կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-23 21:00
Հասարակություն

Երևանում լույս է տեսել թուրք մտավորականի` Ցեղասպանության մասին գրքի հայերեն թարգմանությունը

Երևանում լույս է տեսել թուրք մտավորականի` Ցեղասպանության մասին գրքի հայերեն թարգմանությունը

Հայաստանում հրատարակվել է գերմանաբնակ թուրք մտավորական Դողան Աքհանլըի «Ահեղ դատաստանի դատավորները» գրքի (թուրք.` “Kıyamet Günü Yargıçları”) հայերեն թարգմանությունը: Գրքի թարգմանիչը և մեկենասն է Սոնա Զաքարյանը: Այն լույս է տեսել «Նոյյան տապան» հրատարակչության կողմից: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` վկայակոչելով Սոնա Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը:

Աղբյուրի համաձայն` սույն գրքի թուրքերեն տարբերակը հրատարակվել էր 1999 թ. Ստամբուլում, «Բելգե» հրատարակչության կողմից: 1998-1999 թթ. թուրքերեն լույս էր տեսել նրա «Անհետացած ծովերը» ընդհանուր վերնագրով եռագրությունը, որը ներառում է «Ծովին սպասելով», «Կակաչների դաշտը», «Ահեղ դատաստանի դատավորները» ստեղծագործությունները:

Նշենք, որ Դողան Աքհանլըն ծնվել է 1957 թ. ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Շավշաթ գավառում: 1985-1987 թթ. նա իր ձախակողմյան հայացքների պատճառով Ստամբուլում ձերբակալվել է որպես ընդդիմադիր և կտտանքների ենթարկվել թուրքական բանտում: 1992 թ. արտագաղթել է Գերմանիա և մինչ օրս ապրում է Քյոլն քաղաքում:

Աքհանլըի վեպերը Թուրքիայում ընդգրկվել են լավագույնների շարքում: 2005 թ. նրա հեղինակած «Տիրամոր վերջին երազը» վեպն արժանացել է «Հյուրիեթի» 2009 թ. մրցանակին: 2005 թ. թուրք գրաքննադատները նրա այս գիրքը դասել են 10 լավագույն վեպերի շարքին:

Աքհանլըն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և իր քաղաքական հայացքների պատճառով երկար տարիներ չէր կարողանում այցելել Թուրքիա: Նա 2005 թ. գտնվել է Հայաստանում: