կարևոր
3928 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-23 19:37
Աշխարհ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրով հեռուստամարաթոնը կկայանա նոյեմբերի 24-ին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրով հեռուստամարաթոնը կկայանա նոյեմբերի 24-ին

Նոյեմբերի 24-ին` ժամը 17:00-ին, Հայաստանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագիրը կրող հեռուստամարաթոնը: Այս մասին տեղեկացնում են «Հայաստան» համահայակական հիմնադրամից:
 
«Նոյեմբերի 24-ին` ժամը 17:00–ին, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության ուղիղ եթերով դիտեք Հիմնադրամի «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագիրը կրող ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ 2022–ը:
 
Ձեր նվիրաբերությամբ միացե՛ք և աջակցե՛ք Հիմնադրամի մարդասիրական ծրագրերին՝ նպաստելով մեր Հայրենիքի բազմաթիվ համայնքների կենսունակ զարգացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
 
Հիմնադրամի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն՝ 2022-23 թթ.-ին Հիմնադրամի և նրա աշխարհասփյուռ ցանցի ջանքերն ուղղվելու են հայրենիքի համայնքների կայուն զարգացմանը՝ ենթակառուցվածքների, բնակարանաշինական, առողջապահական, կրթական, սոցիալական, վերականգնվող էներգիայի, մշակութային և այլ ծրագրերին:
 
Նվիրաբերությունները հնարավոր է կատարել կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի առցանց հարթակում:
 
Հիմնադրվելով 1992 թվականին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է մնալ եզակի մի կառույց, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին և աշխարհի հայերին, իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումը ապահովող ծրագրեր։
 
Հիմնադրման օրվանից ի վեր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում և Արցախում իրականացրել է շուրջ 1300 խոշոր ծրագիր ենթակառուցվածքների, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում։ Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության շնորհիվ։
 
Հիմնադրամի իրականացրած ծրագրերի շրջանակներում հայկական զույգ պետություններում կառուցվել և շարունակվում են կառուցվել կենսական նշանակություն ունեցող ճանապարհներ, ջրամատակարարման համակարգեր, գազատարներ, բնակելի տներ, բազմաբնակարան շենքեր, դպրոցներ ու մանկապարտեզներ, առողջապահական ու մարզամշակութային հաստատություններ, ինչպես նաև իրականացվել են բազմաթիվ կթրամշակութային ծրագրեր:
 
Այսօր էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է իր մեծ ներդրումն ունենալ Արցախի հետպատերազմյան վերականգնման ու պատերազմի հետևանքները թոթափելու գործում: