կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-07 17:08
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պիտի մինչև վերջ մեր հայրենակիցների կողքին լինենք․ Ռուսաստանի հայերը շարունակում են աջակցություն ցուցաբերել հայրենիքին

Սեպտեմբերի 27-ին սկիզբ առած ու 44 օր տեղի ունեցած պատերազմի ընթացքում անդրադարձել էինք, թե ՌԴ-ի տարբեր հայկական համայնքների ներկայացուցիչները, մասնավորապես` Սոչիի հայերը, ինչպես են դրամական ու կենցաղային աջակցություն ցուցաբերում պատերազմական գործողության մեջ գտնվող հայրենիքին։ Աջակցությունը, սակայն, չի դադարել նաև այսօր՝ հետպատերազմյան իրավիճակում, այս անգամ արդեն` տեղահանված արցախցիներին ու վիրավոր զինծառայողներին։

«Պիտի մինչև վերջ օգնենք ու մեր հայրենակիցների կողքին լինենք»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության` Սոչիի մասնաճյուղի ներկայացուցիչ Հակոբ Հակոբյանը «Զվարթնոց» օդանավակայանում վայրեջք կատարելուց հետո։

Աջակցությունն ուղարկելուց հետո նա առաջին անգամ էր ժամանում Հայաստան, որպեսզի իր աչքով տեսնի, թե ինչպես է օգնությունը հասնում հասցեատերերին և հիմնականում ինչի կարիք ունեն՝ հետագա շարունակական աջակցության համար։

«Կրասնոդարից, Սոչիից, Լազարևսկից, Ադլերից, Պյատիգորսկից, Ղրիմից և Ռուսաստանի տարբեր քաղաքներից հայերն իրենց աջակցությունն են ցուցաբերել հայրենիքին, և օգնում ենք նաև այսօր ու մինչև վերջ էլ չենք հոգնելու։ Այս անգամ արդեն նրանց բերել ենք սննդամթերքից մինչև տաք հագուստ, տաք ծածկոցներ, մանկական ու բժշկական պարագաներ»,- ասաց նա։

Իսկ Սոչիից ժամանած բարերար Տիգրան Մանուկյանն էլ, լրացնելով ընկերոջն, ասաց, որ, անկախ պատերազմական արդյունքներից, իրենց ոգին չի կոտրվել․ «Մեր աջակցությունը լայնածավալ է` սկսած պատերազմական առաջին իսկ օրերից, ինչպես դրամական միջոցներ, այնպես էլ հագուստ, անհրաժեշտ պարագաներ ու դեղորայք։ Ուզում ենք, որ մեր հայ եղբայրը, Հայաստանում ապրող մեր հայրենակիցը զգա մեր աջակցությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Եղիազարյան