կարևոր
2896 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-17 15:57
Հասարակություն

«Թաղամասերը վերացել են, եկեղեցիները՝ ոչնչացվել»

«Թաղամասերը վերացել են, եկեղեցիները՝ ոչնչացվել»

Իշխան Էրդինչ

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավոր Կարո Փայլանը Անատոլիայում (Արևմտյան Հայաստանում-Ակունքի խմբ) շարունակում է իր մշակութային ժառանգության շրջագայություններն ու ուսումնասիրությունները։ Փայլանը, ով մոտիկից ուսումնասիրել է Վանի, Մուշի եւ Բիթլիսի (Բաղեշի-Ակունքի խմբ) եկեղեցիներն ու վանքերը, անհետացման վտանգի տակ գտնվող հուշարձանների համար ահազանգել է Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարություն։ Դիարբեքիրում նմանատիպ ճամփորդություն կատարած Փայլանն իր դիտարկումներով կիսվել է «Ակօսի» հետ։

Փայլանը հայտնել է, որ քաղաքը պայքարում է իր պատմական դիմագիծը պահպանելու համար, և որ պատմական տները վերացվել են կառավարության կողմից։

Ընդգծելով, թե Անատոլիան քաղաքակրթությունների բնօրրանն է եւ հիշեցնելով, որ Դիարբեքիրը նշանավոր կենտրոն է, Փայլանն ասել է.

«Անատոլիան և Միջագետքը այն վայրերն են, որտեղ ձևավորվել են առաջին նստակյաց հանրությունները։ Դիարբեքիրն այս առումով նույնպես շատ կարևոր կենտրոն է։ Հազարամյակների պատմություն ունի։ Տեսանք քարանձավային տներ, որտեղ ապրել են նեոլիթյան դարաշրջանի մեր նախնիները: Տեսանք նաև բետոնե կոնստրուկցիա։ Ցավոք, տեսանք նաև շինարարություն, որն անարգանք է այս քաղաքակրթության հանդեպ։ Այլ քաղաքակրթություններից մնացած բազմաթիվ շինություններ էլ տեանք: Ուսումնասիրեցինք եկեղեցիներն ու վանքերը, և տեսանք, որ դրանց մեծ մասն ավերված է, իսկ կանգուն մնացածները կործանման եզրին են գտնվում։ Փորձեցինք դրա վրա սևեռել հանրության ուշադրությունը։ Այս իրազեկումը սկսել ենք Մուշում, Բիթլիսում և Վանում: Դիարբեքիրում մեր արած դիտարկումները բերում ենք ԹԱՄԺ-ի ու Մշակույթի և զբոսաշրջության նախարարության օրակարգ»։

«Բետոնե տները դավաճանություն են Դիարբեքիրին»

Հայտնելով, որ Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) ղեկավարներից մեկը պալատ է կառուցել Դիարբեքիրի Գյոբեքլիթեփե անվամբ հայտնի անձավային քաղաքում՝ Փայլանը ասել է. «Սա մեծ անփութություն է», ապա՝ հավելել.

«Չերմիքի (Ջերմուկում-Ակունքի խմբ) և Չյունգյուշի հին բնակավայրերն ավերվել են։ Եկեղեցու մնացած ավերակները անհետանալու եզրին են։ Թողնված են գանձ որոնողների ողորմածությանը, ոչ մի պաշտպանություն չկա։ Իսկ Սուրը՝ Դիարբեքիրի սիրտը, ամենաակնառու կետն է։ Մոտ օրերս Դիարբեքիրում մշակութային փառատոն կանցկացվի։ «Մշակութային ուղի» են ասում, բայց բետոնե ճանապարհ է։ Նրանք, ովքեր ասում էին, թե «Դիարբեքիրը Տոլեդո կդարձնենք», քաղաքը գետնին են հավասարեցրել։ Պատմական տներն ավերել են և վրան բետոնե տուն կառուցել։ Բետոնե տների վրա էլ քարեր են շարել։ Սակայն այդ բետոնե տները դավաճանություն են Դիարբեքիրի պատմության հանդեպ։ Նեղ փողոցների փոխարեն 15 մետրանոց բուլվարներ բացելը դավաճանություն է. Որոշ վայրեր վերականգնվել են, սակայն Դիարբեքիրի ընդհանուր տեսքն խաթարվել է։ Այսօր, եթե 30 տարի առաջ Դիարբեքիրից հեռացած հայը գա քաղաք, կտեսնի, որ իր մանկությունից ոչինչ չի մնացել ու մեծ ցավ կապրիի։ Ես էլ այդ տխրությունն ապրեցի։ Ես պայքարում եմ Սուրի հին տեսքի վերականգնման համար: Դիարբեքիրի Սուրը մեր 5000-ամյա նախնիներից մեզ մնացած ժառանգություն է։ Այս հիշատակը հարգելու և այս ժառանգությունը պաշտպանելու համար ես հարցը կբերեմ ԹԱՄԺ-ի օրակարգ»։

«Սուրի շրջակայքում ոչինչ չի մնացել»

Նշելով, որ հիմնադրամի ղեկավարությունը ջանքեր է գործադրել Սուրբ Սարգիս եկեղեցու վերականգնման համար, Փայլանը նշել է, որ այնուհանդերձ Սուրի պատմական կառույցը քանդվել է.

«Սուրբ Սարգիս եկեղեցին մեծ մասամբ ավերվել է, վերականգնման ծրագիր ունի։ Եկեղեցու վերականգնման համար հիմնադրամի ղեկավարությունը լուրջ պայքար է տանում: Հարցը միայն եկեղեցու վերականգնումը չէ: Սուրբ Կիրակոս եկեղեցին է կառուցվել, շատ ուրախ եմ դրա համար։ Այս պահին գործում է: Բայց եկեղեցու մոտակայքում, Սուրի շրջակայքում ոչինչ չի մնացել։ Այդ կառուցվածքից բան չի մնացել: Որպես արդյունք՝ թուրքերը, քրդերը, հայերը և ասորիները հազարամյակներ շարունակ այնտեղ ստեղծել են ընդհանուր քաղաքակրթություն: Եկեղեցիները գոյություն ունեն իրենց թաղամասերով։ Եթե ​​եկեղեցու մոտակա թաղամասը քանդվում է, ապա այդ եկեղեցին մնում է զուտ խորհրդանշական։ Պետք է պահպանել եկեղեցու շրջակայքի այն թաղամասի կառուցվածքը, որտեղ ապրում են հայեր, ասորիներ և քրդեր։ Ներկայում այդ պաշտպանությունը չկա: Սուրբ Սարգիս եկեղեցու վերականգնման համար էլ ենք պայքարելու: Եկեղեցու հետ միասին ամեն ինչ անում ենք, որ պահպանվի դրա շուրջ եղած կառուցվածքը»։

«Ինչպե՞ս կարող է սինագոգը լինել մասնավոր սեփականություն»:

Փայլանը, ով ուշադիր զննել է Դիարբեքիրի Չերմիք շրջանի սինագոգը, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ շենքը դարձել է մասնավոր սեփականություն.

«Մարդիկ շատ քիչ բան գիտեն Անատոլիայում հրեաների գոյության մասին։ Գուցե նրանք, ովքեր այս ժառանգությանը տեր են, ժամանակ առ ժամանակ դա բերում են օրակարգ, բայց Անատոլիայում հրեաների ապրելու մասին այնքան էլ շատ հայտնի չէ: Այնուամենայնիվ, հրեաներն ապրում էին Անատոլիայի շատ վայրերում, ինչպես, օրինակ, Դիարբեքիրում։ Դիարբեքիրի Չերմիկ թաղամասում շատ նշանակալից հրեա բնակչություն կար, եւ նրանք շատ գեղեցիկ սինագոգ էին կառուցել։ Բայց հիմա այդ սինագոգը որբացած վիճակում է և քանդվելու վրա է։ Օգտագործվում է որպես պահեստ՝ մի քանի տախտակներով փորձելով ոտքի վրա պահել։ Եթե ​​ցնցում լինի, կքանդվի։ Այս սինագոգի պահպանման համար հարցում եմ ներկայացրել Մշակույթի և զբոսաշրջության նախարարություն։ Բայց իմ ելույթներին պատասխանում են, թե «Պարոն, սա մասնավոր սեփականություն է։ Մենք ոչինչ չենք կարող անել»։ Բայց դա անընդունելի է։ Ինչպե՞ս կարող է սինագոգը լինել մասնավոր սեփականություն: Ինչպես մզկիթը չի կարող մասնավոր սեփականություն լինել, այնպես էլ սինագոգը: Դրանք մշակութային արժեքներ են և պաշտամունքի վայրեր: Դա անընդունելի է ժողովրդավարական երկրում։ Անմիջապես օտարման կոչ արեցի և առաջարկեցի այն վերականգնել ու հանձնել համապատասխան համայնքին։ Այս պայքարը շարունակելու եմ նաեւ ԹԱՄԺ-ում»։

Կոչ հանրությանը

Կարո Փայլանն ասաց, որ հայկական համայնքը ևս պետք է պատասխանատվություն ստանձնի պատմական շինությունների պահպանման համար եւ կոչ արեց.

«Չնայած բոլոր երկրաշարժերին ու գանձագողերին, Չյունգյուշի Սիրահայաց Սուրբ Աստվածածին վանքը դեռ կանգուն է։ Դիմացել է ձմռանը՝ ձյանը, իսկ ամռանը՝ բարձր ջերմաստիճանին։ Դեռևս ամուր կանգնած է: Անհավանական քարի աշխատանք է կատարվել: Հայ քարագործ վարպետների կառուցած այդ հոյակապ եկեղեցիներն ու վանքերը դեմ են դուրս գալիս ժամանակին: Բայց արդեն հոգնել են։ Այս հարցում պետք է պատասխանատվություն ստանձնել։ Նախ և առաջ Մշակույթի նախարարությունը պետք է պատասխանատվություն կրի: Սակայն մենք՝ հայերս էլ պետք է պատասխանատու լինենք։ Մենք պետք է ավելի շատ պայքարենք՝ պաշտպանելու այն մշակութային արժեքները, որոնք ստեղծել են մեր նախնիները։ Ես էլ եմ ձեռիցս եկածը անում: Որպես աշխարհասփյուռ հայություն՝ մենք պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնենք մշակութային արժեքների պաշտպանության համար»։

https://www.agos.com.tr/tr/yazi/27631/mahalleler-kalmadi-kiliseler-yok-oluyor

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net