կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-03 11:10
Հասարակություն

Վանում հայկական թաղամասերը ռմբակոծվել են. 300 տուն մոխիր է դարձնել, 500-600 մարդ է սպանվել

Վանում հայկական թաղամասերը ռմբակոծվել  են. 300 տուն մոխիր է դարձնել, 500-600 մարդ է սպանվել

Աղբյուրը՝ armeniangenocide100

 

Ղևոնդ եպիսկոպոս Դուրյանի վկայությունը

1915 թ.,Կիլիկիա

 

Կիլիկիայի Բուլղարահայ  թեմի առաջնորդ Ղևոնդ եպիսկոպոս Դուրյանը Գևորգ Ե կաթողիկոսին ուղղված նամակում նկարագրում է, թե Պոլսում ինչ հայասպան քաղաքականություն է վարում թուրքական կառավարությունը: Համիդյան շրջանի նմանությամբ ամենուր ավերածություն է, բանտարկություններ, կողոպուտ, սպանություններ: Վանում հայկական թաղամասերը ռմբակոծվել են. 300 տուն մոխիր է դարձնել, 500-600 մարդ է սպանվել: Զեյթունի և շրջակայքի հայությունը ամբողջովին տեղահանվել է: Եպիսկոպոսը մտահոգվում է, որ վտանգված  է հայի գոյությունը:


11 հունիսի 1915 թ.


Ֆիլիպե

 

Վեհափառ Սրբազան Հայրապետ

 

Թուրք կառավարութեան Հայաջինջ և մահաբեր քաղաքականութեան հետևանօք ի Պոլիս և ի գաւառս մերազնէից կրած աննախընթաց և ցաւագին տառապանքներու և տեղի ունեցած աւերումներու մանրամասնութիւները Կ.Պոլսէն ամէնաստոյգ աղբիւրէ գաղտնի միջոցով ստացած ըլլալով, յատկապէս խնդրուած է մեզմէ հաղորդել բառ առ բառ Ձերդ Վեհափառութեան սոյն մանրամասնութիւնները և հայցել օժանդակութիւն և դարման առաջքը առնելու համար սոյն հայահալած համատարած մեծ վտանգին:

 

«Թուրքիոյ հայութիւնը դարերէ ի վեր չտեսնուած տագնապ կ՚անցընէ այժմ: Համիտական շրջանին ստուեր բերող շրջանի մը մԷջ կը գտնուինք, բանտարկութիւնով, կողոպուտով, գիւղերուն աւերումով, սպանութիւնով հայաբնակ բոլոր գաւառներու մէջ, և ընդհանուր կոտորածներու փոխարէն ընդհանուր տարագրումներ:

 

Ապրիլի սկիզբը Վանի դեպքերը տեղի ունեցաւ, որ առիթ տուաւ կառավարութեան քաղաքին հայ թաղերը ռմբակոծելով, 300 տունի չափ մոխիր դարձնելու և 5-600 մարդ սպաննելու: Քիչ յետոյ տեղի ունեցաւ այդ քաղաքին ռուսական գրաւումր և հայոց ձեռքով տեղի իսլամներէն ոմանց կոտորումը: Այս դէպքերուն մանրամասնութիւնները ծանօթ չեն մեզի, սակայն ապրիլ 10-էն ետքը կառավարութեան քաղաքականութեան փոփոխումին և հայոց հանդէպ ի գործ դրած խստութեանց պատճառը Վանի մէջ հայոց այդպիսի րնթացք ունենալն է՝ պատասխանուեցաւ նախարարներէն: Այդ թուականին, կեդրոնէն տրուած հրամանի մր վրայ Թուրքիոյ ամէն կողմը խուզարկուեցան բազմաթիւ հայոց տուներ, չխնայելով նոյն իսկ Առաջնորդարան, եկեղեցի և վարժարան: Հազարաւոր անձեր ձերբակալուեցան զէնք, վնասակար գիրք, պատկեր և այլն ունենալուն պատճառաւ:

 

Ասկէ զատ, առանց որոշ յանցանքի գրեթէ ամէն քաղաքէ և գիւղէ իսլամաբնակ վայրեր աքսորւեցան հազարաւոր հայեր, եկեղեցականներ, մտաւորականներ, հարուստներ և կուսակցականներ, կամ անոնց հետ շփում ունեցող անհատներ: Պոլիսէն 250-է աւելի անձեր աքսորուեցան Չանղըրի (Գասթեմունիի նահանգ) և Այաշ ( Գաղաթիա), բայց գաւառներուն աքսորականները աւելի շատ են թուով, Պոլսոյ հետ բաղդատելով: Ասիկա որոշ ծրագրի մը արդիւնք է, հայութիւնը նախ զինաթափ ընել և գլխաւորները աքսորելով ահաբեկել, ապա ազգը ամբողջովին փճացնել: 20-45 տարեկանները արդէն զէնքի տակ են. միւսները այս կերպով չէզոքացնելէ յետոյ մնացած կիներուն և փոքրիկներուն գլխուն եղերերգութիւն մը խաղալ: Այս եղերերգութիւնը կամ դժոխային ծրագիրը հետևեալն է. Հայկական Խնդիրը միանգամ ընդմիշտ վերջացնելու համար հայաբնակ վեց նահանգներուն հայութիւնը մեծ մասամբ դէպի հարաւ փոխադրել, Միջագետքի այն մասը, որ կը գտնուի Հալէպի և Մուսուլի միջև, և ուր կը բնակին այժմ արաբ և քիւրտ աշիրաթներ:


Այս ծրագիրը գործադրելու պաշտօն ունեցող յանձնաժողովը արդէն ընտրուած և ճամբայ ելած է և կը կարծենք, թէ եթէ ժողովուրդին տեղափոխումը չէ սկսած տակաւին, շատ քիչ օրէն պիտի սկսի, թէև կը կարծենք, թէ Վանայ ոչ-գրաւեալ տեղերուն և Բաղէշի հայ բնակչութիւնը սկսած են արդէն ճամբայ հանել: Այլ ևս երևակայեցէք, թէ ի՞նչ պիտի ըլլայ անոնց վիճակը, քանի որ ոչ միայն իրենց կալուածները պիտի ձգեն, այլ և իրենց ցանքերն և բոլոր գոյքերը: Անշուշտ, քանի մը ամսուան մէկ պիտի կոտորուին անօթութեան և անընտել կլիմայի երեսէն: Օրինակը մեր աչքին առջև է արդէն: Զէյթունի և շրջակայից հայութիւնը, ինչպէս անշուշտ իմացած էք, այժմ ամբողջովին տեղափոխուած է, մէկ մասը Հալէպէն անդին Զօր[ի] գաւառը և միւս մասը (իբր 1000 ընտանիք) Գոնիայի Աուլթանիէ գիւղաքաղաքը, ուր կը մնան այսօր մերկ, անօթի և այլն: Տեղը ճահճախուտ ըլլալով, համաճարակ հիւանդութիւնները արդէն սկսած են կոտորածներ ընել անոնց մէջ: Ասոնց հետ յարաբերութեան [մէջ] մտնելու կամ անոնց օգնութիւն հասցնելու համար մեր ըրած բոլոր դիմումները անլսելի կը մնան ցարդ: Իսկ անոնց գիւղերն ու կալուածներն արդէն սկսած են յանձնուիլ իսլամներու յատուկ յանձնաժողովի մը ձեռամբ»:

 

ԱՀա՛, Վեհափառ Տէ՛ր, մեզ հասած գրութեան կարևոր մասին ամբողջութիւնը: Խորհեցէ՛ք, թէ այս հայաջինջ քաղաքականութիւնը որքան ծանր պիտի կշռէ մեզի և որչափ պիտի վտանգե մեր ազգին գոյութիւնը: Պոլսոյ մէջ Պատրիարքարանին բոլոր միջոցները սպառուած են, անոր դիմումները անլսելի կը մնան: Մայրաքաղաքի դեսպաններէն միայն ամերիկական և պուլկարական դեսպաններն են, որ հայերով կը զբաղին, սակայն կարծես չեն բաւեր վտանգը հեռացնելու, ցորչափ թուրք կառավարութիւնը վարողներուն վրայ ճնշիչ միջոց մը չգործադրուի:

 

Սոյն ստոյգ աղբիւրէն ստացուած տեղեկութիւնները Նորին Վսեմութիւն Պօղոս Նուպար փաշայի ևս այսօրուան թղթատարով հաղորդած ըլլալով մեր կողմէ ի գիտութիւն, Ձերդ Վեհափառութեան այս պարագան կը տեղեկացնենք:

 

ՀԱԱ, ֆ. 57, ց. 5, գ. 96, թթ. 26-30, բնագիր, ձեռագիր:


Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 2, Բիթլիսի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 301 -303: