կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-23 13:38
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարող եմ կարծիք հայտնել, որ ձեզ հատուկ է մակագրված այս գործը․ Հակոբ Մարտիրոսյանը՝ դատավոր Կարեն Բիշարյանին

Ինչո՞ւ են քրեական հետապնդման մարմինները 2 տարի անգործություն ցուցաբերում և Փաշինյանի հանդեպ առանձին՝ պետական դավաճանության փաստով, գործ չեն հարուցում՝ ըստ Yerkir.am-ի Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը, ով ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ բողոքարկել է Առաջին ատյանի դատարանի որոշումը, որով օրինաչափ էր համարվում, որ Գլխավոր դատախազությունը քրեական գորրծ չի հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ դավաճանության հոդվածով, այլ այդ մասին հաղորդումը բաժանել է երկու մասի ու կցել այլ քործերի։

Բողոքաբերներն այժմ էլ ինքնաբացարկի միջնորդութուն են ներկայացրել Վերաքննիչում գործը քննող դատավոր Կարեն Բիշարյանին՝ հիմնավորելով, որ այդ գործը նրան է մակագրվել ձեռքով՝ համակարգչային ծրագրի մեկուսացման պայմաններում և կա օբյեկտիվ կասկած, որ դա կարող է արված լինել միտումնավոր։

Հակոբ Մարտիրոսյանը վկայակոչեց ՄԻՊ-ի եզրակացությունը, որի համաձայն՝ համակարգչային ծրագրի չգործելու պայմաններում չի պահպանվում ըստ այբբեական հերթականության դատական գործերի բաշխման պահանջը, ինչպես նաև պատահականության սկզբունքը։

«Ես այս ամենը հաշվի առնելով՝ կարող եմ կարծիք հայտնել, որ ձեզ հատուկ է մակագրված այս գործը»,-հայտարարեց Հակոբ Մարտիրոսյանը։

Այս անորոշ վիճակը, ասաց նա, դատարանների նախագահների կողմից գործերը բաշխելու չափանիշների բացակայությունը բացահայտ խոցելի է դարձնում դատարաններին ու դատավորներին՝ կապված արտաքին կամ ներքին միջամտությունների հետ։  

Նշենք, որ Արծվիկ Մինասյանը և Հակոբ Մարտիրոսյանը 2021 թ-ի հունիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրել են հանցագործության մասին հաղորդում առ այն, որ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որոնցով օգնել է Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականցված թշնամական գործունեության արդյունքում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո անցնեն հայկական զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքները, այդ թվում՝ Հադրութի շրջանը և Շուշի քաղաքը, ինչը պաշտոնապես ամրագրվել է 2020թ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի հետ ՀՀ վարչապետ Փաշինյանի ստորագրված հայտարարությամբ։ Բողոքաբերները գտնում են, որ Դատախազությունն անգործություն է ցուցաբերել՝ այս հաղորդման հիման վրա Փաշինյանի հանդեպ դավաճանության հատկանիշներով  քրեական գործ չհարուցելով, այլ հաղորդումը բաժանելով երկու մասի և կցելով այլ գործերի։ Առաջին ատյանի դատարանը, սակայն, գտել է, որ Դատախազությունը անգործություն չի ցուցաբերել․ այս որոշումն էլ Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիորսյանը  վիճարկել են Վերաքննիչ դատարանում։

Մանրամասն՝ տեսանյութում․