Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղ ունեցած պայթյունն աննախադեպ էր, թե իր ուժգնությամբ, թե հասցրած ավերածություններով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ ներկայացնելով վերջին մանրամասները:
«Շատ հզոր պայթյուն էր: Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում այսպիսի պայթյուն չէր որոտացել: Սրա ուժգնությունը հզոր երկրաշարժի հետ են համեմատում: Շուրջ 80 հոգի զոհվել է (խմբ. զոհերի թիվը գերազանցել է 100-ը): Շուրջ 4 հազար մարդ վիրավորվել է, որոնց մեջ հարյուրավոր հայեր կան: Այս պահին չեմ կարող ասել, թե քանիսի կյանքին է վտանգ սպառնում: Միայն կարող եմ ասել, որ իրավիճակը ծանր է»,-ասաց Շահան Գանտահարյանը:
Նա տեղեկացրեց, որ երկրի կառավարությունը արտակարգ իրավիճակ է հայտարարում: Խոսվում էր նաև Բեյրութը որպես աղետի գոտի հայտարարելու մասին: Վերջին ժամերին տարբեր երկրներ իրենց պատրաստակամությունն են հայտնել հումանիտար օժանդակություն ցուցաբերելու համար:
«Հայահոծ թաղամասերը զգալի նյութական վնասներ են կրել: Վնասվել են թե բնակելի տները, թե համայնքային կառույցները: «Ազդակ»-ի գրասենյակը ևս մեծ վնասներ է կրել՝ ապակիները կոտրվել են, դռները պոկվել են, գույքը, տեխնիկան վնասվել է: Մեզ մոտ տեղակայված ռադիոկայանը, կուսակցական գասենյակները, բոլորը ենթարկվել են ծանր նյութական վնասների: Երկրում շատ ծանր է իրավիճակը թե սոցիալական, թե տնտեսական առումով, առավել ևս կորոնավիրուսի պայմաններում: Հիվանդանոցները գերհագեցած են, եղել են վիրահատություններ առանց ցավազրկելու»,-ասաց Շահան Գանտահարյանը:
«Ազդակ»-ի խմբագիրը տեղեկացրեց, որ պայթյունի հետ կապված տարբեր վարկածներ են քննարկվում: Փաստն այն է, որ նավահանգստում պահվող պայթուցիկ նյութերը պայթել են: Թե որնէ եղել պատճառը, դեռ հայտնի չէ, հետաքննություն է լինելու:
Աննա Գզիրյան