Արցախյան շարժումը ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է սկսել, ո՛չ էլ նրա քաղաքական հետևորդները. որևէ մեկը չի կարող Արցախի ժողովրդին արգելել պայքարել իր իրավունքների համար։ «ABC մեդիայի» հետ զրույցում այս մասին ասաց Արցախյան շարժման 38–ամյակի առթիվ Եռաբլուր այցելած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Սա ուղղակի շարժում չէր, այլ պայքար էր հայ ժողովրդի իրավունքների համար, իրական սիրո ու համերաշխության հեղափոխություն էր։ Այն սկիզբ դրեց ՀՀ կերտման շարժմանը, սա մեր 3–րդ հանրապետության ծառի արմատն էր։ Եթե ոմանք փորձում են կտրել, չորացնել ծառի արմատը, իրենք կչորացնեն ամբողջ ծառը»,– ընդգծեց նա։
Ըստ պատգամավորի` եթե Փաշինյանը դեմ է խոսում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքներին, դա նշանակում է, որ արդարացնում է Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը, ցեղասպանությունը։
«Եթե գործող իշխանությունը սպառնում, խաբում, շանտաժի է ենթարկում ժողովրդին, թե դա կբերի պատերազմ, դա նշանակում է` խաչ ես քաշում միջազգային իրավունքի վրա։ Խոնարհաբար ուրիշի յաթաղանի տակ գլուխ դնող ազգը կործանվում է, իսկ Արցախյան շարժման խորհուրդը մեզ ասում է` պայքարող ազգը, որը չի հանդուրժում իր նկատմամբ ստորացումները, բռնությունները, ճնշումները, հաղթում է։ Այս իշխանությունները տանում են ապազգայնացման։ Ամեն դեպքում ես լիահույս եմ, որ հաղթանակի դրոշը մեր երկրում բաձրացվելու է»,– հայտարարեց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Արցախյան շարժումը հայտնի է նաև «Ղարաբաղյան շարժում» անվամբ։ 1988 թ. փետրվարյան օրերին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստով սկիզբ դրվեց Արցախի՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու գործընթացին, որին հաջորդեցին համաժողովրդական ցույցերը Երևանում և Ստեփանակերտում։ Փետրվարի 20–ը նշվում է որպես հայ ժողովրդի միասնության, ազատության և արժանապատվության համար մղված պայքարի օր:
Մանրամասն ՝տեսանյութում: