Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համագումարի հրավերն ուղղարկված էր ամբողջ քաղաքական սպեկտրին` խորհրդարանական երեք կուսակցություններին, մի շարք արտախորհրդարանական կուսակցությունների և բազմաթիվ հասարակական գործիչների. այսօր գումարված «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարին լրագրողների հետ զրույցում նշեց կուսակցության անդամ Ավետիք Չալաբյանը:
Նրա խոսքով «Ազգային օրակարգ» կուսակցությունը արտախորհրդարանական կուսակցություն է և թեպետ դիրքավորվում է եղած իշխանությանը որպես ընդդիմություն, սակայն դա չի նշանակում, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում իրենք շարունակելու են ընդդիմություն լինել:
Չալաբյանի խոսքով դա կախված է նրանից, թե ընտրողը իրենց ինչ քվե կտա. «Մեր նպատակն է ի վերջո գալ իշխանության և իրականացնել մեր քաղաքական ծրագիրը, սակայն մենք չենք սպասելու, որ դառնանք իշխանություն, մենք մեր քաղաքական ծրագիրը սկսելու ենք իրականացնել լինելով նաև ընդդիմություն»:
Ավետիք Չալաբյանը մատնանշեց, որ կուսակցությունը ստեղծվել է 2018թ. դեկտեմբերին և իրենք հանդես են եկել իրենց հռչակագրով, ներկայացրել են իրենց առաքելությունը, տեսլականը, սկզբունքները և կոչ են արել համակիրներին միանալ իրենց:
«Այն գաղափարական մոտեցումները, որ մենք ներկայացնում ենք շատ մարդկանց համար հոգեհարազատ են և կարևոր: Մենք ստեղծում ենք ազգային աջակենտրոն կուսակցություն: Ազգային, որը նշանակում է, որ հիմքում դա ազգային պետության կառուցումն է, և աջակենտրոն` նշանակում է, որ մեր համար կարևոր են առաքինությունը, կրթությունը, աշխատանքը և այդ ամենի միջոցով բարեկեցիկ երկրի, բարեկեցիկ տնտեսության կառուցումը, և ամեն ընտանիքում սոցիալական արդարության, համերաշխության հաստատումը», - նշեց նա:
Չալաբյանի խոսքով իրենք նախկին իշխանությունից այնքան հեռավորության վրա են, որքան ներկայիս իշխանությունից. «Մենք կհամագործակցենք այն կուսակցությունների հետ, որոնք հստակ ազգային ուղղվածություն ունեն»:
Համագումարին ողջույնի խոսքով հանդես եկան «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր անդամ Արա Հակոբյանը, ՀՀ հանրային խորհրդի նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Ռուդիկ Հյուսնունցը:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելայնն իր ողջույնի խոսքում անդրադարձավ նաև ներքաղաքական իրավիճակին. «Երկրի քաղաքական իշխանությունը որդեգրել է մի վարքագիծ, որի արդյունքում երկրում գնալով խորանում է ներազգային անհամերաշխության անդունդը, թունավորվում է երկրի հոգեբարոյական մթնոլորտը։ Գիտակցաբար, թե՝ ոչ, արշավանք է սանձազերծվել մեր ինքնությունն ամբողջացնող և կերտող արժեքների նկատմամբ։ Իշխանությունը գործադրության մեջ է դրել ռեպրեսիվ մի գործիքակազմ՝ խախտելով իրավական, բարոյական հնարավոր բոլոր կարմիր գծերը՝ ներառյալ երկրի սահմանադրական ինստիտուցիոնալ կառույցը։
Սկզբունքների, ռազմավարական ծրագրերի բացակայությունը, գործողությունների և վարքագծի անկանխատեսելիությունը, օտարածին օրակարգերի սպասարկման պատրաստակամությունը վտանգում են և սպառնալիք են ազգային, պետական շահին։
Բնական է, սրանք մարտահրավերների են և միևնույն ժամանակ հանձնառությունների, պատասխանատվությունների լուրջ ու ծանր բեռ նորաստեղծ կուսակցության համար», -նշեց նա:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը հիշատակեց, որ ՀՅԴ-ն հասցրել է նաև «Ազգային օրակարգի» հիմնադիրների հետ գործընկերության դրական փորձ կուտակել. «Մեզ միացնում է Հայոց պետականության նկատմամբ պատասխանատվությունն ու արժեքային ընդհանրությունը, մեզ, իմ կարծիքով, միացնում է նաև մեր պետականության ներկա մարտահրավերները; ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անունից ողջունում եմ «Ազգային Օրակարգ» կուսակցության ծնունդը` համոզումով, որ իբրև քաղաքական ուժ այն հայ կուսակցությունների պատմության մեջ արժանապատիվ էջեր կարձանագրի և իրավամբ կծառայի իր անվանը»,-խոսքը եզրափակեց Իշխան Սաղաթելայնը:
Վազգեն Մանուկյանն իր ելույթում նշեց, որ ճանաչում է այս կուսակցության հիմնադիրներից շատերին, գիտի նրանց անցած ուղին և կարծում է, որ կուսակցությունը կարևոր դեր կկատարի ՀՀ քաղաքական դաշտում:
«Հիմա մի նոր փուլ է սկսվում և ես կարծում եմ առջևում դեռ շարունակվելու է պայքարը իրական ազգային ժողովրդավարական պետություն կառուցելու, կառուցելու պետություն, որը ժամանակակից է արդիական է, բայց միևնույն ժամանակ խարսխված է մեր ազգային արժեքների վրա և դատարկ դաշտը լցվելու է նոր և հզոր կուսակցություններով, և ես կարծում եմ, որ սա այդ կուսակցություններից մեկն է», -նշեց ՀՀ հանրային խորհրդի նախագահը:
Վազգեն Մանուկյանի խոսքով քաղաքականությունն անընդհատ պայքար է, և ինքն այս կուսակցությունը ստեղծող մարդկանց մեջ տեսնում է պայքարող մարդկանց. «Պայքարի ժամանակ քո մոտ առաջանում են հակառակորդներ, շատ հզոր պետք է լինես որ թույնով և ատելությամբ չլցվես հակառակորդների նկատմամբ: Եվ եթե մի օր դուք գաք իշխանության Ձեզ մյուս վտանգն է սպառնում. դուք կկարծեք, թե ամնեախելոքն եք, ամենակարողն եք և քանի որ դուք մտածում եք պետության, ժողովրդի մասին, ապա կարող եք երբեմն օրենքները խախտելով դա անեք և վերցնեք բանաձևը, որ նպատակն արդարացնում է միջոցը», - նշեց նա:
«Ազգային օրակարգ» կուսակցությունն ըստ սահմանված օրակարգի ընտրեց հաշվիչ հանձնաժողովի կազմ, որին հաջորդեց Ավետիք Չալաբյանի կողմից կուսակցության քաղաքական ծրագրի ու կանոնադրության ներկայացումը:
Ավելի ուշ Կուսակցությունը կընտրի կուսակցության խորհրդի նախագահ և կհաստատի կուսակցության տեղական կառույցները:
Նարա Մարտիրոսյան