կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-23 12:40
Աշխարհ

Սիրիայի շուրջ զարգացումները մտել են նոր փուլ. Ռուբեն Սաֆրաստյան

Սիրիայի շուրջ զարգացումները մտել են նոր փուլ. Ռուբեն Սաֆրաստյան

Սիրիայի շուրջ զարգացումները մտել են նոր փուլ` հետպատերազմյան, խաղաղ փուլ. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` անդրադառնալով Սիրիայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Նա միևնույն ժամանակ նշեց, որ դեռ վաղ է կանխատեսումներ անել` արդյո՞ք խաղաղ կարգավորման գործընթացը հաջողությամբ կավարտվի, թեև հույսեր կան: Այդ հույսերը Սաֆրաստյանը պայմանավորեց մի քանի հանգամանքներով:

«Աստանայի գործընթացը հնարավորություն է տվել, որ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի գործադրած ջանքերը Սիրիայում կարող են հաջողությամբ պսակվել: Այդ գործընթացով Սիրիայի տարածքը համարյա ամբողջությամբ ազատագրվեց ԻՊ-ից»,- ասաց նա:

Երկրորդ դրական գործոնը, ըստ Սաֆրաստյանի, այն է, որ խաղաղ կարգավորման գործընթացը պետք է տեղի ունենա ոչ միայն այս երեք երկրների ձևաչափով, այլ` ՄԱԿ-ի անմիջական ղեկավարության ներքո:

Բացի այդ` բանախոսը նշեց, որ նախապատրաստվում են Սիրիայի ազգային երկկխոսության կոնգրես կազմակերպել, որին պետք է մասնակցեն բոլոր այն ուժերը, որոնք շահագրգռված են, որ Սիրիան մնա որպես միասնական պետություն: «Այս կոնգրեսը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերին, եթե հաջողվի, ապա խաղաղ կարգավորման գործընթացն ավելի հստակ կգնա առաջ»,- ասաց նա:

Սաֆրաստյանը նաև շեշտեց, որ դա շատ դժվար խնդիր է, քանի որ կան նաև բացասական գործոններ: «Տարբեր ուժեր, որոնք ներգրավված են Սիրիայի ճգնաժամի մեջ, ունեն իրարամերժ շահեր և ձգտումներ»,- ասաց նա` օրինակ բերելով Թուրքիան:  

«Թուրքիան նպատակ է դրել տապալել Ասադին և թույլ չտալ քրդերին` ակտիվանալ այդտեղ: Թուրքիան ավելի շատ կենտրոնանում է քրդական խնդրի վրա, Թուրքիայի պահանջն այն է, որ քրդական տարածքները կառավարող քաղաքական ուժը չմասնակցի երկկխոսության կոնգրեսին: Սաուդյան Արաբիան ևս չի ցանկանում, որ Ասադը մասնակցի այդ կոնգրեսին: Իսկ ահա Իրանը, որ ռեալ ուժ է Սիրիայում, պահանջում է, որ Սիրիայից դուրս բերվեն այն օտար ուժերը, որոնք գտնվում են Սիրիայի տարածքում` չունենալով սիրիական կառավարության հրավերը: Դա վերաբերում է ամերիկյան հատուկ ուժերի ներկայացուցիչներին»,- բացատրեց Սաֆրաստյանը:

Նա հավելեց, որ, հաշվի առնելով բարդությունը, համոզված չէ, որ այս գործընթացը կունենա հաջող ընթացք: «Պետք է սպասել` արդյո՞ք կհաջողվի այս երկխոսության  կոնգրեսը Սոչիում հրավիրել, թե՞ ոչ»,- եզրափակեց Սաֆրաստյանը: