կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-18 22:02
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր պահանջների հիմնական մասը Ոստիկանությունը բավարարեց․ Սաղաթելյանը ներկայացրեց հանդիպման արդյունքները

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը և մյուս պատգամավորները դուրս եկան Ոստիկանության կենտրոնական գրասենյակից, որտեղ հանդիպում էին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի և Ոստիկանության ղեկավար կազմի հետ, ու ներկայացրեց մոտ մեկ ժամ տևած հանդիպման արդյունքները՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Դիմադրություն» շարժումը ոստիկանապետի հետ հանդիպում էր պահանջել 3 հիմնական ակնկալիքով․

1․ Պետք է անհապաղ կասեցվի բոլոր այն ոստիկանների լիազորությունները, ովքեր այսօր և երեկ գործել են ապօրինություններ և նրանք բոլորը անուն առ անուն պետք է ենթարկվեն պատասխանատվության,

2․ Պետք է սկսվի իրավական գործընթաց՝ պարզելու այս հանցագործությունները կատարած ոստիկաններին հանձնարարություններ և երաշխիքներ տված անձանց անունները,

3․ Որպեսզի ոստիկանապետը հանդես գա հրապարակային գնահատականով այս վայրագությունների նկատմամբ, և այլևս բացառվի որևէ անհամաչափ և բռնի գործողություն մեր քաղաքացիների նկատմամբ։

Իշխան Սաղաթելյանն ասաց՝ ոստիկանապետն իրենց տեղեկացրել է, որ ապօրինություններ գործած մեկ ոստիկանի գործունեություն այս պահին կասեցվել է, 37 հոգու նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել է 1 տասնյակից ավելի քրեական գործեր, և այսօրվա դեպքերով տեղի է ունենում ուսումնասիրություն ու Ոստիկանությունը կարճ ժամկետում հանդես կգա կոնկրետ հայտարարությամբ կոնկրետ դեպքերով։

Նա տեղեկացեց, որ պայմանավորվել են ավտոերթերից բռնագրավված 80-ից ավելի ավտոմեքենաները, որոնք չէին վերադարձվում, բոլորը վերադարձվեն մեր քաղաքացիներին։

«Ոստիկանությանը փոխանցել ենք, որ անցնող 2 օրում անհամաչափ և բռնի ուժ է կիրառվել մեր քաղաքացիների նկատմամբ․ որևէ կերպ դա չի կարող կասեցնել մեր պայքարը, և կոչ ենք արել, որ վերջ տրվի նման գործելաոճին։ Մենք հայտարարել ենք, որ Ոստիկանությունը մեր թիրախը չէ,  եթե ծառայում է օրենքին՝ մենք նրա հետ խնդիր չունենք․ կա մեկ մարդ, որի հետ խնդիր ունենք և օր առաջ պետք էէ հեռացնենք՝ առանց Նիկոլ Հայաստան»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Այս պահին համարում ենք մեր պահանջների հիմնական մասը բավարարված, ասաց նա, բայց բոլոր դեպքերով լինելու ենք հետևողական և սպասելու ենք կոնկրետ արդյունքների։

Երթը վերադարձավ Ֆրանսիայի հրապարակ։

Մանրամասն՝ տեսանյութում․