կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-24 14:55
Քաղաքական

Այո, բարեխիղճ վարորդները վճարել են, շատերն էլ չեն վճարել, գուցե չեն ունեցել. Փաշինյան

Այո, բարեխիղճ վարորդները վճարել են, շատերն էլ չեն վճարել, գուցե չեն ունեցել. Փաշինյան

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանին` զեկուցել, թե ինչ վիճակ է տեսանկարահանող և արագաչափ սարքերի գործունեության հետ կապված, ինչ եզրակացությունների են հանգել:

Օսիպյանը հայտնեց, որ արդարադատության նախարարության հետ քննարկվել են ոլորտի խնդիրները: Նրա խոսքով` արագաչափերի գործունեության դադարեցման արդյունքում ՃՏՊ հետևանքով զոհերի թիվը փոքր ինչ ավելացել է, խնդիրն ավելի շատ տեսանկարահանող սարքերի մեջ է:

Ըստ Օսիպյանի` ոստիկանությունը պատրաստվում է համագործակցել ոլորտի ՀԿ-ների հետ, որպեսզի հանրության շրջանում բարձրացվի քաղաքացիների իրավագիտակցությունը` հետագայում ավելի կոպիտ խախտումներից աստիճանաբար խուսափելու համար:

Վարչապետը նշեց, որ պետք է փոխվի այս ոլորտում եղած խնդիրների նկատմամբ փիլիսոփայությունը, այսինքն` քաղաքացին պետք է նախ զգա, որ ինքը «տուգանվելու մատերիալ» չէ, ու դա չպետք է հակադրվի ճանապարհային երթևեկության անվտանգության հետ կապված խնդիրներին:

«Օրենսդրական փոփոխություններ պետք է պատրաստենք` տուգանքների չափերի և ընթացակարգերի հետ կապված: Քաղաքացիները պետք է թոթափեն անարդարության զգացողությունը: Ինչ վերաբերում է անկարգ վարորդներին, ապա ոստիկանությունն ունի բոլոր լծակները` նրանց կարգի հրավիրելու համար: Բացի այդ` նոր իրավիճակում յուրաքանչյուր քաղաքացի իրեն պետք է լիազորված համարի` կարգի հրավիրելու այն վարորդներին, ովքեր վտանգում են ուրիշի անվտանգությունը: Քաղաքացին տուգանվող սուբյեկտի կարգավիճակից պետք է ազատվի»,- ասաց վարչապետը:

Ոստիկանապետ Օսիպյանը հավելեց, որ համացանցում քաղաքացիները դժգոհություն են հայտնում, թե ինչու իրենք պետք է պարտաճանաչ վճարեին տուգանքները, իսկ ոմանք` ոչ, և պահանջում են հետ վերադարձնել այդ վճարված գումարները:

«Պետք է բոլոր տեսակետները, մտահոգությունները քննարկվեն, ու կայացվի հավասարակշռված մոտեցում: Այո, բարեխիղճ վարորդները վճարել են, շատերն էլ չեն վճարել, գուցե չեն ունեցել, որ չեն վճարել: Այստեղ կարևորը քաղաքական շեշտադրումն է, որ քաղաքացին չպետք է իրեն զգա որպես տուգանվելու օբյեկտ»,- եզրափակեց վարչապետը: