կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-24 10:30
Հասարակություն

Երիտթուրքերի 1919-1921 թթ. դատավարությունները թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչում

Երիտթուրքերի 1919-1921 թթ. դատավարությունները թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչում

Հայոց ցեղասպանությունը հավաստող բազմաթիվ փաստաթղթերի շարքում առանձնահատուկ հիշատակման են արժանի հատկապես Ստամբուլի ռազմական դատարաններում 1919-1921 թթ. տեղի ունեցած երիտթուրքերի դատավարությունների և հայերի տեղահանության ու կոտորածների մեղադրանքով հարուցված այն (շուրջ 63) դատական գործերի վավերագրերը, որոնք, հայտնի ցեղասպանագետ Վահագն Տատրյանի դիպուկ խոսքով, «ամենաազդեցիկ հակաթույնն են թուրքական ժխտողականության դեմ»1 ։     

Որոշ պատմաբաններ համարում են, որ այս դատավարությունների շնորհիվ Թուրքիան, ի դեմս Օսմանյան պետության իշխանությունների, արդեն իսկ պաշտոնապես ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը2։ Քանզի այս դատավարություններն ապացուցում են, որ հայերի զանգվածային կոտորածները կանխամտածված և ծրագրված են եղել երիտթուրքերի կուսակցության և կառավարության կողմից, իսկ դիտավորությունը (intent) խիստ կարևոր փաստ է ցեղասպանություններն ապացուցելու առումով:

Մուդրոսի զինադադարի կնքումից հետո օսմանյան կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պատասխանատուներին բացահայտելու և դատապարտելու կարևոր դրդապատճառներից մեկը հաշտության պայմանագրի դրույթները և հաղթանակած տերությունների դիրքորոշումը մեղմելու ցանկությունն էր, քանի որ կայսրությանը վերջնական կործանում էր սպառնում: Բացի այդ` Թուրքիայի նոր իշխանությունները մտադիր էին պատասխանատվության ենթարկել առանց հիմնավոր պատճառի երկիրը պատերազմի մեջ ներքաշած և Առաջին աշխարհամարտի տարիներին բազմաթիվ տնտեսական չարաշահումներ կատարած երիտթուրքերին: Միաժամանակ թուրքերը գիտակցում էին, որ եթե Հայոց ցեղասպանության հանցագործները դատվեին միջազգային դատարանում, ապա կարող էին ի հայտ գալ ռազմական ոճրագործությունների վերաբերյալ այնպիսի փաստեր, որոնք բացարձակապես ձեռնտու չէին լինի Օսմանյան պետությանը, իսկ եթե երիտթուրքերը դատվեին թուրքական դատարանում, ապա հնարավոր կլիներ որոշ հանցանքներ կոծկել մեծ տերություններից ու միջազգային հանրությունից:   

Արդ, պատերազմից հետո օսմանյան նոր կառավարությունը փութաց պատժել Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայում կատարված ոճրագործությունների, մասնավորապես` հայերի տեղահանության ու կոտորածների հանցագործներին: Այս հարցում կարևոր դեր խաղաց նաև այն, որ 1918 թ. դեկտեմբերից այստեղ իշխանության եկած կառավարությունները հիմնականում կազմվում էին երիտթուրքերի հակառակորդ՝ «Ազատություն և համաձայնություն» (Hürriyet ve  İtilaf) կուսակցության անդամներից:

1919-1921 թթ. Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանում 63 դատական գործ հարուցվեց հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով, որոնցից գլխավորը երիտթուրքերի կուսակցության և կառավարության անդամների դատերն էին:

Գլխավոր դատավարությունն սկսվեց 1919 թ. ապրիլի 28-ին և շարունակվեց մինչև նույն տարվա մայիսի 17-ը: Այս դատավարության ժամանակ հեռակա կարգով մեղադրվել են 11, իսկ ներկա կարգով` 20 կուսակցական գործիչներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ: 

Հարկ է առանձնահատուկ կերպով անդրադառնալ երիտթուրքերի կուսակցության անդամների դատավարության մեղադրական ակտին, քանի որ այն բաղկացած էր այնպիսի խիստ կարևոր վավերագրերից, ինչպիսիք են ծածկագիր հեռագրերն ու բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների վկայությունները: Այս դատական վավերագրերը բացառիկ արժեք են ձեռք բերում նաև, երբ նկատի ենք առնում, որ դրանցից յուրաքանչյուրն ուսումնասիրվել է Օսմանյան կայսրության արդարադատության և ներքին գործերի նախարարություններին ենթակա իրավասու պաշտոնյաների կողմից, որոնք հաստատել են դրանց վավերականությունը: Բացի այդ` շատ դեպքերում մեղադրյալներին ցույց են տրվել փաստաթղթերում  սեփական ստորագրությունները, և նրանք ընդունել են, որ դրանք իրենց են պատկանում:

Մեղադրական ակտն ընդգծում էր, որ հայերի բնաջնջումը նախապես որոշվել էր «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի մանրամասն քննարկումների արդյունքում: Ամբաստանագրում շեշտվում էր, որ երիտթուրքական կուսակցության ղեկավարների կողմից բանտերից ազատված հանցագործներից ստեղծված Հատուկ կազմակերպության բուն նպատակը  ոճրագործություններ կատարելն էր, և նշվում, որ տվյալ կազմակերպությունը սերտ կապերի մեջ է եղել «Միություն և առաջադիմություն» կուսակցության հետ, և սույն կազմակերպության գլխավոր պաշտոնյաները կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներն էին: Նաև ընդգծվում էր, որ Հատուկ կազմակերպության ավազակները հետագայում օգտագործվել են հայերի բնաջնջումը կազմակերպելու նպատակով: Ամբաստանագրում շեշտվում էր, որ հայերի տեղահանության ընթացքում տարբեր ժամանակներում և վայրերում տեղի ունեցած հանցագործությունների հետաքննությունը բացահայտել է, որ այդ ոճիրները ոչ թե կրել են տեղական բնույթ, այլ կանխամտածվել և իրականացվել են մեղադրյալներից կազմված «հատուկ կենտրոնի» բանավոր հրահանգներով ու գաղտնի հրամաններով, և լիովին ապացուցվել է, որ հայերի կոտորածները կատարվել են Թալեաթի, Էնվերի և Ջեմալի անմիջական հրամաններով ու գիտությամբ: Ամբաստանագրում հերքվում էր նաև Մեծ եղեռնի հեղինակների և ցեղասպանությունը ժխտող թուրք պատմաբանների այն «փաստարկը», թե իբր տեղահանությունն իրականացվել է որպես ռազմական միջոցառում. նման գործողությունները չէին բխում ռազմական անհրաժեշտությունից: Դրանք ո՛չ պատժիչ գործողություններ էին, ո՛չ էլ կարգապահական: Նաև նշվում էր, որ կուսակցությունն ու կառավարությունը բացահայտ հրաման էին արձակել հայերի կոտորածների համար: Որպես ապացույց բերվում էր այն ծածկագիր հեռագիրը, որում հրահանգվում էր ոչնչացնել տեղահանված հայերին: Փաստաթղթում ընդգծվում էր, որ ջարդերն ուղղորդվել ու վերահսկվել էին Ներքին գործերի նախարարության և անձամբ նախարար Թալեաթի կողմից, իսկ հայերին պաշտպանել համարձակված պաշտոնյաներին ու հասարակ մարդկանց սպառնացել էին պաշտոնազրկմամբ և անգամ մահապատժով3։

Թեև առաջինն անդրադարձանք գլխավոր համարվող` երիտթուրքերի կուսակցության և կառավարության անդամների դատավարությանը, սակայն հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով հարուցված առաջին դատական գործն իրականում Յոզղատ գավառի դատավարությունն էր, որը մեկնարկել էր 1919 թ. փետրվարի 5-ին։ Յոզղատի գործով 3 մեղադրյալներից մեկը՝ Բողազլըյան գավառի կառավարիչ Մեհմեդ Քեմալը, 1919 թ. ապրիլի 8-ին կայացված դատավճռի համաձայն, դատապարտվել էր մահվան։ Այս դատավճիռն իրագործվել էր 1919 թ. ապրիլի 10-ին, որից հետո Ստամբուլում զանգվածային ցույցեր էին կազմակերպվել երիտթուրքերի դատավարությունների դեմ: Քաղաքում անգամ լուրեր էին տարածվել, թե այն բանտը, որտեղ պահվում էին բարձր պաշտոններ զբաղեցրած մեղադրյալները, զինված հարձակման էր ենթարկվելու ճիշտ այնպես, ինչպես Բաստիլը` ժամանակին4: 1919 թ. մայիսին այս բանտում արդեն կալանավորված էին առնվազն 250 մարդ5: 1919 թ. մայիսի 23-ին Ստամբուլում տեղի է ունենում դատավարության և հույների կողմից Իզմիրի գրավման դեմ ուղղված ամենազանգվածային ցույցը: Այս ցույցերը վկայում էին, որ երիտթուրքերը դեռ շարունակում էին մեծ ուժ ներկայացնել Թուրքիայում: Վարչապետ Դամադ Ֆերիդը լարվածությունը մեղմելու նպատակով ազատ է արձակում 41 կալանավորների, որոնք կասկածվում էին հատկապես հայերի կոտորածների հետ առնչություն ունենալու մեջ6: Դամադ Ֆերիդը որոշում է նաև ժամանակավորապես դադարեցնել կուսակցության անդամների դատաքննությունը: Այս բոլոր իրադարձությունների ազդեցության տակ Մեծ Բրիտանիայի գերագույն կոմիսարի տեղակալ, ծովակալ Վեբը որոշում է մյուս կալանավորներին տեղափոխել ավելի ապահով մի վայր, քանի որ Անգլիան սկսել էր չվստահել օսմանյան դատարաններին, բացի այդ` մտադիր էր սեփական դատարանի միջոցով դատապարտել պատերազմական հանցագործներին: 1919 թ. մայիսի 28-ին անգլիացիները որոշ կալանավորների տեղափոխում են Մալթա կղզի: Թեև Մեծ Բրիտանիան սկզբում իրոք մտադրված էր  դատապարտել Մալթայի աքսորյալներին, սակայն հետագայում նրա վճռականությունը հետզհետե թուլացել է, և ի վերջո նա  Հայոց ցեղասպանության ոճրագործներին փոխանակել է անգլիացի ռազմագերիների հետ: Մալթայի աքսորյալները վերադարձել են Թուրքիա, մասնակցել ազգայնական պայքարին և հանրապետության հռչակումից հետո զբաղեցրել կարևոր քաղաքական պաշտոններ:Այսպես Հայոց ցեղասպանության պատասխանատուները դարձել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր կադրերը:

Ռազմական արտակարգ ատյանը գլխավոր դատավարությունը վերսկսել է 1919 թ. հունիսի 3-ին: Այս դատավարության ժամանակ նորից դատվել են վարչապետ Թալեաթ փաշան, ռազմական նախարար Էնվեր փաշան, ռազմածովային նախարար Ջեմալ փաշան ու հանրային կրթության նախարար դոկտոր Նազըմը, ովքեր 1919 թ. հուլիսի 5-ին կայացված դատավճռով հեռակա կարգով դատապարտվել էին մահվան7:  

Հայոց ցեղասպանության իրականացման գործում առանցքային դեր են կատարել նաև երիտթուրքական կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարները, որոնք մասնավորապես տեղում կազմակերպել և վերահսկել են Օսմանյան կայսրության տարբեր նահանգների հայության տեղահանումն ու կոտորածները: «Միություն և առաջադիմություն» կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարների դատաքննությունը Ստամբուլի ռազմական դատարանում սկսվել է 1919 թ. հունիսի 21-ին ու տևել մոտ 7 ամիս: Դատավարության սկզբում մեղադրյալները 7 անձիք էին: Հետագա նիստերում ամբաստանյալների թիվը հասել է 12-ի, և 12-ի նկատմամբ էլ դատավճիռ է կայացվել8: 

Հայերի կոտորածների կազմակերպիչների պատասխանատվության խնդիրը Ստամբուլի ռազմական դատարանների կողմից քննվել է նաև ըստ Օսմանյան կայսրության տարբեր շրջանների: Շրջանների դատավարությունների մեջ առավելապես կարևորվում են առաջինը տեղի ունեցած Յոզղատի և Տրապիզոնի դատական գործերը, քանի որ ամենից շատ այս դատաքննությունների ընթացքում են ներկայացվել վկայություններ ու ապացույցներ, որ տեղական իշխանությունները հայերին ոչնչացրել են՝ հիմնվելով կենտրոնական կառավարությունից ստացած հրահանգների վրա: Բացի այդ` տվյալ դատավարությունների ժամանակ հանդես եկած վկաները հիմնականում եղել են թուրքեր և այլ ազգությունների պատկանող մահմեդականներ և ոչ թե «միայն հայեր», ինչպես փորձում են ներկայացնել որոշ թուրք կեղծարարներ: Ավելին` Տրապիզոնի դատավարության ընթացքում մեղադրյալների դեմ վկայություններ են տվել նաև բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ9: Տարբեր նահանգների և գավառների դատավարությունների շարքում առանձնապես կարևորվում են նաև Դեր-Զորում հայության բնաջնջմանը վերաբերող դատական գործերը։ 

Այսպիսով, երիտթուրքերի դատավարությունների փաստը խիստ նշանակալի է, քանի որ Թուրքիան, ի դեմս այն ժամանակվա իշխանությունների, այդ կերպ ընդունել է, որ հայերը զանգվածաբար կոտորվել են համաձայն նախապես որոշված պետական ծրագրի:  

*** 

1․ Dadrian V.,  Akçam T., “Tehcir ve Taktil”, Divan-ı Harb-i Örfi Zabıtları, İttihad ve Terakki’nin Yargılanması 1919-1922, İstanbul, 2008, s. 6.

2․ Տե՛ս Փափազեան Ա. Հ., Հայերի ցեղասպանութիւնը ըստ երիտթուրքերի դատավարութեան փաստաթղթերի, Լոս Անճելես, 2005, էջ 2-3:

3․ Տե՛ս “Takvîm-i Vekayi”, No 3540, 5 Mayıs 1335 (1919):

4․ Տե՛ս Dadrian V., Ulusal ve Uluslararası Hukuk Sorunu Olarak Jenosit, Belge Yayınları, İstanbul, 1995, էջ 67:

5․ Տե՛ս Şimir B., Malta Sürgünleri, Bilgi Yayınevi, İstanbul, 1985,  էջ 96:

6․ Տե՛ս Dadrian V., Ulusal ve Uluslararası Hukuk Sorunu Olarak Jenosit, էջ 170:

7․ Տե՛ս “Takvîm-i Vekayi”, No 3604, 22 Temmuz 1335 (1919), էջ 218: 

8․ Տե՛ս “Takvîm-i Vekayi”, No 3772, 10 Şubat, 1920: 

9․ Այդ մասին ավելի մանրամասն տե՛ս Անումյան Մ., Երիտթուրքերի 1919-1921 թթ. դատավարությունները՝ ըստ օսմանյան մամուլի, Երևան, 2011, Անումյան Մ., Ճանաչում եւ դատապարտում. երիտթուրքերի դատավարությունները (1919-1921 թթ. եւ 1926 թ.), Երևան, 2013: 

Մելինե Անումյան

Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու 

«Դրօշակ», թիվ 4 (1638), ապրիլ, 2020 թ.