Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրապարակեց «Հայրենիքի փրկության շարժման» ճանապարհային քարտեզը 17 կուսակցությունների խորհրդի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում՝ հայտնում է Yerkir.am-ը։
Ճգնաժամային վիճակից երկիրը դուրս բերելու քայլերը հետևյալն են․
«Զինադադարի հաստատման եռակողմ հայտարարությունը անընդունելի, բայց կայացած փաստ է, իսկ ստեղծված պայմաններում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ անհրաժեշտություն։ Մենք այդ փաստաթուղթը գնահատում ենք որպես ժողովրդի թիկունքում կնքված կապիտուլյացիայի ստորացուցիչ պայմանագիր։
Սակայն ամեն ինչ ավարտված չէ․ անհրաժեշտ է դիվանագիտական ճանապարհով, բանակցություների միջոցով՝ ո՛չ թե պատերազմի, փորձել ստեղծված իրավիճակում մեր զիջումները հասցնել նվազագույնի։
Առաջին հերթին պետք է առաջիկա բանակցություններում բացառել Արցախի ամրագրումը Ադրբեջանի կազմում և հասնել Արցախի անկախությանը։
Դրա համար մեզ անհրաժեշտ է բանակցող․ այս ձախողած ստախոս անհաջողակ մարդը այլևս ի վիճակի չէ պաշտպանել հայ ժողովրդի շահերը։ Այս մարդը չի կարող հայ ժողովրդին ներկայացնել միջազգային բեմերում։ Ինքը այլևս ի վիճակի չէ բանակցություններ վարել, նրան զանգում և ասում են՝ ինչ անի։ Ինքը մեզանից խլել է մեր արժանապատվությունը, ինքնասիրությունը։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, նա խոչընդոտ է մեր նպատակների իրականցման ճանապարհին։
Նիկոլ Փաշինյանի հեռացմանը հասնելու օրինական ճանապարհները երկուսն են․ առաջինը՝ որ Նիկոլ Փաշինյանը հասկանար ու հրաժարական տար, այդ ճանապարհից ինքը հրաժարվել է, երկրորդ՝ անհապաղ ԱԺ-ն պետք է հրավիրի արտահերթ նիստ երկու օրակարգով՝ ռազմական դրության վերացում և Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկություն։
Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո ԱԺ-ն պետք է ընտրի վարչապետ՝ ժողովրդի կողմից վստահելի, պրոֆեսիոնալ մարդկանցով ձևավորի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն։
Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարությունը լուծելու է 3 խնդիր․
առաջին՝ հնարավորինս վերատեսության ենթարկել զինադադրի հայտարարությամբ նախատեսված համաձայնությունները և նվազագույնի հասցնել մեր կորուստները,
երկրորդ՝ արտահերթ քայլեր ձեռնարկել պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար, անվտանգային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, տնտեսական բոլոր հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ, այսինքն, հետպատերազմյան այս ծանր հետևանքներով պետք է զբաղվի և վերացնի, որովհետև այսօրվա կառավարությունը՝ այս անմեղսունակների, անգրագետների կառավարությունը սա ի վիճակի չէ անելու,
երրորդ՝ սեղմ ժամկետներում կազմակերպի ազատ, արդար, հավասար պայմաններով խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում մեր ժողովուրդը կձևավորի նոր իշխանություն»։
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ սա է այն իրավական ճանապարհը, որը մենք բոլորս՝ ուս-ուսի տված պետք է կազմակերպենք և հասնենք դրան։
Նա նշեց, որ Արցախը հայ ժողովրդի նորանկախ պատմության ամենամեծ ձեռքբերումներից էր, Արցախը համայն հայ ժողովրդի ամենամեծ հոգածության, հպարտության, արժանապատվության սիմվոլն ու աղբյուրն էր, բայց երկուսուկես տարի առաջ ինչ-որ մարդկանց խմբակ, չարաշահելով ժողովրդի վստահությունը, եկավ իշխանության և դրանք մարդիկ էին, որոնք իրենց անցյալով, կենսագրությամբ, գործունեությամբ որևէ կապ չունեին Արցախի ազատագրական պայքարի և մեր ազգային համակարգի հետ։
«Անցնող երկուսուկես տարվա ընթացքում ՀՀ իշխանույթունը զավթած խմբակը ամեն ինչ արեց մեր ազգային դիմադրողականությունը թուլացնելու համար՝ պառակտելով հայ ժողովրդին, պայքարելով մեր եկեղեցու, մեր պատմության, մեր ազգային արժեքների դեմ, դրանով հետևողականորեն թուլացնելով մեր ազգային դիմադրողականությունը»,-ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։
Նա նշեց, որ այս իշխանությունը նաև քայքայիչ գործունեություն իրականացրեց բանակում․ ապրիլյան հանձնաժողովը դրա վառ ապացույցն էր։
«Նա հետևողականորեն պառակտեց և վարկաբեկեց բանակի գեներալիտետին, զինվորներին։ Այդ գործը վստահված էր «Անդրանիկ Քոչարյան» անունով ծերունի ավազակին, ով հետևողականորեն վարկաբեկեց Հայաստանի բանակը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ երկրի վարչապետը արցախյան հարցի հետ կապված չի ունեցել որևէ հայեցակարգ։ Անցնող երկուսուկես տարվա ընթացքում իրար հակասող, անհասկանալի բազմաթիվ հայտարարություններ է արել․ նախ՝ ասել է, որ Արցախը պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ, այնուհետև ասել է՝ ժողովուրդը պետք է որոշի, դրանից հետո ասել է՝ պետք է մեջտեղ բերենք հարցի այնպիսի լուծում, որն ընդունելի լինի Արցախի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար, իսկ դրանից հետո՝ Արցախը Հայաստան է և վերջ։
«Այս մարդը անհասկանալի է եղել և չի ունեցել հարցի լուծման հայեցակարգ, փչացրել է մեր հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակից երկրների՝ Ռուսաստանի և Իրանի հետ։ Իր գործողությունների արդյունքում բերեց, հասցրեց պատերազմի։ Իսկ պատերազմի ողջ ժամանակահատվածում իր անգործությամբ և դավաճանական քայլերով մեզ՝ հայ ժողովրդին, կանգնեցրեց այս դժբախտության և փաստի առաջ»,-ասաց Սաղաթելյանը։
Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը այս օրերին մեղադրում է բոլորին՝ բանակին, ժողովրդին, այնինչ բոլորն իրենց գործն արել են, բացի մեկ մարդուց․ «Այս ամենի մեղավորը մեկ մարդ է, որի անունն է «Նիկոլ Փաշինյան»»։
Նա որպես փաստ արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը ստացել է 12 հազար քկմ Արցախ և այսօր հաջորդ իշխանություններին է ժառանգելու 2,5 հազար քկմ։
«Եվ սրա ամբողջ պատասխանատվությունը կրում է Նիկոլ Փաշինյանը»,-հայտարարեց նա։
Դժբախտաբար, այս մարդը այսքանից հետո նորից խելքի չի եկել։
«Ժողովուրդ, սա անեծք է հայ ժողովրդի գլխին, սա պատիժ է մեր բոլորի գլխին, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,-հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։