կարևոր
4666 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-15 13:03
Սփյուռք

Երեկ Բեյրութում գումարվեց ՀՅԴ ուղեկից միությունների խորհրդաժողով

Երեկ Բեյրութում գումարվեց ՀՅԴ ուղեկից միությունների խորհրդաժողով

2022 թ. նոյեմբերի 14-ին Բեյրութում գումարվեց ՀՅԴ ուղեկից միությունների խորհրդաժողովը: Խորհրդաժողովը հրավիրող ՀՅԴ բարձրագույն մարմնից բացի, ժողովին մասնակցում էին Համազգային հայ կրթական և մշակութային միության, Հայ օգնության միության, Հայ մարմնակրթական ընդհանուր միության վարչությունները, ինչպես նաև ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի ներկայացուցիչը:

Մինչև քննարկելիք օրակարգային հարցերին անցնելը Ուղեկից միությունների կողմից ներկայացվեցին ընդհանուր զեկույցներ՝ իրականացված աշխատանքների, ինչպես և առաջիկա գործունեության վերաբերյալ: Խորհրդաժողովի քննարկումների առանցքային հարցերից մեկը դարձավ երիտասարդության թեման: Ներկաները կարևորեցին երիտասարդության ներգրավումը պատասխանատու աշխատանքներում՝ որպես կարևոր պայման միությունների գործունեությանը նոր ավիշ հաղորդելու, ազգային ապագայի համար գործիչների նոր սերնդի կայանալու համար:

Կարևորվեց միությունների գործունեության ձևերի և մեթոդների արդիականացման խնդիրը՝ ինչը հնարավորություն կընձեռի ոչ միայն քայլ պահելու և լսելի լինելու, այլև հետապնդած նպատակների գիտակցությամբ հայրենակիցներին վարակելու համար: Կարևորվեց քարոզչական մեթոդների և աշխատանքների արդիականացումն ու կատարելագործումը, առանց որոնց, ոչ միայն հնարավոր չէ հանրությանը պատշաճ կերպով ներկայացնել իրականացվող աշխատանքները, այլև արդյունավետորեն ծառայեցնել դրանք ազգային նպատակներին:

Խորհրդաժողովը կարևորեց միությունների աշխատանքների համադրմումը՝ բազմաթիվ ազգանպաստ նախաձեռնությունների ծրագրման և իրականացման նպատակով:

Խորհրդաժողովի քննարկումների միջով կարմիր թելի պես անցնում էր հայոց զույգ պետության ներկա վիճակից բխող անելիքների հարցը: Ժողովականները համոզված էին, որ այսօրվա տագնապալի իրողությունները, ոչ թե կրավորականության պետք է մատնեն, այլ պետք է մղեն առավել եռանդուն գործունեության՝ այն գիտակցությամբ, որ որպես ուրույն ճակատի զինվորներ Դաշնակցության միություններն ու միութենականները ունեն կարևոր առաքելություն:

Ըստ քննարկումների՝ որդեգրված նպատակի և գործի ճանապարհով պետք է հետապնդել ազգային առողջ ուժերի համախմբումը, ինչը միայն կարող է լավագույն գրավականը հանդիսանալ ազգային և պետական ճգնաժամերը հաղթահարելու ճանապարհին:

Կարևորությամբ շեշտվեց, որ ազգային մշակույթը, կրթությունն ու բարեգործությունը, ինչպես և ազգային գործի մեջ ներգրավված գիտակից ու հայրենանվեր երիտասարդության առկայությունը լավագույն պայմանն են, որոնք ամեն տեսակի բաժանարարները վերացնելով կարող են ծառայել ազգային ինքնագիտակցության արթնացումի և ազգի համախմբման գործին:

Մեկ անգամ ևս արժևորելով կատարված աշխատանքը՝ խորհրդաժողովը վերահաստատեց Դաշնակցության ուղեկից միությունների ազգանվեր գործունեությունը անվարան շարունակելու, հայության անժամանցելի տեսլականներին նոր թափով և անսակարկ ծառայելու հանձնառությունը:

ՀՅԴ ՈՒՂԵԿԻՑ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

14. 11. 2022