Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարեց, թե, իր կարծիքով, բյուջեի նախագիծը քաղաքական նախագիծ է, և դրա տնտեսագիտական մասի ներկայացումը ԱԺ դահլիճում այնքան էլ ընդունելի չէ: «Ես կասկածի տակ չեմ դնում Վարդան Արամյանի տնտեսական գիտելիքները, երբեմն էլ հիանում եմ դրանցով, բայց բյուջեի նախագիծը քաղաքական նախագիծ է»,- հայտարարեց նա:
Ըստ նրա՝ բյուջեն պետք է ունենա Ա կետից Բ կետ տանող ճանապարհ: «Բյուջեի այն նախագիծը, ինչը ներկայացվեց մեզ, անձամբ ինձ չի բավարարում, և պետք է ասեմ` մի շարք պատճառներով»,- ասաց պատգամավորը:
Նա դժգոհեց, որ կրթության և գիտության զարգացման համար ընդամենը 1 մլրդ դրամի չափ գումար է հատկացվում, ու ուզում ենք` կրթությունը զարգանա:
Հաջորդ ոլորտն, ըստ պատգամավորի, արդյունաբերությունն է, որը կարող է սայլը տեղից պոկել: «Նյութական ռեսուրսներ ունեցող ճյուղը գունավոր մետալուրգիան է: Այս ոլորտում վաղուց ժամանակն է, որ ունենանք մետաղաձուլական գործարան: Մենք 150 հազար տոննայի չափ կոնցենտրատ արտահանում ենք հումքի տեսքով, երբ պատրաստը կարող ենք արտահանել: Եթե մետաղ դառնա, դրա հիման վրա կարող է զարգանալ կաբելի արտադրությունը, քիմիան, և դրան առնչվող այլ գործունեություն կարելի է ծավալել»,- ասաց նա:
Ըստ Սարգսյանի` մյուս հիմնական ուղղությունը էներգետիկան է: «Այստեղ ունենք արևի ու քամու էներգիան զարգացնելու հնարավորություն»,- ասաց նա և նշեց, թե չկան հաշվարկներ, որ օտարերկրյա ներդրողը տեսնի ու գա ներդրում անի:
Հաջորդ պոտենցիալը, ըստ նրա, ջուրն է: «Մենք ամեն տարի Սևանի չափ գետերից հոսող ջուր կորցնում ենք և գիտեք` ուր է գնում»,- ասաց Սարգսյանը:
Պատգամավորը կարևոր ճյուղ համարեց գյուղատնտեսությունը: «Գյուղացուն պետք է ապահովել էժան ջրով, պակասեցնել հողի հարկը, չօգտագործված հողի վրա արևային էներգիա դնել. կարող ենք սուբսուիդավորել»,- ասաց նա և նշեց, որ եթե այս նախագծերը լինեին, ինքը կողմ կքվեարկեր՝ անկախ նրանից` ով կներկայացներ:
Վերջում Սարգսյանը դիմեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, ով ելույթում ասել էր, թե ՀՀ-ն ԵՏՄ երկրներից միակն է, որ աճ է ապահովում, մյուսների մոտ կա'մ զրոյական է, կա'մ մինուսով: «Հիմա մի հռետորական հարց, պարո'ն Շարմազանով ջան, բա ի՞նչ գործ ունենք մինուսական տնտեսության մեջ»,- հարցրեց նա:
ԱԺ նիստը վարող փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պատգամավորին տեղեկացրեց, որ Հայաստանը արտահանում է ոչ թե 150 հազար տոննա գունավոր մետաղի հումք, այլ 350 հազար տոննայի է հասել, նրա տեղեկությունը հին է: «Համաձայն եմ՝ կոմբինատի ստեղծման համար լուրջ նախադրյալներ կան»,- հավելեց նա: