կարևոր
2839 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-12 13:47
Քաղաքական

Որևէ բան իշխանությունը չի արել Արցախի համար․ Արթուր Խաչատրյան

Ադրբեջանական սադրանքները շարունակվում են։  Սա իրենց հերթական փորձն է քաղաքական, ռազմական, բարոյական, հոգեբանական ճնշում գործադրել Արցախի ժողոովրդի նկատմամաբ, որպեսզի Արցախի ժողովուրդը համակերպվի պարտության հետ։ Այս մասին Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Կարծում եմ իրենք արցախցիներին լավ չեն ճանաչում, այս 30 տարվա իրենց պարտությունը իրենց այդքան էլ դաս չեղավ, բայց և այնպես, որպեսզի մենք կարողանանք պահել Արցախը, Հայաստանը չի կարող նման կրավորական մոտեցում ցուցաբերի, կարծես թե խոսքը գնում է Կոնգոյի հանրապետության և Կոնգոյի դեմոկրատական հանրապետության հարաբերություններին, այլ ոչ թե Արցախին և ադրբեջանական ագրեսորներին։ Ասում են «տերովին տերն է տարել, անտերին՝ գելերը», չենք կարող մենք մեր հայրենակիցներին թողենք անտեր, միայնակ Ադրբեջանի դեմ։ Հայաստանը միշտ ունեցել է այդ հանձնառությունը հանդես գալ, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, և այդ հանձնառությունը երբևիցե որևէ մեկը Հայաստանի ուսերի վրայից չի վերցրել։ Ես հասկանում եմ, որ կառաջանան հարցեր, բա դա ռուսական պատասխանատվության գոտի է, և այլն, եթե ուշադիր նայենք, նոյեմբերի 9-ի այդ խայտառակ փաստաթղթով Հայաստանը ձեռքերը չի լվացել, պետք է լինեն ռուսական խաղաղապահ ուժեր, բայց դա չէր նշանակում, որ ՀՀ-ն պետք է ձեռքերը լվանա և հրաժարվի իր հանձնառությունից։ Եթե ՀՀ իշխանությունները հույսը դնում են բացառապես ռուս խաղաղապահների վրա, ապա պետք է հասկանան իրավիճակը, որը ստեղծվել է։ Որոշ իշխանական պատգամավորներ Զելենսկու ելույթի ժամանակ չպետք է ոտնկայս ծափահարեն, ինչպես գրվել է մամուլում։ Եթե ՀԱՊԿ-ը , որի անվտանգային համակարգի անդամ ենք մենք, առաջարկում է ռազմատեխնիկական աջակցություն, չպետք է կամակոր երեխայի նման ոտքերը խփել, ու ասել, չէ մենք քաղաքական հայտարարություն ենք ուզում։ Այ դա պետք չէ անել, պետք է անել այն, ինչ-որ արվում էր, որպեսզի ապահովվեր Արցախի անվտանգությունը, Արցախի ժողովրդի անվտանգությունը, ինքնորոշման իրավունքը, սեփական պետություն ունենալու իրավունքը»,-ասաց նա։

Հարցին, թե Հայաստանի իշխանությունը ինչ պետք է անի այս փուլում, պատգամավորը նշեց․

«Իսկ Հայաստանի իշխանությունները ընդհանրապես ի՞նչ էր արել այն ժամանակ, երբ եղավ նման առաջին դեպքը։ Եթե Հայաստանի իշխանությունները մի քիչ ակտիվ լինեին, դիմեին միջազգային հանրությանը, պահանջեին ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, այս երկրորդ կրկնողությունը  չէր լինի, և սա էլ, վստահեցնում եմ, երկրորդը և վերջինը չի լինելու։ Հիմա Արցախում ավելի ցուրտ է քան՝ Երևանում, այս իշխանությունները գիետին, իրենք էին  ստորագրել, որ նոր ճանապարհ պետք է լինի, որով Հայաստանը պետք է միացվեր Արցախին, ճանապարհը միայն ավտոմոբիլային ճանապարհ չէր, այդ ճանապարհով էր անցնում գազը, հոսանքը, ինտերնետը։ Ի՞նչ են արել, որ դա անցներ նոր ճանաապրհով։ Չեն արել որևէ բան, հիմա ասում եք, իսկ ինչ պետք է  անեին։ Պետք էր կանխատեսել թշնամու գործողությունները, պետք է հասկանալ, որ ինչքան հետ ես գնում, դրանով չես փակում նրա ախորժակը, հակառակը՝ ավելի ես գրգռում։ Ինչ-որ անում են, եթե անեն դրա 180 աստիճանով հակառակը, ավելի լավ կլինի»,- նշեց ընդդիմադիր գործիչը։

Նրա խոսքով՝ փաստ է, որ արցախցիները բռունցքվել են, պատ են կազմել, և չեն թողել մտնել, և ադրբեջանցիները հետ են գնացել․ «Եթե դուք Երևանից գնաք Ստեփանակերտ, ճանապարհին կտեսնեք նաև ադրբեջանական պետհամարանիշներով մեքենաներ։ Պետք է այնպես անել, որ ադրբեջանցիների մուտքը դեպի Արցախ սահմանափակվի։ Ռուս խաղապահների մանդատը նոյեմբերի 9-ի համաձայնությունների պահպանումն է, որտեղ չկա որևէ բառ, որ քաղաքացիական անձը, որը իրենից վտանգ է ներկայացնում, մեքենան կանգնեցրել և իջել է։ Այսինքն , երբ ստորագրվել էր այդ փաստաթուղթը, Նիկոլ Փաշինյանը այդ հարցը քննարկե՞լ է Ադրբեջանի հետ, երեք կողմերով  քննարկել են, թե ոչ, եթե չեն քննարկել, և նման արգելք չկա, ապա հիմա ինչի մասին խոսենք»,- ասաց նա։