Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս ամենը շատ նման է աստվածաշնչյան Սոդոմ-Գոմորին, երբ Աստված շանս է տալիս՝ 50 արդար գտնելու, որպեսզի չկործանի քաղաքները, 50-ը հնարավոր չի լինում գտնել, ասում է՝ գոնե 10-ը, բայց այդ 10-ն էլ հնարավոր չի լինում գտնել ու Աստված կործանում է քաղաքները։
Սա հացադուլ հայտարարած տղաներից մեկի՝ Արթուր Ավագյանի, մտապատկերն է․ Օպերայի հարթակին՝ անձրևի տակ, նրանք 10 արդարի են սպասում, որպեսզի դադարեցնեն հացադուլը։
«Մենք ասում ենք՝ Արցախը չենք պատկերացնում Ադրբեջան կազմում։ Անկախության սերնդի ներկայացուցիչնե՛ր, դուք ձեր կարծիքը դեռ չեք ասել․ դուք պետք է ձեր դիրքորոշումը հայտնեք Արցախն Ադրբեջանի կազմում լինել-չլինելու մասին։ Մենք ասում ենք՝ դուք եք իրական տերը Արցախյան հերոսամարտի և Եռաբլուրով վերահաստատված ժառանգության։ Դուք առնվազն պետք է ասեք՝ այդ ժառանգությունը վերցնո՞ւմ եք, թե՞ չեք վերցնում։ Որովհետև եթե Արցախը մտնում է Ադրբեջանի կազմը՝ Եռաբլուր գնալու եք՝ ի՞նչ անեք»,-Yerkir.am-ին ասաց Արթուր Ավագյանը։
Նվեր Կիրակոսյանը հաստատեց՝ իրենք հստակ ակնկալիք ունեն․ սպասում են երիտասարդների այն կրիտիկական զանգվածին, որոնք պատրաստ են գործելու՝ պահանջելու, որ Արցախը չմտցվի Ադրբեջանի կազմը։ Նրանց թիվն էական չէ՝ կարող է լինել 10 հոգի, կարող է լինել 50-ը, 100-ը, 1000-ը, միայն թե ունենան գիտակցում՝ ինչի համար են եկել և գործելու պատրաստակամություն։ Եվ իրենք կդադարեցնեն հացադուլը։
«Դա թվով չի չափվում․ դա պետք է էներգետիկա ունենա։ Մենք պետք է տեսնենք, որ այստեղ հավաքվել են երիտասարդ ազնիվ մարդիկ՝ մղումներով, կիսում են մեր մտահոգությունները, և ամենակարևորը՝ նրանք պատրաստ են գործելու՝ Արցախն Ադրբեջանի կազմում լինելու թեզին իրենց անհամաձայնությունը հայտնելու կոնկրետ գործողություններով։ Եթե դա տեսնենք՝ այդ պահից հացադուլը կդառնա ինքնանպատակ»,-ասաց Նվեր Կիրակոսյանը։
Իհարկե, հացադուլը դադարեցնելու հիմք կարող է լինել նաև, եթե Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու՝ ՀՀ իշխանությունների մոտեցումը հերքվի, և խնդիրն ինքնին վերանա։ Միայն թե դա պետք է լինի համոզիչ։ Տղաներն ասացին՝ իրենց համար համոզիչ կլինի, եթե Արցախի Ազգային ժողովն այդ մասին հայտարարություն անի և ասի, որ ՀՀ իշխանությունների փոխված դիրքորոշումն իրենց բավարարում է՝ այլևս վտանգ չեն տեսնում Արցախի կարգավիճակի հարցում։
Նվերն ամուսնացած է՝ 2 տարեկան դստրիկ ունի, Արթուրը՝ դեռ ոչ։ Երկուսն էլ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում են աշխատում, բայց տարբեր ճանապարհներով են հասել դրան։ Նվերը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն է ավարտել՝ քաղաքագիտության բաժինը, ապա ռազմական կրթություն է ստացել Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում, հետո կամավոր գնացել «Եղնիկներ»՝ ծառայելու որպես սպա, 6 ամիս առաջ ավարտվել է պայմանագիրը, եկել է քաղաքացիական կյանք ու այժմ աշխատում է ՏՏ ոլորտում։ Արթուրը սովորել է Փանոս Թեռլեմեզյանի անվան գեղարվեստի ակադեմիայում, գեղանկարիչ է, զբաղվում է 3D մոդելավորմամբ, նույնպես աշխատում է ՏՏ ոլորտում։
Արթուրի ընկալմամբ՝ այսօրվա հասարակության էներգետիկան դժվար է ինչ-որ արժեքով պայմանավորել․ թափանիվը շատ արագ է պտտվում, մարդիկ անհամբեր են՝ ամեն ինչի պատասխանն այս պահին են ուզում իմանալ․ ինչ-որ բան որ արվում է՝ իրենց ի՛նչ է տալու, եթե այդ պահին չտվեց՝ վե՛րջ։ Ասում է՝ ունենք տարածության խնդիր, որը շատ նեղացել է․ եթե չկա առ և տուրը, ուրեմն թերթում եմ էջը, Տիկ Տոկ եմ նայում, Յություբ եմ նայում, Ֆեյսբուք եմ նայում։ Եվ բարձր արժեքները հասկանալու համար զանգվածները ժամանակ չեն գտնում։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․