կարևոր
4873 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-17 14:33
Հասարակություն

Երկու ամերիկահայեր 100 միլիոն դոլար են նվիրել

Երկու ամերիկահայեր 100 միլիոն դոլար են նվիրել

«Կարապետ պէյ Երեմեան։ Ծնած է 1838 թուին։ Բարեկազմ, սեւ աչքերով, սեւ ընքուիներով մարդ մըն է։

Մզկիթ մը շինել տուած է»։

Անմահանուն Հակոբ Պարոնյանի Ազգային ջոջերից այս ջոջը դեռ կենդանի է հայոց մեջ եւ մեռնելու նպատակ չունի։ Այս պարագայում մեկ ջոջ չէ, երկու ջոջ է, մեկը բժիշկ, մյուսը՝ կլարինետիստ։ Մեկի անունը դոկտոր Արամ Չոբանյան է, մյուսինը՝ Էդուըրդ Ավետիսյան։ Բժիշկը բավական հայտնի սրտաբան է, կլարինետիստը՝ հայտնի անծանոթ։ Նրանք վաղեմի ընկերներ են։ Որոշել են Ամերիկայում իրենց վաստակած գումարներից 100 միլիոն դոլար հատկացնել-նվիրել Բոստոնի համալսարանի (Boston University) բժշկական դպրոցին կամ բաժանմունքին։ Գումարի կեսը՝ 50 մլն դոլար հատկացվելու է կարիքավոր ուսանողների ֆոնդին, մնացյալը՝ համալսարանում գիտության զարգացմանը եւ կրթական մակարդակի բարձրացմանը։

Արամ Չոբանյան

Համալսարանի տնօրեն Ռոբերտ Բրաունը շնորհակալությամբ ընդունել է նվերը եւ հաստատել, որ համալսարանի պատմության մեջ այս նվիրատվությունը աննախադեպ պիտի մնա։ Նա հայտարարել է, որ այսուհետեւ դպրոցը անվանվելու է «Արամ Չոբանյան եւ Էդուըրդ Ավետիսյան բժշկական համալսարան»։

Էդուըրդ Ավետիսյան

«Պայքար» շաբաթաթերթը, որի հոկտեմբերի 9-ի համարից ենք քաղում լուրը, տեղեկացնում է նաեւ, որ բժիշկ Չոբանյանը մի շրջան եղել է նույն բժշկական համալսարանի պատվո նախագահը, իսկ կլարինետիստ Ավետիսյանը մաս է կազմել «Բոստոն Փափս» եւ «Բոստոն բալետ» նվագախմբերին։ Այլ խոսքով, «սեւ աչքերով» եւ արդեն ճերմակած մազերով հայանուն այս մարդկանց նվիրատվությունը, որը «Պայքար»ի խմբագրությունը որակել է… «իշխանական», պետք է համարել երախտագիտական արտահայտություն։ Երախտագիտություն՝ օտա՛ր հաստատության հանդեպ։ «Մզկիթ մը շինել տուած են»։

Հիմա՝ իմ հարցումը. քանի՞ միլիոն դոլար է պետք Հայաստանում բարձր տեխնոլոգիական զինատեսակների արտադրություն ստեղծելու համար։

Աղբյուրը` Ազգ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ