կարևոր
3091 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-02 13:19
Քաղաքական

Պառակտում են համահայկականությունը, քանի որ այն խոչընդոտ է իրենց թուրքամետ գործունեությանը․ Կյուրեղյան

Պառակտում են համահայկականությունը, քանի որ այն խոչընդոտ է իրենց թուրքամետ գործունեությանը․ Կյուրեղյան

Պետությունը պետք է տեսլական ձևավորի՝ սփյուռքի ներուժը բացահայտելու և այն մաքսիմալ արդյունավետ օգտագործելու համար․ իշխող կուսակցության առանցքային կերպարներից մեկի՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանի խոսքերն են Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում։

Տպավորություն է, որ չկա հայկական Սփյուռքի հետ աշխատելու փորձ, երբևէ չի եղել համագործակցության որևէ ձևաչափ, և նոր-նոր պիտի ձևավորենք կառույցներ՝ համահայկական ցանցային աշխատանք կատարելու համար։ Համաշխարհային գագաթնաժողովի աշխատանքի սկզբունքային փոփոխությունների և դրանց նպատակների մասին Oragir.News-ի հարցերին է պատասխանել ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը։ 

«Մենք տեսանք, որ այս գագաթնաժողովի կազմակերպումն անգամ այս իշխանությունները սկսեցին իրենց զրոյական կետից՝ կարծես թե ոչինչ մինչ այս չկար։ Սփյուռքում գործող ոչ մի կազմակերպության չհրավիրեցին․ եթե նույնիսկ հրավիրեցին, ապա միայն՝ որպես անհատներ։ Կաթողիկոսների՝ իրենց մերժելն էլ վկայեց, որ իրենք արարողակարգային ոչ մի կանոնի չէին հետևել։ Նրանք ամեն ինչ սկսում են անել քանդելով, և այս հարցում էլ են սկսել՝ քանդելով»,- ասաց նա։

Կյուրեղյանը զուգահեռներ անցկացրեց Արցախյան հարցի՝ զրոյական կետից սկսելու և համահայկական ցանց զրոյից ձևավորելու նախաձեռնությունների միջև․ «Ինչպես եկան, Արցախի բանակցություններում հայտարարեցին, որ սկսում են իրենց զրոյական կետից, և այսօր փաստացի հայտարարում են՝ Արցախն Ադրբեջան է, այդպես էլ փաստացի համահայկական գագաթնաժողովի կազմակերպումն են սկսում իրենց զրոյական կետից։ Հրավիրում են միայն իրենց սրտակից մարդկանց, հայտարարում են, թե համահայկական ներուժը պիտի օգտագործվի․ կներեք, իսկ մինչ այս համահայկական ներուժի կիրառման ոչ մի փաստ չե՞նք ունեցել։ ՀՅԴ գրասենյակները գիշեր-ցերեկ աշխատանք են տարել։ Ցեղասպանության ճանաչման ու բազմաթիվ այլ ուղղություններով հայանպաստ աշխատանքը տասնամյակների աշխատանք է։ Իրենց թվում է՝ իրենք եկել են, այ հիմա մի բան են անելու»։ 

Այս ամենն անգիտությա՞ն արդյունք է, թե՞ հենց սա է այս իշխանության աշխատանքի սկզբունքը՝ հարցին ի պատասխան Կյուրեղյանը նշեց․ «Միամտություն է կարծել, թե սա անգիտության, անկարողության արդյունք է։ Սա ծրագրավորված է՝ ամեն ինչ քանդելու, պետականամետությունը, պետականաշինությունը վերացնելու համար։ Ոչ մի չմտածված քայլ չկա։ Սա մտադրված քանդման ծրագիր է»։

Կյուրեղյանի խոսքով՝ համահայկական գագաթնաժողովը մշտապես ապահովել է Սփյուռքի բազմաթիվ կառույցների մասնակցությունը, որոնք մարդկային, գիտական, ֆինանսական մեծ ներուժ ունեցող կառույցներ են, քաղաքական մեծ փորձով։ «Այս ամենը չօգտագործելն արդեն իսկ աբսուրդ է։ Այդ կառույցներն, ի վերջո, միջազգային, տարբեր երկրների ղեկավարների, իշխանությունների հետ հարաբերություններում կարևորել են Ցեղասպանության ճանաչման գործընթացը, Արցախի ինքնորոշման իրավունքի՝ առաջնահերթորեն ընդունման հարցը։ Սփյուռքն ամեն ինչ արել է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը դառնա առաջնային, առավել բարձր, քան՝ տարածքային ամբողջականության իրավունքը։ Բայց սրանք եկան, քանդեցին, տեղերով փոխեցին։ Երբ այս ղեկավարը եկավ ու հայտարարեց՝ Արցախը Հայաստան է և վերջ, նա դիտավորությամբ բարձրացրեց տարածքային ամբողջականության իրավունքն ինքնորոշման իրավունքից։ Սա պատահական չէր։ Մեր երեսուն տարվա աշխատանքը միտված էր դրան, և ազգերի ինքնորոշման իրավունքն ավելի բարձր էր դիտվում։ Դա ամենամեծ ժառանգությունն էր։ Եվ մեկ արտահայտությամբ ի չիք դարձրին»։ 

Ի՞նչ վտանգներ կարող է այս մոտեցումը կրել, երբ Սփյուռքի խնդիրն է դրվում զրոյական կետից։ «Համահայկականությունը հզոր ներուժ է, և համահայկականությունն է, որ կարողացել է պահել Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքի առաջնայնությունը։ Այս համահայկականությունը մեծ դժվարություն է առաջացնում իրենց համար՝ տարածքային ամբողջականությունը՝ որպես առաջնային սկզբունք բերելու համար։ Համահայկականությունն իրենց համար խոչընդոտ է թուրքամետ գործունեություն ծավալելու համար»,- ասաց Կյուրեղյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունները համահայկականության դեմ են պայքարում, և ամեն ինչ անում են համահայկականությունը թուլացնելու, սասանելու, պառակտելու համար, որպեսզի իրենց գործունեության համար լուրջ խոչընդոտներ չունենան։