կարևոր
3682 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-01 11:00
Քաղաքական

Քաղաքական կռնատը․ Ավինյանին անգլիական թագուհի դարձնելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»

Քաղաքական կռնատը․ Ավինյանին անգլիական թագուհի դարձնելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում բարձր պաշտոնների դերաբաշխումից ոչ պակաս գործընթաց է սկսվել` դերաբաշխում են, թե ով ինչ ոլորտ է համակարգելու, որ փոխքաղաքապետն ինչ լծակներ եւ որ ոլորտներն է տնօրինելու։ Այդ քննարկումներից եւ պաշտոնների բաշխման գործընթացից հաստատվում են մեր լուրերը՝ ինչպեսեւ սպասվում էր, Նիկոլ Փաշինյանը որոշել է Տիգրան Ավինյանին հնարավորինս զրկել քաղաքական լծակներից եւ կանխել նրա հետագա ուժեղացումը։

Դեռեւս անցած շաբաթ հայտնի դարձավ, որ փոխքաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը կզբաղեցնի Փաշինյանի հավատարիմ զինակից Արմեն Փամբուխչյանը: ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, ով իր գործունեության ընթացքում հասավ այն բանին, որ Արմեն Երիցյանի ստեղծած նախարարությունը դարձրեց բոլորովին անպիտան եւ լուծարման ենթակա կառույց, մի բանում է հաջողել` Նիկոլ Փաշինյանին հավատարիմ ծառայելով, եւ այդ պատճառով էլ, չնայած նրան չվստահվեց ՆԳ նախարարի պաշտոնը, սակայն նրան այժմ տեսնում են որպես Ավինյանին ֆորսմաժորային փոխարինող։

Բանն այն է, որ քաղաքապետի 5 տեղակալներից միայն առաջին տեղակալը կարող է պահել ավագանու մանդատը, մյուսները պետք է հրաժարվեն մանդատից: Իսկ եթե Ավինյանը հրաժարական տա, ապա միայն մանդատ ունեցող ավագանու անդամը կարող է նրա փոխարեն ընտրվել քաղաքապետ: Եվ քանի որ Հայկ Մարությանին հեռացնելուց հետո ՔՊ-ն կանգնեց փաստի առաջ եւ ստիպված եղավ Հրաչյա Սարգսյան ընտրել ու մեկ տարի էլ այդ «փորձությամբ» անցնել, դասեր քաղեցին այդ ամենից եւ այս անգամ իրենց վստահելի մեկին «փոխանորդ» պատրաստեցին էն գլխից: Որքան էլ Տիգրան Ավինյանը դեմ էր, որ Փամբուխչյանը շտաբի պետ, ապա առաջին փոխքաղաքապետ նշանակվի, եւ ամեն ինչ անում էր, որ նշանակվի իր մտերիմ Լեւոն Հովհաննիսյանը, սակայն Փաշինյանը ոչ միայն այդ ցանկությունը չկատարեց, այլեւ Ավինյանին զրկեց քաղաքական հենարանից. իր մտերիմ  փոխքաղաքապետերին` Գեւորգ Սիմոնյանին ու Սմբատ Մաչյանին էլ թույլ չտվեց վերանշանակել իրենց պաշտոններին։ Մի տրոյական ձի էլ հայտնվեց Ավինյանի շրջապատում` «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Սարգիս Մադաթյանը, ով հայտնի չէ, թե ինչ դեր է ստանձնելու քաղաքապետարանում` իր անփորձությամբ: Ի դեպ, մեր աղբյուրն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն Ավինյանից պահանջել է նախկին փոխքաղաքապետերին որեւէ պաշտոնի չնշանակել, քանի դեռ նրանց քրեական գործերով դատավճիռներ չեն կայացվել։

Վերադառնանք դերաբաշխումներին․ մեր տեղեկություններով՝ որքան էլ Ավինյանը դիմադրել է, սակայն թաղապետերի կուրացիան դրվել է Արմեն Փամբուխչյանի վրա, ինչը եւս քաղաքական մեծ լծակ է` վերահսկողություն վարչական ղեկավարների նկատմամբ։ Սա քաղաքական աբսուրդի ժանրից է, երբ քաղաքապետն անձամբ չի զբաղվելու վարչական շրջանների ղեկավարների գործունեության կանոնակարգմամբ, սակայն պետք է նշել, որ արատավոր այս ավանդույթը հիմնել է հենց Տիգրան Ավինյանը, երբ մոտ երկու տարի առաջ գործուղվեց քաղաքապետարան, որ պատրաստվի ավագանու ընտրություններին, եւ իր ձեռքը վերցրեց վարչական շրջանների կառավարումը: Հիմա, կարելի է ասել՝ նա իր լարած թակարդում է հայտնվել։

Ֆինանսական բլոկն էլ առաջին անգամ համակարգելու է ոչ թե փոխքաղաքապետերից որեւէ մեկը, այլ՝ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը, ինչը երկրորդ աբսուրդն է, քանի որ աշխատակազմի քարտուղարը քաղծառայող է, մինչդեռ ֆինանսները, այն է՝ բյուջեն, քաղաքական փաստաթուղթ է համարվում։ Մինչեւ ընտրությունները այդ ոլորտի պատասխանատուն Լեւոն Հովհաննիսյանն էր, ով ներկայում էլ փոխքաղաքապետ է, սակայն, ըստ ամենայնի, փաշինյանական թեւում անվստահություն ունեն Ավինյանի մտերիմների նկատմամբ եւ ընտրել են, այսպես կոչված, չարյաց փոքրագույնը: Աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն այժմ Շավարշ Գրիգորյանն է, ով Ավինյանին օտար մարդ չէ։ Ինչ վերաբերում է Լեւոն Հովհաննիսյանին, ապա շինբարեկարգման եւ կրթության ոլորտներն է վստահվել նրա վերահսկողությանը։ ՔՊ-ական մյուս փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը կպահպանի իր ազդեցությունը գովազդի, առեւտրի ոլորտների եւ  իրավական բլոկի նկատմամբ։

Իսկ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության քվոտայով Երեւանի փոխքաղաքապետ դարձած Սարգիս Մադաթյանը՝ Խուճուճ Էդոյի եղբորորդին, կհամակարգի առողջապահական ոլորտը. նրա կուրացիայի տակ են լինելու հիվանդանոցները, պոլիկլինիկաները եւ մյուս բուժհաստատությունները։

Քաղաքական առումով Ավինյանին կռնատ դարձնելու դիմաց, որպես կոմպենսացիա, նրան են թողել ամենաեկամտաբեր ոլորտներից երկուսը՝ շինթույլտվությունները եւ քաղաքի կանաչապատման համակարգը։
Առաջիկա օրերին էլ կսկսվի թաղապետերի նշանակումը, ԿԸՀ-ից երեկ տեղեկացանք, որ «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամներից երկուսը մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել, խոսքը Ռոմիկ Մխիթարյանի մասին է, որը նշանակվելու է Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ, Տիգրան Տեր-Մարգարյանը Նոր Նորքի թաղապետացուն է, իսկ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի թեկնածու Ալբերտ Հովասափյանն ավագանու ցուցակում 38-րդն է եւ կարող է բացարկ չհայտնել, որովհետեւ մանդատ չի ստացել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում