Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առիթը բաց չի թողել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հիշեցնելու իր էներգետիկ գոյության մասին և առաջ հրելու սեփական տարածքային ամբողջականության հարցն իբրև տարածաշրջանում խաղաղություն ստեղծելու երաշխիք։ Նովրուզի տոնի առթիվ Բայդենի շնորհավորանքին ի պատասխան Ալիևը նամակ է գրել Բայդենին ու ասել, որ իրենք բարձր են գնահատում ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը հարուստ էներգետիկ ռեսուրսների զարգացմանը Կասպից ծովի ադրբեջանական հատվածում և համաշխարհային շուկա դրանց տեղափոխմանը, ինչպես նաև ձեռքի հետ էլ նշել է միջազգային իրավունքի ընտրովի երեք սկզբունք՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրենց երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության, իբրև թե, սկզբունքները։
Էներգետիկ հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում վստահեցրեց, որ իրականության հետ ոչ մի աղերս չունեցող տեսլական է Ադրբեջանը ներկայացնել իբրև էներգետիկ գործոն։
«Միշտ էլ Ադրբեջանը փորձել է աշխարհին ներկայանալ որպես ինչ-որ էներգետիկ գործոն, որը կարող է արժեք ունենալ էներգետիկ քաղաքականության մեջ։ Սա իրականության հետ ոչ մի աղերս չունեցող տեսլական է, որովհետև Ադրբեջանի էներգետիկ արժեքը շատ ցածր է։ Առավել ևս միջազգային էներգետիկ շուկայում ինքն ընդհանրապես արժեք չունի»,-ասաց նա։
Մասնավորապես, նա փաստեց, որ Ադրբեջանը տիրապետում է համաշխարհային նավթի շուկայի 0,6 տոկոսին։ Համեմատության համար նշեց փոքր Քուվեյթի օրինակը, որն ունի համաշխարհային նավթի 8,4 տոկոսը։
«Սրանք անհամեմատելի մեծություններ են, հետևաբար, այս փորձերը՝ դիրքավորվելու որպես լուրջ էներգետիկ, առավել ևս, նավթային գործոն համաշխարհային քաղաքականության մեջ, անիմաստ բան է։ Որովհետև հիմա տեսնում եք՝ նավթի գները բարձրանում են և այս նավթի գների բարձացման պատճառն այն է, որ հակառուսական սանկցիաներ են կիրառվում։ Ա՛յ, Ռուսաստանը լուրջ գործոն է նավթային շուկայում, մոտավորապես տիրապետում է նավթի համաշխարհային պաշարների 6 տոկոսին։ Սրանք անհամեմատելի մեծություններ են։ Բայց այս քաղաքական գիծը Ադրբեջանը միշտ էլ փորձել է առաջ տանել, և նրանք, ովքեր վատ են պատկերացնում համաշխարհային էներգետիկ շուկան, շատերը, ցավոք սրտի, ընդունում են դա»,-ասաց Արմեն Մանվելյանը։
Նրա խորին համոզմամբ՝ նամակը Բայդենին քաղաքական հայտարարություն է, որն իրական նավթի-գազի շուկայի հետ աղերսներ չունի։
«Սա ծախել Բայդենի վրա՝ միամտություն է»,-ասաց նա։
Փորձագետը հնարավոր է համարում, որ այս քաղաքական հայտարարությունն արվում է ներքին շուկայի համար, որովհետև չի կարծում, որ Բայդենի խորհրդականներն Ադրբեջանին որպես նավթային այլընտրանք լուրջ են ընդունում։
Աննա Բալյան