Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկրում ներքաղաքական ու հասարակական արդէն երեքշաբաթեայ խմորումներն ու անհանգստութիւնները, ի համեմատ դրանց բռնկման առաջին օրերի, այժմ աւելի բաց ենթատեքստերով են լուսաբանւում յատկապէս տեղական ԶԼՄ-ներում: Տարբեր վերլուծական կենտրոններ, անհատ-հեղինակներ եւ փորձագէտ-հասարակագէտներ, երկրում տեղի ունեցող իրադարձութիւնների մասին սեփական մեկնաբանութիւններով, փորձում են, իրենց իսկ ասութեամբ, վերականգնել հասարակական անդորրը՝ տիրական դարձնելու համար երկուստեք հանդուրժողութիւնն ու համերաշխութիւնը:
…«Նոր սերունդը պահանջում է լսելի դարձնել իր ձայնը», «քաղաքացին եւ յատկապէս երիտասարդ-ուսանողը ուզում է, որ յարգւեն իր ազատ ընտրութեան իրաւունքները՝ կենցաղային, ինչպէսեւ հասարակական-մշակութային այլեւայլ ոլորտներում»…, բարձրաձայնում են հասարակագէտները:
Մեր կարծիքով՝ կառավարող-իշխանական համակարգը առաջնահերթօրէն պէտք է դժւարութիւններն ու իր իսկ ասութեամբ՝ հրահրւած մարտահրաւէրները դիմագրաւելու-վերահսկելու գրագէտ նախաձեռնութիւնների դիմի, որպէսզի «Ներքին թէ՛ արտաքին դաւադրութիւններն ու չարաշահումները» բացառելի լինեն:
Ի վերջոյ, ցաւ ի սիրտ, կայ երկուստեք՝ իրաւապահ մարմինների եւ բողոքաւորների շարքերում տասնեակ զոհերի իրողութիւնը: Այս վերջինն ինքնին կարող է նորանոր շահարկումների ու տեղ-տեղ էլ անարդար ճնշումների դուռ բացել յատկապէս այն երկրների պետական-կառավարական շրջանակների կողմից, որտեղ պատկառելի քանակութեամբ առկայ է իրանական սփիւռքը, որի շարքերում էլ, ինչ խօսք՝ աւելի «ազատ ու համարձակ» են աշխատում այսպէս ասած օպոզիցիոն միաւորներն ու խմբակցութիւնները, իրենց տարատեսակ նպատակներով...:
…Եւ ինչպէս միշտ, մենք՝ որպէս հինաւուրց Իրանի բարօրութեամբ նախանձախնդիր ուրոյն համայնք, ցանկանում ենք երկրում միեւնոյն հասարակա-քաղաքական կրքերի հանդարտեցմանը տանող մթնոլորտի ձեւաւորմանը եւ ապա՝ համընդհանուր շահերից բխող ազգային-պետական կայուն առաջընթացի անհրաժեշտ ենթահողի ստեղծմանն ու ամրապնդմանը:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ