կարևոր
1978 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-08 09:29
Քաղաքական

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալներին եւ նրանց փաստաբաններին կանչում են Հակակոռուպցիոն կոմիտե. նոր զարգացումներ. «Ժողովուրդ»

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալներին եւ նրանց փաստաբաններին կանչում են Հակակոռուպցիոն կոմիտե. նոր զարգացումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ հակակառուպցիոն կոմիտեն սկսել է նախաքննական մարմին հրավիրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներին եւ նրանց փաստաբաններին:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրյալներին եւ նրանց փաստաբաններին ծանուցել են ներկայանալ եւ բանավոր հայտնել քրեական գործով որոշ տվյալներ, կարճ ասած՝ զրուցել որոշ հարցերի շուրջ: Ասել է թե՝ Հակակոռուպցիոն կոմիտեն Մարտի 1-ի ողբերգական դեպքերով հարուցված քրեական գործով կոնկրետ գործողությունների է նախապատրաստվում. թե ինչ, մանրամասները կներկայացնենք առաջիկայում:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պահանջել է «Մարտի 1»-ի գործը Հակակոռուպցիոն կոմիտեից վերցնել եւ դնել իր սեղանին, որպեսզի այսուհետ հենց ինքը զբաղվի այս գործի քննության վեահսկողությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել էր մեկնաբանություն ստանալ այս առիթով Գլխավոր դատախազությունից, որտեղից, ի պատասխան մեր հարցադրմանը, գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր. «Մոտ տասն օր առաջ գլխավոր դատախազը գործը զեկուցելու հանձնարարական է տվել»:

Նկատենք՝ Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 15-րդ տարին է: 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի տված՝ «Մարտի 1»-ը բացահայտելու խոստումը չի կատարվել, չնայած նա տարբեր առիթներով շարունակում է ասել, թե այն, իր կարծիքով, բացահայտված է: Ոչինչ էլ թերեւս չի բացահայտվել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում