Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի իշխանություններին մենք պարզապես բնութագրել ենք որպես ապաշնորհ, ապիկար իշխանություն և հայաստանյան իշխանությունների կցորդը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, Արցախի Հանրապետության ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ պատերազմի հետեւանքով տնտեսական անկումը կկազմի մոտ 25%։ Արթուր Մոսիյանը վստահեցնում է, որ տնտեսության ոլորտում որոշումները կայացվում են ըստ իրավիճակի, չկա հետպատերազմյան Արցախի տնտեսության կազմակերպման նոր մոդել, համենայն դեպս, իրենց չի ներկայացվել։
«Ավելի շատ կենտրոնացված է մարդկանց սոցիալական խնդիրների լուծման վրա․ սոցիալական անեսթեզիա է իրականացվում՝ օր առաջ մարդկանց բնակարանային և մյուս խնդիրներին լուծում տալ, բայց տնտեսական մոդել, ապագա անելիքներ չեն ներկայացվել, ներկայացվել է տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, բնակարանաշինություն և այլն, կատարվելիք աշխատանքը և մի քանի ոլորտների անելիքների մասին խոսակցություն»,-ասաց նա։
ՀՅԴ խմբակցությունը դեմ է արտահայտվել Արցախի թե՛ 2020, թե 2021 թթ բյուջեների նախագծերին․ քաղաքական ուժը մտահոգություն է հայտնել, որ, ճիշտ է, սոցիալական բաղադրիչը կարևոր պայման է, բայց այսօր թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է, և անվտանգության որևէ բաղադրիչ ներկայացված բյուջեներում արտահայտված չէ․ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրից հետո Արցախի պաշտպանական բանակը թողել է իր բոլոր բնագծերը եւ տեղավորվել նոր բնագծերում, որոնք կահավորել է պետք, Բերդաձորի ենթաշրջանը իր կողքի միջանցքով շատ կարեւոր է, որի մասին որևէ կետ չկա:
«Դեռևս մինչև պատերազմը՝ 2020 թ-ի հուլիս-օգոստոս ամիսներին, երբ բերել էին պետբյուջեի փոփոխություններ, տնտեսական մեծ ծրագրեր էին ներկայացնում՝ ջրանցքներ և այլն, մենք ասել էինք, որ պատերազմին 5 րոպե է պակաս, պետք է առնվազն մի քանի միլիարդ ուղղել պաշտպանությանը՝ բունկերների կառուցմանը, ժողովրդի պաշտպանությանը և այլն։ Բայց մեզ ասացին, որ փայլուն ապագա է լինելու, իրենք շեշտադրում են առաջնագծի կահավորումը և այլն։ Եվ մենք այն ժամանակ դեմ քվեարկեցինք։ Դեմ քվեարկեցինք նաև 2021 թ-ի բյուջեին․ կոնցեպտուալ երկրի զարգացման տարբեր ճյուղերի վերաբերյալ մեր տեսլականը մենք չտեսանք, այլ ավելի շատ տվյալ պահի՝ իրավիճակային, սոցիալական խնդիրներ լուծելու բյուջե էր, որը մեր կարծիքով կխրախուսեր արտագաղթը»,-պարզաբանեց Արթուր Մոսիյանը։
Արցախի տնտեսական զարգացումը պատկերացրել են հետևյալ կերպ․ պատերազմից հետո կան խնդիրներ, որոնք անհետաձգելի լուծում են պահանջում, օրինակ, Բերդաձորի ենթաշրջանում, որը Լաչինի միջանցքի կողքին է և աշխարհագրական դիրքը չափազանց կարևոր է, իրենք չտեսան զուտ այդ գյուղերի բնակեցման, վերաբնակեցման, այդտեղ որոշակի տնտեսական ծրագիր իրականացնելու միտում։ 2021 թ-ի բյուջեն պատկերացրել են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հարցերի շեշտադրմամբ՝ արտագաղթը կանխող, ժողովրդին Արցախում պահող տնտեսական ծրագրերի առկայությամբ, այնինչ տեսել են միայն ասֆալտապատման համար գումարի հատկացումներ։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջից ՀՅԴ-ն չի հրաժարվում, բայց նաև գիտակցում է այն քայլերը, որոնցով դա պետք է տեղի ունենա:
«Նոյեմբերի 10-ին, երբ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջել ենք, նշել ենք՝ ԱԺ մեծամասնությունը՝ 4 ֆրակցիան, պահանջում է նրա հրաժարականը, և դա քաղաքական և բարոյական պահանջ է, քանի որ Արցախի Սահմանադրությամբ պետք է նախագահի ընտրվելուց հետո մեկ տարին լրանար՝ հրաժարականը պահանջելու համար։ Երբ մեկ տարին լրացավ, ընդդիմադիր 3 խմբակցությունները վերահաստատեցին իրենց պնդումը, իսկ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակացությունը, որը իշխանության կցորդն է, չմիացավ»,-նշեց Արթուր Մոսիյանը։
Այս պահին Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջում են նաև Արցախի քաղաքացիական ակտիվիստները։ Դա պայթեց այն բանից հետո, երբ Արցախի նախագահը գնաց ՔՊ գրասենյակ։ Արթուր Մոսիյանն ասում է՝ դա վկայություն է, որ Արայիկ Հարությունյանը ի վիճակի չէ անգամ պատերազմից հետո երկիրը ճիշտ հունով տանելու։ Մինչդեռ քաղաքական ուժերը չեն միանում փողոցային պայքարին, դա չեն գեներացնում, որովհետև պետք է հասկանան՝ ինչ է լինելու դրանից հետո։
Նա չի համարում, որ նոր ընտրություններ հնարավոր չեն, ի վերջո, միջազգային իրավունքի բոլոր նորմերով Արցախի ժողովուրդն իր կյանքը կազմակերպելու իրավունք ունի։ Կան նաև Արցախից բռնի տեղահանված մոտ 25 հազար մարդիկ, որոնք այս պահին Հայաստանում են, այս հարցերը ևս պետք է կարգավորվեն։ Այսինքն, քաղաքական պահանջը, որ պարտված իշխանությունները պետք է հեռանան, միանշանակ մնում է նույնը, խնդիրը ժամկետների և կազմակերպչական հարցերի մեջ է։ Իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ կա, որոնք քննարկվում են։
Այս պահին Ադրբեջանը շարունակում է քարոզչական, տեղեկատվական ահաբեկչությունը Արցախի ժողովրդի հանդեպ․ արցախցիներին առաջարկում են վաճառել տները, կամ իրենց խնդիրները հայտնել, իբրև թե, Արցախի հարցով զբաղվող ադրբեջանցի պատգամավորին, պետք է դիմագրավել նաև քարոզչական այս տեռորին։
«Իհարկե, մենք պետք է մնանք այստեղ և կարողանանք հաղթհարել, մինչև նոր ազգային իշխանություն ձևավովի և երկիրը տանի առաջ»,-ասաց Արթուր Մոսիյանը։
Արցախ այցերն ու շրջագայությունները, նրա խոսքով, միանշանակ կփոխեն ներքին հոգեբանական մթնոլորտը․ շատ կարևոր է, որ արցախցին զգա, որ մենակ չէ։
Արթուր Մոսիյանը բարձր գնահատեց ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի որոշումը՝ ճանաչել Արցախի անկախությունը։ Նշեց, որ Նյու Ջերսիի ճանաչումը տարբեր երկրների տարբեր քաղաքների ճանաչումների ընդհանուր գծի մեջ է, և շատ կարևոր է, քանի որ Ղարաբաղի անվտանգության միակ պայմանը կարգավիճակի շուտափույթ ճանաչումն է, իսկ եթե Արցախի անկախությունը ճանաչվի, դա կլինի անվտանգության ամենահզոր երաշխիքը։
Աննա Բալյան