կարևոր
2761 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-18 13:05
Քաղաքական

Հալեպում գումարվեց ՀՅԴ Հայ Դատի Միջին Արեւելքի հանձնախմբերի խորհրդաժողովը

Հալեպում գումարվեց ՀՅԴ Հայ Դատի Միջին Արեւելքի հանձնախմբերի խորհրդաժողովը

Ապրիլի 16-17ը  Հալեպում գումարվեց ՀՅԴ Հայ դատի Միջին Արեւելքի հանձնախմբերի խորհրդաժողով, ներկայացվեցին շրջանների աշխատանքների վերաբերյալ զեկույցներ, Միջին Արեւելքում Հայ Դատի հետապնդման ուղղությամբ մարտահրավերները եւ առաջարկվեցին լուծումներ՝ դիմագրավելու մատնանշված խնդիրները։

Խորհրդաժողովին մասնակցում էին Հայ Դատի Միջին Արեւելքի գրասենյակի (Բեյրութ) տնօրեն Վերա Յաղուբյանը, Իրանի (երկու շրջաններից), Լիբանանի, Սիրիայի եւ արաբական մի շարք երկրներում գործող Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներ, ՀՅԴ կառույցի տարածաշրջանի մարմինների եւ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ, հրավիրյալ պատասխանատու ընկերներ։ ՀՅԴ Բյուրոյից ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ եւ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Երկօրյա խորհրդաժողովը

Ա) Զեկույցներ եւ լուսաբանություններ ստացավ Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում եւ նրանց շուրջ տեղի ունեցող, ինչպես նաեւ Հայ դատի աշխատանքներին առնչվող Միջին Արեւելքում աշխարհաքաղաքական զարգացումների մասին։
Բ) Զեկույցներ եւ լուսաբանություններ ստացավ Հայ Դատի Կենտրոնական եւ Միջին Արեւելքի գրասենյակների, ինչպես նաեւ առանձին երկրներում անցած մեկ տարվա ընթացքում Հայ Դատի հանձնախմբերի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ։
Գ) Ներկայացված «Հայ Դատի աշխատանքներին առնչվող աշխարհաքաղաքական զարգացումները Միջին Արեւելքում» խորագրով զեկույցից հետո ծավալեց քննարկում։
Դ) Քննարկեց «Միջին Արեւելքի Հայ դատի աշխատանքների քաղաքական առաջնահերթություններն ու գործունեության հիմնական ուղղություններն արտաքին եւ ներքին ճակատներում» ընդհանուր թեման՝ եզրակացություններ անելով հետեւյալ հարցերի շուրջ․

– Ցեղասպանության ճանաչում, հատուցումներ, Հայաստան-Թուրքիա, հայ-թուրքական հարաբերություններ, Թուրքիայի հակահայ քաղաքականություն եւ այլն.
– Արցախի ինքնորոշման իրավունք, Ադրբեջանի հակահայ քաղաքականություն եւ այլն։
Ե) Քննարկեց եւ բանաձեւեց առաջարկներ «Ընդհանուր մարտահրավերներ, մարդուժի խնդիր, գրասենյակներ-շրջաններ կապ» նյութի շուրջ։

Սպառելով օրակարգի հարցերը՝ խորհրդաժողովը փակվեց հյուրընկալ շրջանի եւ Հայ Դատի Միջին Արեւելքի ու Կենտրոնական գրասենյակների պատասխանատուների խոսքերով։

 

Հ.Յ.Դ. Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակ

17 Ապրիլ 2023