կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-27 17:20
Մշակույթ

Գառնիի մոտ սրճարանի կառուցման հարցով դատական հայցերի խառնաշփոթ է

Գառնիի մոտ սրճարանի կառուցման հարցով դատական հայցերի խառնաշփոթ է

Գառնու հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցել-չկառուցելու մասին խոսակցությունները դեռ շարունակվում են, և հիմա ուշագրավ մի փաստի առաջ են կանգնել Գառնու գյուղապետն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենը: Բանն այն է, որ Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը դեռ մարտ ամսին, երբ որոշվել էր, որ Գառնու տարածքում պետք է սրճարան կառուցվի, դիմել էր Աբովյանի ոստիկանություն, տեղեկացրել, որ ապօրինի շինարարություն է տեղի ունենում, նաեւ պահանջել էր շինարարությունն իրականացնողներին տուգանել նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Աշոտ Վարդանյանը նշեց` քանի որ սրճարանի կառուցման աշխատանքները դադարեցվել են, որոշել է թողնել անհետևանք և այլևս չտուգանել «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ին:

 

«Նախագահի, վարչապետի հետ ենք խոսել, ու հիմա դադարեցվել են շինարարական աշխատանքները: Այժմ սեղան-նստարաններ են բերել, բայց տեղադրված չեն, բարեկարգման աշխատանքներ են տարվում: Այո, ես որոշել էի տուգանել, բայց քանի որ դադարեցվել են աշխատանքները, որոշեցի, որ այլևս չկա դրա կարիքը: Բայց հիմա իրենք են մտել դատարան, փաստաբան վարձել, թե իմ` իրենց տուգանելու որոշումը սխալ է: Չգիտեմ` ինչ է դրա հետևում թաքնված: Դատարանը թող իր վճիռը կայացնի, ինչ կորոշվի, այդպես էլ կանենք»,- ասաց նա:

 

Վարդանյանը տեղեկացրեց, որ դեռևս դատական նիստ չի կայացել:

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանն էլ հայտնեց, որ Վարդանյանը վարչական դատարան էր դիմել` իրեն 400 000 դրամի չափով տուգանելու պահանջով` պնդելով, թե իրենց գործունեությունն անօրինական է: Պողոսյանը հավաստիացնում է, որ Վարդանյանը պնդում էր, թե համայնքի ղեկավարը կարող է նման հայց ներկայացնել, իրավասու է այդ հարցը բարձրացնել:

 

«Հիմա նա ասում է, թե` վերջ, էլ չի ուզում մեզ տուգանել, բայց դրա համար պետք է իր գրությունը հետ վերցնի և ասի, որ` այո, ես սխալ քայլ եմ արել, իմ քայլը չի համապատասխանում օրենքին, բայց նա նման բան չի անում: Հիմա մենք վարչական դատարան ենք մտել կոնկրետ հայցով` ես ասում եմ, որ ինքն իրավասու չէր նման հայցով դատարան դիմել, և ես վիճարկում եմ իր հայցը»,- ասաց նա:

 

Հարցին, թե այս պահին ի՞նչ աշխատանքներ են կատարվում Գառնիում, և արդյո՞ք չեղյալ է հայտարարվել սրճարանի կառուցման որոշումը, Պողոսյանը պատասխանեց, որ պետք չէ ասել` չեղյալ է հայտարարվել, քանի որ դրա համար կատարման ինչ-որ ժամկետ նախատեսված չէր:

 

«Ովքեր մեր դեմ էին և չէին պատկերացնում` ինչ էինք անում, հիմա հասկացել են, որ դա սրճարան չէ, ինչպես ամպագոռգոռ ասվում էր, այլ հանգստի վայր է լինելու, որն անհրաժեշտ է: Այժմ բարեկարգման աշխատանքներ ենք իրականացնում, տեղադրում ենք նստարաններ»,- ասաց նա: