, թե ինքն անգամ չգիտի, թե այդ հերոսամարտն ինչ ելք է ունեցել։ Այսինքն՝ փաշինյանական տխրահամբավ դասագրքի պես, Աջապահյանն էլ է Ավարայրին փորձում պարտություն վերագրել։

Հարվածելով հայրենասիրություն գաղափարին և իրեն արդեն հոգեբան երևակայելով՝ Աջապահյանը զազրաբար կեղծում է, թե հայ ժողովուրդն «այնքան բթացած է հայրենասիրության մեջ, որ Արցախի կորստից ցավ չի զգում, Արցախի կորուստը մեզ ցավ չի պատճառում»։ ՍՈՒՏ ՈՒ ԿԵՂԾԻՔ։ Ընդհակառակը, հայ մարդիկ այնքան մեծ ցավ են ապրել և առ այսօր ապրում, որ այդ ցավը բթացնելու-թմրեցնելու ձև ու միջոց են փնտրում։ Աջապահյանը միտումնավոր կերպով (և անտրամաբանորեն) փորձում է հակադրել հայրենասիրությունը Արցախի նկատմամբ իբր հայերի անտարբերությանը։ Այս հայտարարությամբ նա դարձյալ թուրքավարի սեպ է խրում արցախցիների և հայ ժողովրդի մյուս հատվածների միջև։ ԱՄՈ՛Թ։

Երեկ Աջապահյանը մի նոր հարցազրույց է տվել, որտեղ լկտիաբար հայտարարում է, թե հավատարիմ է մնում իր նախորդ խայտառակ ելույթում արտահայտած դրույթներին՝ «ես իմ ասածներից որևէ մեկից չեմ հրաժարվում»։

Աջապահյանի ելույթները ստացել են հակահայկական, հակաեկեղեցական, հակաքրիստոնեական, հակաբանակային, հակաազատագրական և հակաարցախյան բնույթ։ Տողատակեր նրա խոսքում չկան, տարընկալումների խնդիր չկա։

Շատ չերկարացնեմ։ Աջապահյանն ինքնատյաց հայ է, այսինքն՝ հոգեպես հիվանդ մարդ է, ինչպեսև բոլոր ինքնատյացները։ Դա է, թերևս, պատճառը, որ նա ամբողջ հայ ժողովրդին «հիվանդ» է անվանում։ Մեր եկեղեցու պատմության մեջ դժվար է գտնել մեկ ուրիշ բարձրաստիճան հոգևորականի, ով այդ աստիճան ատելությամբ լցված կլիներ հայ ժողովրդի նկատմամբ։ Ինչ արժեն միայն նրա հետևյալ բառերը՝ «էս ժողովրդից այլևս ինչ-որ հույսեր կապելն անիմաստ է» (երեկվա հարցազրույցի 17:20 վայրկյանին)։ Սա ո՛չ հավատայցյալ քրիստոնյայի, ո՛չ եկեղեցու սպասավորի, ո՛չ էլ հայրենասեր հայ մարդու խոսք է։ Այսպես կարող է արտահայտվել միմիայն թշնամին, որովհետև եթե «հույս չկա», ապա էլ ի՞նչ են անում սահմանին կանգնած հրամանատարն ու զինվորը, ի՞նչ են անում ազնիվ հայ մարդիկ, ի՞նչ է անում, ի վերջո, Հայ եկեղեցին։ Ցրե՛ք ձեր բանակը, ինքնալուծարե՛ք Հայաստանի Հանրապետությունը, հրաժարվե՛ք ձեր լեզվից ու կրոնից, դարձե՛ք մեր՝ ձեզ ցեղասպանող «ավելի լավ» ազգերի ու պետությունների ստրուկը, ձուլվե՛ք-վերջացե՛ք, զզվելի հայե՛ր։ Սա՛ է Աջապահյանի հայտարարության ետին պատվիրովի իմաստը։

Աջապահյանի հետագա ծառայությունը Հայոց եկեղեցում սպառնում է ներսից քայքայել ու կազմալուծել եկեղեցին ճիշտ այնպես, ինչպես Փաշինյանը կազմալուծեց հայոց պետությունը։ Չի բացառվում, որ գաղութարարները կփորձեն նրան բազմեցնել Հայոց կաթողիկոսի գահին, որպեսզի նա կարողանա է՛լ ավելի մեծ եռանդով նպաստել հայ ժողովրդին ստրկացնելու նրանց հանցավոր ծրագրերին։

Աջապահյանին պետք է սաստել։ Եվ դա արդյունավետորեն կարող է անել միայն Հայոց եկեղեցին։

Ի՞նչ է մտածում և ի՞նչ է պատրաստվում անել այս առթիվ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ու ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ։

Հ.գ. Աջապահյանին պաշտպանող բոլոր մեկնաբանությունները ջնջվելու են։ Աջապահյանական վատաբանումներին ու հերյուրանքներին համամիտ մարդիկ ավելի ճիշտ կվարվեն, եթե անմիջապես ինքնահեռացվեն իմ ընկերների ցանկից»։