կարևոր
3004 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-17 16:03
Քաղաքական

Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը միայն Բերձորի միջանցքի բացմանը չպետք է վերաբերի

Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը միայն Բերձորի միջանցքի բացմանը չպետք է վերաբերի

Radar Armenia-ի զրուցակիցը Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ, վերլուծաբան Շահան Գանտահարյանն է։

– Հայաստանի իշխանությունը համարում է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում Ստեփանակերտն ու Բաքուն երկխոսելու ելքեր պետք է գտնեն։ Այս առնչությամբ Դուք ինչ հնարավորություններ եք տեսնում, եթե պաշտոնական Բաքուն չի ցանկանում բանակցել Ստեփանակերտի հետ։

– Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափը միայն Բերձորի միջանցքի բացմանը չպետք է վերաբերի։ Թուրք֊ադրբեջանական դաշինքը տարիներ շարունակ հետապնդում էր Արցախ-Ադրբեջան հակամարտությունը վերածել Հայաստան-Ադրբեջան հակամարտության, ինչը և ստացվել էր որոշակի առումներով։ Հիմա պահը պետք է լիարժեք օգտագործել՝ հակամարտության հարաբերակցային ձևաչափի վերականգնման համար։

– Արձագանքելով ստեղծված իրավիճակին՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան ասել է, թե իրենց անհանգստացնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների բացասական տենդենցները։ Ինչ է սա նշանակում. արդյո՞ք իրավիճակը փակուղային է։ Եթե ոչ, ինչպես եք տեսնում ելքը։

– Զախարովայի այս հայտարարության կոնտեքստն այն է, որ շարունակում է հրամայական լինել ռուսական խաղաղապահ առաքելության անհրաժեշտությունը։ Նույն կերպ հիշեցվում է, որ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության՝ Արցախ տեղակայման համար անհրաժեշտ են հակամարտող կողմերի համաձայնությունը, և պարզ ասվում է, որ երկկողմանի համաձայնություն կա միայն ռուսական խաղաղապահների ներկայության վերաբերյալ։

– Մարիա Զախարովան հայտարարում է, որ ՄԱԿ ԱԽ հայտարարության փաստաթղթի ֆրանսիացի հեղինակները անուշադրության են մատնել Ռուսաստանի առաջարկները։ Այս հայտարարությունն արվում է այն ժամանակ, երբ Հայաստան է ժամանում Ֆրանսիայի ԱԺ նախագահը։ Այս երկու իրադարձության մեջ ի՞նչ կապ եք տեսնում։

– Կանխատեսելի էր, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ Արցախին հատկացված նիստից հայտարարություն չի բխի։ Աշխարհաքաղաքական մակարդակով միջնորդական հակամարտություն է գնում Արցախի ուղղությամբ։ Երբ չկա կոնսենսուս, պարզ է, որ չի լինի միջազգային ընտանիքի համար համաձայնեցված դիրքորոշում կամ հայտարարություն։ Փարիզը հայտնվել է միջնորդական հակամարտության մեջ․ մի կողմից բրյուսելյան ձևաչափի վերականգնման, նաև՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելություններ ուղարկելու ուղղություններով։

– Ալիևը բաց տեքստով միջազգային հանրության աչքի առաջ հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը կարող են ապրել այդ տարածքում, եթե դառնան Ադրբեջանի քաղաքացիներ, հակառակ դեպքում կարող են դուրս գալ Լեռնային Ղարաբաղից։ Միջազգային հանրությունը, բացի հայտարարություններն, է՞լ ինչ գործիքակազմով պետք է զսպի Ադրբեջանին։

-Ալիևը առաջին անգամ չէ, որ նման գաղափարներ է հայտնում։ Միջազգային ընտանիքի մոտ քարոզչաքաղաքական լայնածավալ աշխատանքներ են պետք՝ առաջադրելու «կարգավիճակ հանուն փրկության» կարգախոսը։ Խնդիրը վերաբերում է ցեղային զտման պետական գործողությունների կանխարգելմանը։ Բերձորի միջանցքի փակումը պարզապես դա է հետապնդում․ մարդասիրական աղետը ցեղային զտման առաջին քայլն է։ Միջազգային ընտանիքը, հայտարարություններից բացի, կարող է նաև մարդասիրական օժանդակություններ հասցնել, ընդ որում, Ստեփանակերտի օդակայանի գործարկումով։ Երկրորդ՝ որոշել սկսել նոր բանակցություններ Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով՝ առաջնային օրակարգ ունենալով միջանցքի վերաբացումը։ Այս հանգրվանին հասնելու համար երկու գործիքակազմերի օգտագործումը, կարծում եմ, օրվա հրամայական են։