կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-31 12:30
Հասարակություն

Ադրբեջանաբրիտանական քիրվայությունն ընդդեմ Արցախի

Ադրբեջանաբրիտանական քիրվայությունն ընդդեմ Արցախի
«Հիմա էլ, Փառուխի ու Քարագլխի օկուպացիայի պայմաններում, Մեծ Բրիտանիան չի էլ թաքցնում իր ռազմավարական աջակցությունը [Ադրբեջանին], իսկ թե վարագույրներից այն կողմ ինչ ծավալի ու տեսակի իրական աջակցություն է տրվում, կարող ենք միայն գուշակել». գրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Այո։
Ավելին՝ Մեծ Բրիտանիան իր ռազմավարական աջակցությունն Ադրբեջանին երբեք չի էլ թաքցրել։ Դեռ 100 տարի առաջ՝ 1918-1919 թթ.-ին, երբ բրիտանական զորքերը մուտք էին գործել Անդրկովկաս, նրանք Արցախի բնակչությունից պահանջում էին ճանաչել պատմության մեջ նոր ի հայտ եկած Ադրբեջան պետության գերիշխանությունը։
1919 թ. հունվարի 15-ին, երբ անգլիացիների աջակցությամբ և երաշխավորությամբ Ադրբեջանի կառավարությունը Զանգեզուրի, Շուշիի, Ջևանշիրի ու Ջեբրայիլի գավառներից ստեղծեց ժամանակավոր գեներալ-նահանգապետություն և նահանգապետ նշանակեց հայատյաց Խոսրով Բեկ-Սուլթանովին, նույն անգլիացիները Արցախի ժողովրդից պահանջում էին ենթարկվել Սուլթանովին։
Ավելին, այդ օրերին Արցախի ազգային խորհրդի նախագահ Արսեն Շահնազարյանի և Շուշիի քաղաքագլուխ Գերասիմ Մելիք-Շահնազարյանի հետ հանդիպման ժամանակ բրիտանական միսիայի գնդապետ Դ. Շատելվորդն ասել էր. «Ես նախազգուշացնում եմ, որ Ադրբեջանի և նրա գեներալ-նահանգապետի դեմ ցանկացած էքսցես ուղղված է Անգլիայի դեմ։ Մենք այնքան ուժեղ ենք, որ կարող ենք ստիպել ձեզ ենթարկվել«...
Ոչինչ չի փոխվել։ Անգամ մենք, որ դեռ սպասում ենք արևմտյան հովերով մեր լեռներն անցնելիք «անգլիական նավերին»...
 
 
Ալվինա Աղաբաբյան

 «Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ նախագահ