կարևոր
2911 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-02 16:45
Քաղաքական

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի հարևանները տեսնում են Արևմուտքի նպատակները ՀԱՊԿ տարածքում

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի հարևանները տեսնում են Արևմուտքի նպատակները ՀԱՊԿ տարածքում

Ռուսաստանի դաշնակիցները, մասնավորապես՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից երկրները, ցանկանում են զարգացնել նոր ինտեգրացիոն ծրագրերը՝ չնայած դրան խանգարելու՝ Արևմուտքի փորձերին։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին։

Ինչպես նշել է Լավրովը, Արևմուտքն արդեն ոչ մեկ տարի է՝ փորձում է Կենտրոնական Ասիայի պետությունների տարածքում «տարածել ամերիկամետ, եվրոպամետ, նույնիսկ նատոյամետ ոչ կառավարական կազմակերպություններ»՝ Ռուսաստանի և նրա հարևանների միջև դաշնակցությունը կասկածի տակ դնելու համար։ «Բայց այդ ճիգերը որևիցե լուրջ, դրական արձագանք չեն առաջացնում: Մեր հարևանները, դաշնակիցները, ռազմավարական գործընկերները տեսնում են այդ խաղերը», - արձանագրել Է նա։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ երեկ հանդիպում է ունեցել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի միջազգային հարցերով հանձնաժողովների ղեկավարների հետ։

«Մենք տեսնում ենք, որ մեր բարեկամներն ըմբռնում ու լավ տեսնում են, թե ինչ նպատակներ է հետապնդում Արևմուտքը մեր ընդհանուր տարածքում», - եզրափակել է Լավրովն՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ՀԱՊԿ անդամ երկրները «ցանկանում են ստեղծել լրացուցիչ մեխանիզմներ, որոնք կապահովեն ինտեգրացիոն ծրագրերի հետագա զարգացումն այնպիսի ձևերով, որոնք ենթակա չեն արևմտյան ազդեցությանը, որոնք պաշտպանված են արտաքին անօրինական ներգործությունից»։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն անվտանգության հարցերով միջազգային կազմակերպություն է, որի ներկայիս անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Ստեղծվել է 2002 թվականին՝ 1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա: