Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատերազմի առաջին ժամերին, ըստ առկա տեղեկատվության, մեծաթիվ զոհեր ենք ունեցել զորանոցներում. ուղղակի զինվորները քնած են եղել, ահռելի քանակի զինամթերք էլ ոչնչացվել է հենց պահեստներում: Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը «Ազգային աղետ եւ վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով խորհրդաժողովի ժամանակ։
Ղազինյանը ներկայացրեց պետական դավաճանության այն դրվագները, որոնք մինչ այժմ չեն քննարկվել կամ չեն դարձել հանրության սեփականությունը։ Իրավաբանը վարույթ իրականացնող մարմնի ուշադրությունը հրավիրեց ռազմական հանցագործության տարրեր պարունակող մի քանի կարեւորագույն հանգամանքների, որոնք, ըստ նրա, պետք է դառնան առանձին քննության առարկա։
Ղազինյանի խոսքով՝ ռազմական հետախուզության կողմից պատերազմի սկսվելու օրվա եւ ժամի վերաբերյալ տրամադրված տեղեկատվության հիմքով Հայաստանում հայտարարված է եղել «Թիվ 1 մարտական դրություն»։ Զորանոցից դուրս է բերվել ամբողջ զորքը, զինապահեստներից՝ ամբողջ զինամթերքը։ Մինչդեռ, ի տարբերություն Հայաստանի, Արցախում «Թիվ 1 մարտական վիճակը» հանվել է շատ ավելի շուտ, եւ հետեւանքը եղել է այն, որ պատերազմի մի քանի ժամվա ընթացքում մեծաթիվ զոհեր ենք ունեցել զորանոցում, ահռելի քանակությամբ զինամթերք ոչնչացվել է հենց պահեստներում։
«Խոցման համար դրանք հայտնի վայրեր են։ Պատերազմը սկսվելուն պես թշնամին խոցում է հենց այս վայրերը։ Ռազմագիտության մեջ սա առաջնային կանոն է։ Եղե՞լ է, արդյոք, ռազմական հետախուզության կողմից 3 անգամ պաշտոնական տեղեկացում պատերազմի սկսվելու օրվա եւ ժամի վերաբերյալ, թե՞ ոչ։ Քանի՞ անգամ է ռազմական հետախուզության կողմից ներկայացված տվյալը զեկուցվել ԳՇ, ապա՝ պետության քաղաքական ղեկավարությանը։ Այս հանգամանքները պետք է ստուգվի վարույթն իրականացնող մարմնի կողմից»,- ընդգծեց Ղազինյանը։
Պետական դավաճանության համատեքստում իրավաբանն անդրադարձավ նաեւ պատերազմի սկսվելուն պես կառավարության՝ ռազմական դրություն հայտարարելու մասին որոշմանը։ «Փոխվեցին օրենքներ, մեծ տուգանքներ սահմանվեցին այն անձանց նկատմամբ, որոնք կտրամադրեին պաշտոնականից տարբերվող տեղեկատվություն, ինչպես նաեւ քրեորեն հետապնդելի դարձավ ռազմական դրության ժամանակ հանրահավաքներ անցկացնելը։ Առաջին հայացքից թվում է՝ այս փոփոխությունները ճիշտ են ու տրամաբանական։ Սակայն հետագա ընթացքը ցույց տվեց, որ այդ ամբողջը եղել է կազմակերպված, պլանավորված, կանխամտածված, որի նպատակն էր անշեղորեն ավարտին հասցնել նախապես ծրագրված պետական դավաճանությունը»,- ասաց Ղազինյանը՝ հիշեցնելով նաեւ ոստիկանության գործողությունները, երբ սոցիալական ցանցերում արված գրառումների համար մարդկանց հրավիրում էին բաժին, բավական մեծ չափի տուգանքներ արձանագրում, ստիպում հեռացնել գրառումները։
«Խնդիրն իրականում բավական լուրջ էր։ Մի զավեշտալի բան էլ եղավ ինձ հետ, երբ պետության հրապարակած քարտեզով նշեցի այն ահռելի տարածքների կորստի մասին, ինչը դարձավ ԱԺ հանձնաժողովներից մեկում հատուկ քննարկման թեմա։ Հանձնաժողովի նախագահներից մի բեղավոր մարդ սպառնաց քրեական պատասխանատվության ենթարկել։ Նրանց համար կարեւոր էր, որ հասարակությունը չարթնանա թմբիրից եւ հանկարծ չդիմի պետական դավաճանությունը կանխելու գործողությունների։ Ամեն ինչ արվեց, որպեսզի դա տեղի չունենա»,- նշեց նա՝ շեշտելով, որ սրանք շատ կարեւոր հարցեր են, որ պետք է վարույթ իրականացնող մարմինը դարձնի առանձնահատուկ քննության առարկա։
Իրավաբանը նշեց, որ պետական դավաճանության մասին առաջին հաղորդումը ներկայացրել էր դեռեւս նոյեմբերի 25-ին, որում ներառված էր 2018 թ․-ի մայիսի 8-ից մինչեւ նոյեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածում՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացված գործողությունների փաստագրական եւ ժամանակագրական ամբողջ համադրությունը: «Սա իրավական առումով տալիս էր պետական դավաճանության դիսպոզիցիայի։ Դատախազությունում ներկայացվեց հաղորդում հանցագործության մասին, դատախազությունն այն ուղարկեց ՀՔԾ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում, այն քննության առնելու նպատակով»,- ասաց նա։
Ղազինյանն անդրադարձավ նաեւ ՀՀ դատախազության եւ վարույթ իրականացնող մարմնի գործողությունների իրավաչափությանը: «Ներկայացված է եղել հաղորդում հանցագործության մասին։ Այս պարագայում դատախազությունը կա՛մ պետք է հարուցեր քրեական գործ, կա՛մ մերժեր գործի հարուցումը, կա՛մ ուղարկեր՝ ըստ ենթականության։ Դատախազությունը ցուցաբերել է հանցավոր անգործություն»,- հայտարարեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիանա Սարգսյան