կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-24 11:38
Քաղաքական

ԱԺ-ն կկարողանա ինքնավար մարմինների անդամներ նշանակել նախքան այդ պաշտոնի թափուր մնալը

ԱԺ-ն կկարողանա ինքնավար մարմինների անդամներ նշանակել նախքան այդ պաշտոնի թափուր մնալը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 24-ի նիստում հավանություն տվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանվում է, որ ինքնավար մարմինների անդամների նշանակումը նախատեսվում է միայն ինքնավար մարմնի անդամի պաշտոնը թափուր մնալու դեպքում։

Նման կարգավորումը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ ինքնավար մարմնի անդամի պաշտոնը թափուր մնալուց հետո, մինչև նոր անդամի ընտրությունը, ինքնավար մարմինն ունենա նիստի և որոշումների ընդունման իրավազորության խնդիր։ Ավելին՝ նման պայմաններում իրավիճակը կարող է ավելի բարդանալ միևնույն ժամանակահատվածում ինքնավար մարմնի անդամների արձակուրդում գտնվելու, գործուղման մեջ լինելու, ժամանակավոր անաշխատունակության կամ այլ պատճառով բացակայության դեպքում։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առկա է անհրաժեշտություն օրենքում կատարելու փոփոխություն՝ մինչև ինքնավար մարմնի անդամի պաշտոնավարման ավարտը այդ պաշտոնում նոր անդամի նշանակման կարգի հստակեցման վերաբերյալ, ինչպիսի կարգավորումներ նման խնդիրներից խուսափելու համար նախատեսված են որոշ այլ մարմինների դեպքում։ Մասնավորապես՝ մինչև անդամի պաշտոնի թափուր մնալը նոր անդամի նշանակման հնարավորություն նախատեսված է Բարձրագույն դատական խորհրդի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի նշանակման դեպքում՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ հոդվածների և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ հոդվածների։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է նախատեսել ուղղակի կարգավորումներ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով ինքնավար մարմնի անդամի պաշտոնում մինչև թափուր պաշտոնի առաջացումը նոր անդամի նշանակման հնարավորության համար: