կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-10 16:39
Առանց Կատեգորիա

100 միլիոն դոլար` չխեղդվելու համար

100 միլիոն դոլար` չխեղդվելու համար

Հայաստանի միջազգային պահուստները, տարեսկզբի համեմատ, նվազում են ոչ թե կրիայի քայլերով, այլ կայծակնային արագությամբ, նվազումն էլ մի քանի միլիոն դոլարի մասին չէ: Տարին սկսել էինք՝ ունենալով 2.2 միլիարդ դոլար միջազգային պահուստ, իսկ 9 ամիս անց միջազգային պահուստների քաշն ընկել է մոտավորապես 0.5 միլիարդ դոլարով: Սա, իհարկե, լավ օրից չէ:

 

Միջազգային պահուստների նվազումն առաջին հերթին խոսում է այն մասին, որ Հայաստանում արտարժույթ սկսում է ավելի քիչ մտնել: Ճիշտ է, դոլարը մեզնից երես է թեքում, բայց դրանից մեր պարտավորությունները դրսում չեն պակասում` ինչպես պարտքերի մեջ խրված կայինք, այնպես էլ շարունակում ենք մնալ: Ընդունված է համարել, որ միջազգային պահուստները պետք է 5 ամսվա ներմուծման ցուցանիշից նվազ չլինեն, և երբ շարժվում ենք այս տրամաբանությամբ, պարզ է դառնում, որ մենք, հմուտ լողորդ չլինելով, միշտ լողում ենք օվկիանոսի խորքերում՝ ամեն վայրկյան վախը սրտում սպասելով, որ կխեղդվենք, իսկ բռնելու տեղ չենք ունենա:

 

2014 թվականի առաջին 5 ամիսներին մենք Հայաստան ենք ներմուծել 1.7 միլիարդ դոլարի ապրանք, իսկ միջազգային պահուստները նույն այդ ընթացքում կազմել են 1.6 միլիարդ, այսինքն` մեզ միշտ 100 միլիոն դոլարն է փրկում, որպեսզի չխեղդվենք: Վերևում արդեն նշեցինք, որ միջազգային պահուստները նվազում են արտարժույթի դեֆիցիտի պատճառով, իսկ դոլար գալիս է առաջին հերթին արտահանման, ներդրումների և տրանսֆերտների շնորհիվ:

 

Ի՞նչ պատկեր է այստեղ: Նախ` անդրադառնանք տրանսֆերտներին, որտեղ նվազում ենք գրանցել: Առաջին 8 ամիսներին տրանսֆերտները կրճատվել են մոտավորապես 40 միլիոն դոլարով: Երկրորդը արտահանումն է, որտեղ էլ գործերը այնքան լավ չեն: Եթե համեմատում ենք տարեկան կտրվածքով, ապա այս տարվա օգոստոսին, նախորդի համեմատ, արտահանման ծավալը կրճատվել է 10 տոկոսով: Ճիշտ է, 8 ամսվա կտրվածքով 1 տոկոսով արտահանումն ավելացել է, բայց, որ կա աճի տեմպի դանդաղում, և այն իր բացասական ազդեցությունն է թողնում միջազգային պահուստների կրճատման վրա, հայտնի իրողություն է: Վերքի վրա աղ է լցնում ներմուծումը` եթե արտահանման դեպքում արտարժույթը գալիս է Հայաստանը, ապա ներմուծման ընթացքում հակառակ պրոցեսն է, նույն այդ արտարժույթը մեծ հաճույքով լքում է մեր հայրենիքը: Ներմուծումն ավելացել է մոտավորապես 4 տոկոսով:

 

Եկեք չմոռանանք նաև ծեծված թեմա դարձած ներդրումները, որը համարվում է երկիր արտարժույթ բերող հիմնական միջոցներից մեկը, բայց ուրախանալ ներդրումների պատկերով չի ստացվում: Ո՞վ է խելքը հացի հետ կերել, որ հարկային դաշտում անընդմեջ փոխվող խաղի կանոնների պարագայում Հայաստանում լուրջ ներդրումներ կատարի: Մյուս խնդիրների մասին էլ չենք խոսում:

 

Արտարժույթը քիչ է, բայց ծախսելու տեղեր` խելքից դուրս: Առաջին հերթին պետական պարտքի սպասարկման համար հնարավոր է օգտագործվեն միջազգային պահուստները: Առաջին 9 ամիսներին կառավարությունն ու Կենտրոնական բանկը պետական պարտքի մարմանն են ուղղել 100 միլիոն դոլար: Կենտրոնական բանկըն արտարժույթի դեֆիցիտը նվազեցնելու և դրամը կայունացնելու համար, անկասկած, կիրառել է նաև իր սիրելի գործիքը` ինտերվենցիան, որն էլ այս պարագայում կրկին կատարվում է միջազգային պահուստների հաշվին:

 

Սխալ չի լինի ենթադրել նաև, որ արտարժույթի դեֆեցիտ կարող է առաջանալ նաև փողի փախուստի դեպքում: Ամեն ինչ շատ պարզ է` ով ինչքան հնարավորություն ունի, արտարժույթը հեռացնում է Հայաստանից ավելի ապահով վայրեր, քանի որ տնտեսության աճի տեմպն այստեղ ոգևորիչ չէ, իսկ գումար պահելն էլ` ավելի ռիսկային:

 

Այսպիսով` հասկանալի է, որ միջազգային պահուստների նվազումը կապված է համալիր խնդիրների հետ, հետևաբար, եթե ուզում ես Հայաստանի տնտեսության մասին շատ թե քիչ տեղեկություն ստանալ, հայացք կարող ես գցել միջազգային պահուստների վրա և հասկանալ, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չէ:

 

Գևորգ Խաչատրյան