Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի ավարտը նշանավորվեց Սիրիայում և Իրաքյան Քրդստանում Թուրքիայի ռազմական գործողության մեկնարկով, որը կրում է «Ճանկ-սուր» ծածկանունը։ Նոյեմբերի 20-ի գիշերը Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարվածների թիրախը եղել են Սիրիայի հյուսիսում և Իրաքում գտնվող քրդական տարածքները։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ահաբեկիչները դրանք օգտագործում են որպես հենակետ՝ հանրապետության վրա հարձակվելու համար։ «Anadolu» գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարն անձամբ է ղեկավարել «Ճանկ-սուր» գործողությունը։ Երկրի ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ գործողության նպատակներն են «թուրքական ժողովրդի և անվտանգության ուժերի վրա հարձակումների կանխումը, սահմանների անվտանգության ապահովումը և այդ համատեքստում ահաբեկչության վերացումը»։ Հուլուսի Աքարը «A Haber» հեռուստաալիքով հեռարձակված ելույթի ժամանակ ասել է, որ հաջողությամբ ոչնչացվել են ահաբեկիչների թաքստոցները, բունկերները, թունելներն ու պահեստները։ Ռազմական գերատեսչությունում հայտնել են, որ «Ճանկ-սուր» գործողությունն իրականացվել է «ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված ինքնապաշտպանության իրավունքին համապատասխան»:
Սիրիայում քրդական աշխարհազորայինները հայտնել են, որ թուրքական ռազմաօդային ուժերը հարվածել են սահմանամերձ Քոբանի քաղաքին, որը «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորման վերահսկողության տակ է, և սիրիա-թուրքական սահմանին գտնվող այլ քաղաքների: Իրաքից հեռարձակվող «Rudaw» հեռուստաալիքը, վկայակոչելով «Սիրիայի դեմոկրատական ուժերի» գլխավոր հրամանատարությանը, հաղորդել է, որ Սիրիայի հյուսիսային՝ Հալեպ, Ռաքքա և Հասաքա նահանգներում առնվազն 30 մարդ է զոհվել՝ 15 խաղաղ բնակիչ և սիրիական բանակի 15 զինծառայող։
Իրանական «Isna» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ Հյուսիսային Իրաքում «Claw Lock» գործողության մեկնարկից ի վեր վնասազերծվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամ 289 զինված անձ։ Այդ գործողության ընթացքում ոչնչացվել է նաև PKK-ի 330 թաքստոց, որտեղ եղել է զենք և զինտեխնիկա։ Մինչդեռ հակամարտության երկու կողմերը չեն հաստատում միմյանց վիճակագրությունը, իսկ թուրքական կառավարության քննադատները կարծում են, որ հրապարակված տվյալները չեն համապատասխանում իրականությանը։
«Մենք մի գիշեր հանկարծակի կգանք». այս նախադասությունը մի քանի տարի ծառայել է որպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական լոզունգ, հատկապես այն բանից հետո, երբ նա երեք ռազմական արշավ սկսեց Սիրիայի հյուսիսում 2016 թ. հեղաշրջման անհաջող փորձից հետո:
Դեռևս հունիսին Էրդողանը հայտարարել էր, որ ծրագրվում է թուրքական նոր ռազմական գործողություն, որի թիրախը կլինեն սիրիա-թուրքական սահմանի այն շրջանները, որոնք վերահսկվում են քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական կուսակցության (SDF) կողմից, որպիսիք են Քոբանը (Այն ալ-Արաբ), Թալ Ռիֆաթը և Մանբիջը: Այնուամենայնիվ, գործողությունը, չնայած մոտ էր թվում, չիրականացավ, քանի որ Ռուսաստանը, Իրանը և Արևմուտքը հետ մղեցին Թուրքիայի ծրագրերը:
Թուրքական վերջին գործողության, այսպես ասած, շարժառիթը նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլալ հետիոտնային փողոցում տեղի ունեցած ահաբեկչությունն էր։ Պայթյունի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել ավելի քան 80 մարդ, այդ թվում՝ 3 ռուս: Անկարան հարձակման համար մեղադրել է PKK-ին։ Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլի ամենաբանուկ և զբոսաշրջային շրջաններից մեկում՝ Իսթիքլալ պողոտայում, 6 խաղաղ բնակիչների մահվան պատճառ դարձած հարձակման հետաքննության նախնական արդյունքները մատնանշում են PKK-ին և «Ժողովրդի պաշտպանության ուժերին» (YPG), որոնք կազմում են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը: PKK-ն համարվում է «ահաբեկչական» խմբավորում Թուրքիայում, ԱՄՆ-ում և Եվրամիությունում, սակայն SDF-ին, ի թիվս այլոց, աջակցում է ԱՄՆ-ն ԻԼԻՊ-ի (ISIS) դեմ պայքարի շրջանակներում: Փողոցներում տեղադրված տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես է կինը թողնում պայթուցիկով պայուսակը և արագ հեռանում դեպքի վայրից։ Ենթադրյալ ահաբեկիչը, որը սիրիացի (Դեյր-էզ-Զորից) արաբ է, խոստովանել է, որ նախքան մահաբեր հարձակումն իրականացնելը երկու ամիս մարզվել է YPG-ի կողմից սիրիական Մանբիջ քաղաքում, որը թուրքական նախատեսվող ռազմական գործողության մեկ այլ թիրախ է:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հարձակումն իրականացնելու հրամանը տրվել է Քոբանիից։ PKK-ն հերքել է իր մասնակցությունը պայթյունին։ Խմբավորման ներկայացուցիչներն ասել են, որ իրենք «ուղղակիորեն չեն հարվածի խաղաղ բնակչությանը»: Իսկ PKK-ի կողմնակիցները կարծում են, որ Անկարան կօգտագործի ռմբակոծությունը՝ արդարացնելու իր երկար սպասված ռազմական արշավը Քոբանիում։
Միաժամանակ երկուշաբթի՝ կեսօրին, թուրքական Քարքամիշ քաղաքը հրթիռային հարձակման է ենթարկվել Սիրիայի քուրդ զինյալների կողմից։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն «CNN Turk»-ին ասել է, որ հարձակումն իրականացրել են PKK-ի ներկայացուցիչները, ինչի հետևանքով սպանվել է Թուրքիայի 3 քաղաքացի, այդ թվում՝ 1 երեխա։
«Մենք շարունակում ենք օդային օպերացիան և մեզ համար ամենահարմար պահին ցամաքային ուժեր կկիրառենք ահաբեկիչների դեմ»,- խորհրդարանում ունեցած ելույթում ասել է Ռ. Թ. Էրդողանը։
YPG-ի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատար Մազլում Աբդին «Al-Monitor» լրատվական կայքին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ իր հայրենի քաղաքը՝ Քոբանին, կլինի ցանկացած ցամաքային հարձակման «իսկական թիրախը», որը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Թուրքիայի համար։ Նա նաև քննադատել է Ռուսաստանի և Վաշինգտոնի «թույլ արձագանքը» թուրքական օդային հարվածներին։
Աբդին հայտարարել է, որ «Թուրքիայի կառավարությունն օգտագործում է Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը որպես պատրվակ՝ հարձակվելու «Սիրիայի դեմոկրատական ուժերի» վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա», և պահանջել է միջազգային հետաքննություն անցկացնել այս պայթյունի հանգամանքների բացահայտման համար։ Նա հավելել է, որ մինչ Թուրքիան պատրաստվում է այս հարձակմանը, իրենք նույնպես պատրաստ են դրանով զբաղվելու, և եթե նման հարձակում իրականացվի, ապա լայնածավալ պատերազմ կսկսվի, սակայն իրենք չեն ցանկանում, որ տարածաշրջանում լարվածությունը սրվի, և ռազմական գործողություններ իրականացվեն։
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատարը նաև հայտարարել է. «Թուրքիայի կառավարությունը վճռական է ցամաքային ռազմական գործողություններ իրականացնելու հարցում, և եթե այդ հարցում միջազգային վճռական դիրքորոշում չլինի, Թուրքիան ավելի լայնածավալ հարձակումներ կսկսի։ Սիրիան Արաբական միության մի մասն է, և Թուրքիան փորձում է ավելի շատ տարածքներ գրավել Սիրիայից, և արաբական երկրները պետք է հստակ ու վճռական դիրքորոշումներ ունենան այս հարցում»։
«Ճանկ-սուր» օպերացիան առանձնանում է նախկինում իրականացված գործողություններից ոչ միայն ռազմական բնույթով, այլև մի շարք տնտեսական գործոններով։ 2017-2018 թթ. Թուրքիայի գործողությունները տարբերվում էին մասշտաբներով, կենտրոնացած էին տարածքների օկուպացիայի վրա, որոնցից ամենանշանակալին, անկասկած, Աֆրինի լեռնային շրջանն էր։
Անկարայի տարածքային պահանջները ժամանակին հիմնված էին Մանբիջ փոքրիկ քաղաքի ձեռքբերման վրա, սակայն տարածքային հարցը մի քանի տարի չկարողանալով հօգուտ իրեն լուծել՝ Թուրքիան փոխեց իր հռետորաբանությունը՝ անցնելով, այսպես կոչված, նոր տարբերակի քննարկմանը, ինչն էլ ենթադրում է «Ադանայի դաշնագիր» և այդ տարածքներում Քրդստանի աշխատավորական կուսակցության և իշխող ուժերի դեմ ռազմական գործողություններ՝ հրետանային և օդային հարվածների տեսքով։
Վերջին գործողությունների հիմնական ռազմական թիրախներ դարձան նավթավերամշակման և եկամտի աղբյուր հանդիսացող քաղաքները։ Նոյեմբերի 24-ի գիշերը թուրքական ավիացիան ավելի քան տասը հարված է հասցրել Հասակա և Դեյր-էզ-Զոր նահանգներում նավթի արդյունահանման և վերամշակման օբյեկտներին։ Ըստ էության, Սիրիայի հարավ-արևելքի հումքային ենթակառուցվածքի մնացորդները մի քանի տարի եղել են և՛ գայթակղիչ, և՛ կապող օղակ ողջ տարածաշրջանի տարբեր ուժերի միջև։ Իսկ այն, որ Թուրքիան որոշեց հարվածել հենց այդ հանգույցին, ցույց է տալիս թե՛ Անկարայի մտադրությունների խորությունը, թե՛ ռազմաքաղաքական հայեցակարգի փոփոխությունն այդ ուղղությամբ, քանի որ երկու դեպքում էլ ԱՄՆ-ն էր պատասխանատու այդ ենթակառուցվածքի անվտանգության համար։ Սիրիական նավթը պատմականորեն համաշխարհային շուկաներում գնագոյացման կարևոր գործոն չի եղել, սակայն գազի արդյունահանման հետ ամբողջությամբ ծածկել է Սիրիայի ազգային տնտեսության կարիքները և ապահովել արտահանման եկամուտներ։
Ըստ որոշ լրատվականների՝ նոյեմբերի 23-ին սիրիական նավթագազային օբյեկտների վրա թուրքական կործանիչների և անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով 12 նավթավերամշակման գործարան է խոցվել։ Հարակից մի շարք դաշտերում հրդեհներ են բռնկվել։ Հրթիռային հարվածների հետևանքով Ղամիշլիում զոհվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության բարձրաստիճան հրամանատար Ռեզան Գելոն։ Հարձակման թիրախ է դարձել նաև Ալ-Խոլ ճամբարը, որտեղ էին ապաստանել ԻՊ զինյալների ընտանիքների անդամները։ Հաղորդվում է, որ փախուստի փորձի ժամանակ 6 մարդ ձերբակալվել է։
Թուրքական զինված ուժերի գործողությունները Սիրիայի հյուսիսում և Իրաքում դեռևս շարունակվում են, և այս պահին դրանց ավարտի նախանշաններ չկան։ Էրդողանի վարչակազմը դիտարկում է հարևան պետությունների տարածքներում գործողությունների ցամաքային փուլին անցնելու տարբերակները։ Թուրքիան ակնկալում է, որ ռազմաօդային գործողությունները դեկտեմբերին կավարտվեն, որից հետո թուրքամետ ուժերի աջակցությամբ լայնածավալ ցամաքային արշավ կսկսի Սիրիայում և Իրաքում։
Թուրքիայի հարավում բուֆերային գոտի ստեղծելու և իրենց տարածքն ապահովելու թուրքերի ցանկությունը հղի է տարածաշրջանն ապակայունացնելու և այլ վտանգներով, ինչը պայմանավորված է ոչ միայն քրդական կազմավորումների միջև եղած հակասությամբ, այլև իսլամական պետության զինյալների ակտիվացմամբ։
Նարե Գևորգյան