կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-14 16:50
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացել են հողի հարկը վճարել՝ չի գանձվել․ «Հաղթանակի» բնակիչներն անակնկալ զրկվել են սեփականությունից

«Հաղթանակ» թաղամասի բնակիչներն այս տարի անակնկալ պարզել են, որ զրկվել են իրենց հողերի սեփականությունից՝ հայտնում է Yerkir.am-ը։

Բողոքի ակցիայի ժամանակ նրանք մեր թղթակցին պատմել են խնդիրների մանրամասները։

1992 թ-ին, երբ հողաբաժանումը սկսվել է, այն ժամանակ սեփականշնորհման վկայական չի եղել և մարդկանց ակտերի միջոցով են բաժանվել հողատարածքներ։ Մարդիկ այդ ակտերը որպես հիմք են համարել, քանի որ համարվում է սեփականության իրավունք։ Երբ առաջացել է սեփականաշնորհման վկայական հասկացությունը, մարդիկ ակտը փոխարինել են սեփականության վկայականով։

«Եվ քանի որ ակտի վրա կոնկրետ ժամանակահատված չէր նշված, ուստի հուրհավետ որպես իրավունքի վկայական է։ Մինչև այս տարի ամեն տարի մարդիկ հողի հարկ են վճարել։ Այս տարվա ընթացքում, երբ մարդիկ ցանկացել են հողի հարկը վճարել, չի գանձվել։ Ստացվում է, այս պահին համապատասխան մարմինների համար ակտը համարվում է թղթի կտոր և մարդիկ այդ սեփականության իրավունքը չեն կարող օգտագործել՝ չեն կարող վաճառել, տուն կառուցել, հողի նշանակություն փոխել»,-ասաց ակցայի մասնակիցներից մեկը։

Նրանք պահանջում են իշխանություններից, որ այս հարցին կոնկրետ լուծում տան։

Կա նաև երկրորդ խնդիրը․ այն հողատարածքների տերերը, որոնք տրամադրվել են որպես գյուղնշանակության հողեր, որ նույնիսկ ունեն սեփականության վկայական, այսօր նորից կանգնած են խնդրի առաջ՝ հողի նշանակությունը փոխելու խնդրի։

«Նախկինում 2800 դրամը փոխարինվել է 10 500 դրամով, բայց մատնանշում է, որ մենք գյուղական համայնք չենք համարվում և կառավարության 2005 թ-ի որոշում կա, որ մեր հողերն այսուհետ գյուղնշանակության չեն։ Հիմա նշանակությունը փոխելու համար պետք է մեկ քառ մետրի համար 10 500 դրամ վճարենք։ Բայց այստեղ էլ անհամաձայնություն կա․ եթե ունենք գյուղնշանակության հող, պետք է ունենայինք պետության կողմից սուբսիդավորման հնարավորություն, որից այս պահին այդ հողատերերի սեփականատերերը զրկված են։ Այսինքն, ինքը գյուղնշանակությունը կորցնում է, ուրեմն համարվում է տնամերձ հող և դրան համապատասխան պիտի վճարում անենք։ Հիմա պետությանը հարց ենք տալիս․ եթե մեկ քառ մետրի համար 10 500 դրամ վճարում ենք, պետությունը ի՞նչ է անում այդ քառ մետրի համար, ընդամենը գրիչի թանաք է ծախսում, պատրաստ ենք այդ գրիչի թանաքի համար 1000 դրամ պետությանը նվեր տանք, բայց ոչ ավելին»,-ասաց ակցիայի մասնակիցը։

Նա հայտարարեց, որ պահանջում են սեփականության իրավունքի վերականգնում։

Մանրամասն՝ տեսանյութում․