կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-06 15:31
Հասարակություն

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը

Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Հայկական իմպրեսիոնիզմ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Վերաբացվել է նաև Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը Հայաստանում առաջին փորձն է՝ միևնույն հարթակում ներկայացնելու համաշխարհային խոշոր ու կարևորագույն ֆենոմեններից մեկի՝ իմպրեսիոնիզմի հայկական դրսևորումները:

Ցուցահանդեսի բացման խոսքով հանդես է եկել ՀԱՊ տնօրեն Մարինա Հակոբյանը, ով ողջունել է ներկաներին, կարևորել ցուցադրությունը մշակույթի հանրահռչակման և տվյալ ժամանակաշրջանի հայ կերպարվեստի վերարժևորման, իմաստավորման տեսանկյունից:

Իմպրեսիոնիզմը համաշխարհային արվեստի բեկումնային շրջափուլերից էր: Այն  սկիզբ է առել Ֆրանսիայից և տարածվել աշխարհի տարբեր երկրներում՝ ձևավորելով ինքնատիպ ազգային դպրոցներ:

«Դեռևս 2017 թվականին այս ցուցադրության սեղմ տարբերակը ներկայացվել է Մոսկվայի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում և մեծ հաջողություն ունեցել: Նկարչական այս ուղղությունը հանրահռչակելու նպատակով ամսի յոթից Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում ևս գործելու է ցուցահանդեսը»,- իրազեկել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը:

Երկու տասնյակ հեղինակների 70-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք ընդգրկող հավաքածուն ամփոփում է անվանի այնպիսի արվեստագետների գլուխգործոցներ, ինչպիսիք են Գևորգ Բաշինջաղյանը, Եղիշե Թադևոսյանը, Վահրամ Գայֆեճյանը, Կարապետ (Շառլ) Ադամյանը, Մարտիրոս Սարյանը, Սեդրակ Առաքելյանը, Երվանդ Քոչարը և ուրիշներ:

Մ. Հակոբյանի տեղեկացմամբ՝ օրվա կարևոր իրադարձություններից էր երկար դադարից հետո պատկերասրահի 2 հարկերի բացումը՝ վերանորոգված և արդիականացված: Թանգարանում այսուհետև գործելու են մանկական անկյուն, «Արտ բազիզ» գրադարանը,  վերանորոգված խանութն ու նախասրահը։

«Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսի բացմանը զուգահեռ՝ վերաբացվել է նաև քանդակագործ Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը:

Պատկերասրահում Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը բացվել է 2008 թ.-ին: Քանդակագործի հավաքածուն շուրջ 500 աշխատանքներով ամբողջացել է 1958 թ.՝ Գյուրջյանի կտակի համաձայն, նրա կնոջ՝ Տատյանա Առաքելյանի նվիրատվության շնորհիվ:

Հակոբ Գյուրջյանի ցուցասրահում ցուցադրվում են մարմարից, կրաքարից, բրոնզից և նույնիսկ ամենակարծր բելգիական գրանիտից կերտված տարբեր ժանրերի 50-ից ավելի ստեղծագործություններ` դիմաքանդակ, անիմալիստական քանդակ, պատմական, դիցաբանական և այլ գործեր:

Ինչպես ներկայացրել է պատկերասրահի Քանդակի բաժնի վարիչ Մարիամ Դավթյանը, Հակոբ Գյուրջյանը որոշակիորեն կապ ունի նաև իմպրեսիոնիզմի հետ. «Փարիզում սովորելու տարիներին Գյուրջյանի վաղ շրջանի գործերում իմպրեսիոնիզմից ազդված ոճական աղերսներ են նկատվում: Սակայն հետո քանդակագործը գյուրջյանական ուրույն ձեռագրով է հանդես եկել, որտեղ սինթեզվել են հնագույն քաղաքակրթություններ»:

Նշենք, որ լայն հանրության համար Հակոբ Գյուրջյանի գործերը հասանելի կլինեն մշտական ցուցադրությամբ, իսկ «Հայկական իմպրեսիոնիզմ» խորագրով ցուցահանդեսը՝ շուրջ 3 ամիս: