Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Akunq.net- Մինչ վերջերս կարծիք կար, թե Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություններն առաջին անգամ կազմակերպվել են 2010 թվականիn։ Մինչդեռ պարզվում է, որ առաջին նման միջոցառումը Մեծ եղեռնն իրագործած այս երկրում տեղի է ունեցել դեռևս 1919 թվականին։ Մասնավորապես Էդիրնեի (Ադրիանուպոլիս) հունական եկեղեցիներից մեկում մատուցվել է պատարագ, որի վերաբերյալ փաստաթուղթը պահվում է օսմանյան արխիվում։ Արդ, թուրք պատմաբան Սաիթ Չեթինօղլուն վերջերս սույն վավերագիրն իր նախաբանով ու մեկնաբանությամբ հրապարակել է պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթի թուրքերեն էջերում։ Ստորև Akunq.net-ը թուրքերենից ու օսմաներենից թարգմանաբար և առանց կրճատումների ներկայացնում է Չեթինօղլուի հրապարակումը․
Սաիթ Չեթինօղլու
Տեղյակ ենք, որ 20-րդ դարի առաջին գենոցիդի՝ Հայոց ցեղասպանության վրա փռված ժխտման հաստ ծածկոցը վերացնելու ուղղությամբ հայերի 100-ամյա պայքարն անցել է բազմաթիվ փուլերով։ Այդ դժվարին գործընթացում հայերը տարբեր փորձությունների միջով են անցել, և դրանք դեռ չեն ավարտվել։ Այդ գործընթացում հայերի փորձություններից ավելի կարևոր և արժեքավոր է մարդկության տված քննությունը։ Այն դեպքում, երբ մարդկային արժեքներ կրող անձինք թև ու թիկունք են լինում իրար, ոմանք, ովքեր մեծամասնություն են կազմում, ռեալ պոլիտիկի գերին են դառնում, ոմանք էլ անտարբերության ազդեցության տակ գտնվելով՝ չեն կարևորում այդ ամենը։ Ստիպված ենք այդ հանգամանքն ընդգծել՝ որպես մարդկության ամոթ։
Հայ ժողովուրդը երբեք չի մոռացել Ցեղասպանության զոհ իր հայրենակիցներին։ Հայերը ինչպես որ ամեն առիթի դեպքում պատմել են իրենց հայրենակիցների գլխներին եկածի մասին, այնպես էլ չեն մոռացել ամեն պատեհ առիթի հավաքաբար զոհերի հիշատակը հարգելու մասին՝ նրանց հոգիների հանգստության համար։
Այս իմաստով ուշագրավ է Էդիրնեում 1335 (1919) թ․ փետրվարի 23-ին կազմակերպված արարողությունը։ Սույն միջոցառումը կարևորվում է թե՛ այն հանգամանքով, որ արարողությունը կազմակերպվել է այն տարածքներում, որտեղ իրականացվել էր Ցեղասպանությունը և թե՛ վայրի ու մասնակիցների առումներով։ Այն փաստը, որ այս պատարագը մատուցվել է հունական առաջնորդանիստ եկեղեցում, կարելի է մեկնաբանել որպես համերաշխության հավաստիք։
Մարդկության, համերաշխության և իրար տեր կանգնելու տեսանկյուններից կարևոր է, որ արարողությանը հայ հոգևորականների հետ մեկտեղ ներկա են գտնվել նաև մյուս ոչ մուսուլման ժողովուրդների հոգևորականները։ Ուշագրավ է նաև, որ այն դեպքում, երբ ներկաների մեջ եղել են հույն ու հրեա մասնակիցներ, մուսուլմաններից ոչ միայն որևէ հոգևորական, այլ անգամ շարքային ոչ մի մահմեդական չի մասնակցել միջոցառմանը՝ հետախուզական նկատառումներով այնտեղ գտնված անվտանգության աշխատակիցներից բացի։
Ստորև հրապարակում ենք Էդիրնեի նահանգապետարանից Ներքին գործերի նախարարությանը հղված այդ փաստաթուղթը։
«Էդիրնեի նահանգապետարանից
Ներքին գործերի նախարարությանը
Համառոտ {թեմայի մասին}՝ Էդիրնեի հունական առաջնորդանիստ եկեղեցում մատուցված պատարագի մասին․
Նորին մեծություն,
Փետրվարի 23-ին Էդիրնեում մի պատարագ է մատուցվել Համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվածների հոգիների հանգստության համար, և այդ արարողությանը մասնակցել են հայ քահանաներ, հրեա խախամապետեր, մի քանի անգլիացի ու հույն զինվորականներ, հայ ու հրեա բազմաթիվ անձինք։ Դրա առնչությամբ սպասում եմ Ձեր հրամաններին։ Արաբական ամիսներից 5-րդը, 1337 թ․ և փետրվարի 24, 1335 թ․ ։
Էդիրնեի փոխնահանգապետ Սալիհ Սալիմ
Աղբյուր՝ BOA, DH.EUM 2 Şubat (Փետրվար) 66-52»։
Ուշագրավ է, որ նամակի հեղինակն այնպիսի մոտեցում է ցուցաբերում արարողությանը, կարծես թե հանցագործության մասին էր խոսում։ Միջոցառումն իրականացվել է Աշխարհամարտի, այսինքն՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մահացածների հիշատակը հարգելու անվան տակ։ Կարելի է ենթադրել, որ այդ արարողությունը թերևս հանրության առաջ բաց առաջին հիշատակի միջոցառումն է եղել, և քանի որ այն իրականացվել է այն տարածքներում, որտեղ Ցեղասպանությունն էր իրագործվել, կազմակերպիչների կողմից զգուշավոր մոտեցում է ցուցաբերվել խորագրի ընտրության հարցում։
Թուրքերեն սկզբնաղբյուրը՝ «Ակօս» շաբաթաթերթ
Թուրքերենից և լատինատառ վերածված օսմաներենից թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net