կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-09 18:32
Առանց Կատեգորիա

Միամտություն է ՀՀ էլիտայի որոշ մասի կողմից կարծելը, թե այսօր իրենք թելադրում են իրենց կամքը Արցախին. Լարիսա Ալավերդյան

Միամտություն է ՀՀ էլիտայի որոշ մասի կողմից կարծելը, թե այսօր իրենք թելադրում են իրենց կամքը Արցախին. Լարիսա Ալավերդյան

Առ այսօր մեր պատվիրակություններն աշխատում են այն պահին, երբ գնում են Ստրասբուրգ: Եվրոպայի խորհրդի կամ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովներում բոլորը պատրաստվում են ամիսներ առաջ, և հենց այստեղ է, որ հայկական հետքը չկա, մինչդեռ ադրբեջանցիներն աշխատում են նախքան այս կամ այն փաստաթղթի` սեղանին հայտնվելը:  Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: 

-Եվ երբ սեղանին են հայտնվում, կարելի է մեկ-երկու խոսք, ստորակետ, կոսմետիկական կամ մակերեսային ինչ-որ բաներ փոխել, մինչդեռ այդ փաստաթղթերը հենց այնպես չեն հայտնվում, դրանց վրա աշխատում են շատ երկար, գնում են մանրակրկիտ քննարկումներ: Եվ մեր այս խնդիրը դեռ մնում է` ինչ-որ վերևում ասացի: Անուններ չեմ ուզում տալ, որ չասեն` գովում է, բայց մեկ-երկու օրինակ կարող եմ բերել, երբ պատգամավորն իմացել է, թե ինչ հարցեր պետք է լինեն և նախօրոք նյութեր է պատրաստել: Մենք էլ`  որպես հասարակական կազմակերպություն, օգնել ենք այն հարցերում, որոնցով մենք զբաղվում ենք, և նախապես ուղարկվել է, որ հետո հաշվի առնեն: Մեկ-երկու պատգամավոր են, որ սովորել են տարիների ընթացքում աշխատել, իսկ մնացածն այն քաղաքականության շարունակությունն են՝ ցույց տալ ավելին, քան տեղի է ունեցել: Երկրորդ՝ մենք միշտ լինում ենք սևերով խաղացող, այսինքն՝ մենք արձագանքում ենք այս կամ այն փաստաթղթին, կրկնում եմ՝ 1-2 դեպք է եղել, երբ նախաձեռնությամբ ենք հանդես եկել, որին պիտի հետո արձագանքեր այս կամ այն երկիրը: Եվ ինչքան էլ մակերեսի վրա բաներ ցույց տան և անեն, այս երկու խորքային պատճառներով մենք  Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ խորհրդարանական հարթակներում չենք ունեցել նախաձեռնողականությամբ սկսված և նվաճողականությամբ ավարտված որևէ նախաձեռնություն: 

-Ի դեպ, վերջերս իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ հրաժարվում են ԵԽԽՎ-ն որպես հայ-ադրբեջանական բախման հարթակ ներկայացնելուց, և որ հանդես են գալիս համաեվրոպական օրակարգով, իսկ ադրբեջանական ցանկացած սադրանքի պարագայում նրանք ստանալու են ոչ թե սիմետրիկ, այլ ասիմետրիկ պատասխան:

-Մենք գիտենք, որ ցանկացած հարթակ, որտեղ մարդկային գործոնը մեծ է, անպայման այս կամ այն աստիճանի քարոզչություն կամ հակաքարոզչություն է պարունակում, անգամ՝ խեղաթյուրում, առհասարակ՝  հիբրիդային պատերազմին հատուկ բոլոր ձևակերպումները: Այսինքն՝ եթե մենք միայն դիտողություն անենք կամ դեղին քարտ ցույց տանք, ընդ որում՝ մեր սեփական լսարանում, դա չի աշխատում: Ես էլ եմ կողմնակից, որ մենք ոչ միայն կրկնենք մութ տեխնոլոգիաները, այլ նաև աշխատենք այն խողովակներով, որոնք ավելի արդյունավետ կարող են լինել, և վերջապես աշխատենք պատգամավորների հետ: Թյուր կարծիք է, եթե մտածենք, որ բոլոր եվրոպացի պատգամավորները ծախու են, բոլորը խավիար են սիրում, դա այդպես չէ: Այլ հարց է, որ պետք է գտնել գործընկերներ, նրանց հետ դաշինքներ կազմել: Ես չեմ ասում` դե յուրե, այլ աշխատել այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են աշխարհին, Եվրոպային, որպեսզի պետք եղած դեպքում այդ դաշնակիցները քո մեջ հավասարին տեսնեն և մասնակցեն արդեն քո ազգային շահերից բխող որոշումների կայացմանը: Այստեղ, մի քիչ շեղվելով թեմայից, ուզում եմ հիշեցնել «իզմ»-երը մերժելո`ւ Նիկոլ Փաշինյանի ելույթը, թե իրենց գաղափարախոսությունը ո'չ սոցիալիստական է, ո'չ` մեկ այլ բան, կներեք դա անուն ունի՝ պոպուլիստական: Պետք չէ մտածել, թե որևէ երևույթ անուն չունի: Վերջին տարիներին տարբեր երկրներում պոպուլիստական ալիքի վրա քաղաքական այս կամ այն ուժերի ենք տեսել իշխանության մեջ, բայց եթե նայենք, թե հինգ-վեց տարուց հետո եղածին, կտեսնենք, որ պոպուլիստական ալիքը հիմա անկում է ապրում: Մեզ մոտ հակառակն է՝ պոպուլիզմի վերելքի վրա ենք: Իսկ այն միտքը, որ աշխարհի համար օրինակ պիտի լինենք, մանկամտություն է: Նաև այն, որ մեր տնտեսական փնտրտուքները զրոյով են ավարտվել, նրանից է, որ մեր իշխանությունները համառությամբ հրաժարվել են տնտեսական զարգացման  սկանդինավյան մոդելից, փոխարենը մենք գնում ենք այն ճանապարհով, որը լի է խութերով՝ դա ԱՄՆ-ի 200 տարվա ճանապարհն է` ամեն ինչը լուծում է շուկան, և շուկայականը Աստված է տնտեսական մոդելների մեջ: Իրականում մենք գիտենք, որ Եվրոպայում սոցիալիստական գաղափարներն այնքան են սերտաճել քաղաքականությանը, որ անգամ իշխանափոխությունից հետո կամ ընտրությունների արդյունքում իշխանության եկած այլ ուժեր չեն կարող բազային սոցիալական պաշտպանվածության կամ տնտեսական զարգացման հիմնաքարերը փոխել: Մինչդեռ մենք ո՛չ հիմնաքար ունենք, ո՛չ էլ որևէ գաղափարախոսություն ենք, խորքային առումով, որդեգրել: Նույն` ազատ շուկայական հարաբերություններ կամ «բաց հասարակություն» ասվածի մեջ, որն այսօր այլ կերպ է ընկալվում, կան խորքային իմաստներ, որոնք եվրոպական որևէ երկրում չեն առանձնացվել և բռնի ձևով պոկվել ավանդույթներից՝ կրոնական, մշակութային և այն: Եվ նրանք, ովքեր չեն գնում Եվրոպայում ուղղակի զբոսնելու, այլ ուսումնասիրում են խորքային զարգացումները, կտեսնեն, որ չի եղել այդ ավանդույթներին հակառակ բան, այլ օգտագործվել են եղած դրական կողմերը: Սինգապուրում, որի մասին այդքան շատ է խոսվում, չի եղել այնպես, որ  բերել և մերկ կմախքին հագցրել են տնտեսական մոդելը, հակառակը՝ այնպես է մշակվել «միս ու արյունը», որ այն իրական ոգևորություն արթնացնի: Իսկ մենք մեր ուժը կորցնում ենք ձայնային ազդանշանների վրա, քան շարժիչի: Շարժիչ ուժերի հետ չէ, որ աշխատում ենք այսօր:

-Արցախում կադրային որոշակի փոփոխություններ են ընթանում, սրանք ներքաղաքական հնարավոր ի՞նչ զարգացումների արձագանք են:

-Գուցե հիմա որոշ առումով մեծամտություն ցուցաբերեմ` ղարաբաղցիներին ներհատուկ. այդտեղ կադրային փոփոխություննները չեն կարող լինել ժողովրդի կամքին հակառակ: Եվ մեզ կողքից թվում է, որ հեշտությամբ են Արցախում գնում դրան: Պատճառն այն է, որ նրանք ավազի վրա չեն  հիմնված, այլ քարակրի: Եվ միամտություն է հայկական էլիտայի որոշ մասի կողմից, որ կարծում են, թե այսօր իրենք ամբողջովին թելադրում են իրենց կամքը Արցախին: Նախ՝ սա պատիվ չի բերում ՀՀ-ին, երկրորդ՝ դա, ըստ էության, չի իրականանում, որովհետև այնտեղ խորքային են բոլոր համոզմունքները, Արցախի անկախության կայացումը հիմնված է միջազգային իրավունքի և օրինականության վրա, այսինքն՝ այնքան լեգիտիմ են այդ բոլոր գործընթացները, որ կադրային փոփոխություններով այն սասանելը միամտություն է: Արցախի ԱԱԾ-ն երեկ հայտարարություն էր տարածել, որում հստակեցվել էին շեշտադրումները: 

-Օրերս արտակարգ և լիազոր դեսպան, 1991-1992թթ. Հայաստանի նախագահի օգնական, արտաքին գործերի նախկին փոխնախարար և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ առաջին դեսպան Ռուբեն Շուգարյանը Tert.am-ի հետ զրույցում  առաջարկել է ԼՂՀ ներկայացուցչին ներառել հայկական պատվիրակության կազմում, ինչը Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը համարել է Արցախի կարգավիճակի իջեցում: 

-Մենք մեկ տարուց ավելի տեսնում ենք, որ ասածների և գործողությունների միջև մեծ տարբերություն կա, և այս տարբերություններն են, որ վերլուծական մտքի խնդիր պիտի դառնան: Մենք չպետք է հետամնացություն համարենք, երբ ինձ նման փորձագետն ասում է՝ եթե դրանք Լևոն Տեր-Պետրոսյանի կադրային շտեմարանից են գալիս, ապա նրանք պետք է վերարտադրեն նույն գաղափարները: Հիմա այդ նույն գաղափարը եղել է հենց Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, իսկ Շուգարյանը նրա օրոք սրընթաց աճած կադրերից է, և տեսեք, որ այսօրվա իշխանությունը շարունակեց նույն մարդու կարիերայի աճը: Կրկնում եմ՝ այդ միտքը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվա վարդագույն երազանքն է եղել: Այո, ինչպես Դավիթ Բաբայանն է ասում, դա իջեցնում է Արցախի կարգավիճակը, որովհետև այսօր անուղղակի, բայց հավասար ձևով են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ստեփանակերտ ընկալում, այլ ոչ թե որպես հայկական պատվիրակության անդամի: Ես կարծում եմ, որ Արցախն անսասան կանգնած է իր այդ դիրքորոշման վրա, իսկ արցախահայության այդ դիրքորոշումը լոկալ չէ, այն համայն հայության պայքարով ձևավորված և հաստատված դիրքորոշում է: Երբ խոսում են, որ Ադրբեջանից անկախությունը հստակեցնելը և Արցախի անկախության ճանաչումը պիտի փոխարինվի «անջատում կամ անկախություն հանուն ինքնապահպանության» մոդելով, իրականում սրա մեջ կան խութեր: Այս մոդելն իր ամբողջ տեսքով, որը դրական է թվում, ենթադրում է՝ այն պետությունից, որից մյուս պետությունն անկախանում է, մայր պետություն է, մինչդեռ իրականում Ադրբեջանը Արցախի համար միջազգային կոռեկտ իրավիճակով չի եղել մայր կամ ծնող պետություն, խիստ հակառակը՝  Արցախի ամբողջ պատմությունը վկայում է, որ Արցախը միշտ պայքարել է Ադրբեջանի` բռնազավթման քաղաքականության դեմ և ցանկացած պահի օգտվել է պահից, որ անկախանա, որ իրականություն դարձնի իր իրական անկախությունը: Այստեղ պիտի ասեմ, որ միջազգային իրավունքը հենց այսպիսի պետությունների համար բուռն զարգացումներ է ունեցել վերջին երկու տասնամյակում, և ես ափսոսում էր, որ այդ շտեմարանից չեն օգտվել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները, թեպետ հստակեցվել է, որ Արցախն ուղղահայաց չպետք է ենթարկվի Ադրբեջանին և որ երբեք չի եղել Ադրբեջանի մաս: Իսկ նոր իշխանությունների դեպքում Արցախի վերադարձի մասով ասածը եղել է տակտիկական քայլ` ունենք այդ խնդիրը, որը մինչև չլուծվի, չենք կարող ակնկալել վերջնական լուծում: Մյուս կողմից՝ Արցախի վերադարձը տարբեր ձևեր կարող է ընդունել, ընդհուպ՝ Շուգարյանի ասածը, որը հակառակ է վերը նշված գաղափարին, իսկ նման մտքերը պատահական չեն ծնվում: Ի դեպ, հանդիպումների ժամանակ ՀՀ-ի կողմից պատվիրակություն չի մասնակցում, որ Արցախի ներկայացուցիչներն էլ այդտեղ ներկայացված լինեն, ՀՀ-ի կողմից մասնակցում է ԱԳՆ-ն, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այնպես որ` նման զրույցները փորձեր են՝ փոխելու ձևաչափերը, բայց` ոչ ավելին: Ադրբեջանն էլ է ուզում ընդգրկել Ղարաբաղի ադրբեջանական համայնքին, բայց ծիծաղելին այն է, որ տիտուլային ազգի դեպքում կամ որևէ ավտոնոմ միավորում փոքրամասնություն չի համարվում: Ավելին` ադրբեջանական փախստականները չեն եղել անօգնական, բոլոր տեղերում մասնակցել են տարբեր ակցիաների, որոնք վնասում էին Արցախի հայությանը: Մենք շատ-շատ կարող ենք խոսել, թե ինչ են թողել, ինչ փոխհատուցում են ստացել կամ ինչ վնաս են հասցրել:

-Այսօր ինչպիսի իշխանության հետ գործ ունենք ՀՀ-ում, ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն իր հրաժարականից հետո ասաց, որ գալիս է ռազմի իշխանությունը:
 
-Դեռ այն գլխից օրակարգ էր բերվել արհեստական հակադրում՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն, այսինքն՝ իբր նրա ներկայացրած խումբը խաղաղության կողմնակից էր, իսկ հակառակ կողմը չէր ուզում խաղաղություն: Բայց իրականում այդպես չէ, ի վերջո, հենց այն ուժերն են եղել տարբեր պաշտոններում, որոնք ստորագրել են զինադադարի պայմանագիրը, և այնպես չէ, որ զինադադարն ամբողջովին դրսից է բերվել: Ճիշտ է՝ ես կարծում եմ, որ այդ զինադադարի փաստաթղթերը լեցուն են սխալներով և կոպիտ քաղաքական բացթողումներով, բայց այդ ժամանակավոր խաղաղության հաստատումը եղել է նույն ուժերի կողմից: Այլ հարց է, որ նրանք պայման են դրել՝ դադարեցնում ենք, որովհետև մեզ համար անկախությունը եղել և մնում է առաջնային նպատակ, դրան չէր կարելի հակադրվել: Հիմա տեղի է ունենում նույն այդ սցենարի կրկնությունը`կարծես թե կան նրանք, ովքեր ասում են` եկեք խաղաղություն սկսենք հարևանների հետ, և կան նրանք, ովքեր ասում են՝ եկեք գնանք զոհվենք կամ տանենք ուրիշներին` դնենք զոհասեղանին: Սա վերին աստիճանի խորամանկություն է՝ նենգության հասնող: Այս հարցադրումը արհեստական և ոչ հասուն մտքի արգասիք է նաև: Մենք ունենք հստակ խնդիր՝ թույլ չտալ, որ Ադրբեջանը կրկին բռնազավթի իրեն չպատկանող  տարածքները, որոնք ներկայացվում են որպես ունիտար պետության պատկանող, և այդ ճանապարհի վրա ենք հաստատում խաղաղություն, որը խախտվում է Ադրբեջանի կողմից: Երբևէ չի եղել կասկած, որ այդ զինադադարը խախտվում է Ադրբեջանի կողմից, որքան էլ պարիտետ դրվի: Արցախի` այս տարիների զարգացումը հենց խաղաղության գաղափարի վրա է հիմնված: Եվ նրանք, ովքեր եղել են Արցախում 1990-ականներին և հիմա, կտեսնեն, թե որքան մեծ իղձ է արցախցու համար խաղաղությունը, որովհետև այն թույլ է տալիս զարգանալ, շինարարություն իրականացնել, կառուցել: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման բանակցություններին, հանդիպումներից հետո Ադրբեջանի կողմից արվող հայտարարություններին, ապա իրականության հետ եթե համընկնում կա, նրանք միշտ ավելի շուտ են ազդակներ հաղորդում, թե իրականում ինչ է տեղի ունենում: Սա առաջին հերթին արվում է այն բանի համար, որ անվերապահ ընկալում սերմանի իր սցենարով զարգացման նկատմամբ, երկրորդ՝ միշտ հող է պատրաստում զինադադարը խախտելու նոր դրվագների համար: Ադրբեջանը մեզ լավություն անելու համար չի անում դա, նա երբեք չի հաշտվելու Արցախի անկախության  փաստի հետ: ՀՀ ԱԳՆ-ում պրոֆեսիոնալ կադրեր կան, բայց մենք գիտենք, որ, ի վերջո, որոշում ընդունողը ոչ թե ԱԳ նախարարն է, այլ երկրի փաստացի ղեկավարը: Իսկ ինձ համար մինչև հիմա գաղտնիք է, թե ինչպիսին է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Արցախի հարցում, բայց մի քանի վերլուծականից հետո եկել եմ այն եզրահանգման, որ գաղափարախոսության հիմքում մնում են առաջին նախագահի ժամանակվա արտաքին քաղաքականության տարրերը, որքան էլ փորձ արվի փոփոխություն մտցնել բառապաշարում: Եվ այստեղ տեսնում եմ, թե ինչպես է ԱԳ նախարարը որոշ չմտածված արտահայտություններից հետո փորձում շտկել, մեկնաբանություններով  և Արցախ այցելություններով հավասարակշռել: Բայց դա չպետք է լինի առիթից առիթ, այլ` սիստեմատիկ: Այսօր ՀՀ-ի իշխանության կողմից պետք է ճանաչվի Արցախի իշխանությունների լեգիտիմությունը, և սա պետք է արվի սիստեմատիկ այցելություններով, երկկողմանի աշխատանքային հանդիպումներով, որոնցից կծնվեն նոր քայլեր, ինչպես նաև` երկկողմ պայմանագրերով: Արցախի իշխանություններն ընտրված իշխանություններ են, ուստի պետք է հստակ կանխվի որևէ ոտնձգություն  համակարգային կայունության և սահմանադրական կարգի դեմ, ինչի մասին խոսեց նաև Արցախի ԱԱԾ-ն: ՀՀ-ից պետք է ոչ թե անմիտ ուղերձներ գնան, թե` եթե այստեղ իշխանափոխություն է եղել, այնտեղ էլ պիտի լինի, հակառակը՝ պետք է բոլորս աշխատենք, որ մեծ Հայաստանի միավորը հանդիսացող Արցախում կայունություն լինի, և իշխանափոխություն լինի` օրենքով նախատեսված, ինչն ընդունված է աշխարհում, այլ ոչ թե հեղափոխությամբ, որից հետո մեծ արգասիքներ ես չեմ տեսել` առհասարակ:
 
-ՀՀ-ում տեղի ունեցավ «թավշյա հեղափոխություն»,  դրանից հետո լսեցինք խոստումներ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, վերջին ժամանակներում նաև` դատաիրավական բարեփոխումների, անցումային արդարադատության, վեթինգի: Այսօր իրականում ի՞նչ ունենք և ի՞նչ ենք ունենալու:

-Կոռուպցիայի դեմ պայքարը, որը հայտարարվել է որպես հեղափոխության հիմք, չեմ կարծում, որ կոռուպցիայի դեմ պայքար է, կաշառակերության առանձին ձևերի դեմ է և ավելի շատ հների հանդեպ: Ես չեմ տեսել, որ նոր օրենսդրական այնպիսի փոփոխություններ լինեն, որ տեղ չթողնեն կառուցվածքային կոռուպցիայի համար: Դրա վերացումը, իրոք, կարևոր խնդիր է, նպատակ, բայց երբ ասում են՝ համակարգային կոռուպցիա չկա, որովհետև առաջին դեմքը չի վերցնում... Իրականում խոսում են դրամաշորթության մասին, կաշառակերությունը դա քեշ փողի «կերություն» է, որտեղ դիրքի խնդիր չկա, դրա դեմ, այո, բաներ անում են, բայց` հների դեմ: Երկրորդ խնդիրը դատական իշխանության իրական անկախությունն է: Անգրագիտություն եմ համարում, երբ ասում են, թե հիմիկվա դատարանները կախվածություն ունեն հներից: Դա չի համարվում դատարանի կախվածություն, դատարանի ոչ անկախ լինելը գնահատվում է, երբ նա գործող իշխանությունից է կախված լինում: Բոլորն ասում են՝ իշխող ուժ, բայց ինձ երբեմն թվում է, որ մենք դեռ չունենք իշխող ուժ, այն շարունակում  է մնալ նախկինների ընդդիմությունը: Դրսևորումները, արտահայտությունները վկայում են այն մասին, որ իշխանության եկած քաղաքական ուժն իրեն չի պահում որպես իշխանություն, այլ` որպես ընդդիմություն՝ շարունակելով իր ընդդիմադիր կեցվածքը նախկինների նկատմամբ: Ինչ վերաբերում է անցումային արդարադատությանը և վեթինգին, ես միշտ ասել եմ, որ չպետք է վիրավորել բոլոր դատավորներին, համակարգը: Նախորդ իշխանությունը գործում էր նեղ շրջանակ կազմող դատավորների միջոցով, երբ անհրաժեշտ էր լինում կայացնել իշխանությանը հաճո և քաղաքական կամ ֆինանսական մեծ բաներ խոստացող որոշումներ: Մենք արդեն գիտեինք որոշակի թվով դատավորներ, որոնց միջոցով և անօրինականություն էր իրականացվում: Բայց  դատական համակարգի 25 տարվա աշխատանքը ապարդյուն չի եղել, մենք ստացել ենք նոր մեթոդներ, ունակ ուժեր և այլն: Վեթինգը չեկիստական չիստկան է, կարող է լինել այնպես, որ մի քիչ ինքնուրույն դատավորները չանցնեն այդ վեթինգով: 
 
-Սահմանադրական ճգնաժամ գոյություն ունի՞ այսօր ՀՀ-ում:
 
-Սահմանադրական ճգնաժամ գոյություն չունի, անգամ երբ ասում են, որ մտքի մեջ է, մտքի մեջ չէ, նրանց հաշվարկի մեջ է:
 
-Այսինքն՝ հաշվարկել են, որ ինչ-ինչ քայլերով տանեն սահմանադրական ճգնաժամի՞:

-Այո, և այդ հաշվարկը ճգնաժամ ունի, որը սխալ հաշվարկ է: Եթե նույնիսկ մի բան էլ հաջողվի, դա լինելու է ամբողջ պետության նահանջը: Հմուտ դատապաշտպան Վահե Գրիգորյանը հմուտ ձևով կարող է ներկայացնել իր ուզածը: Ես նրա հանդեպ միշտ մեծ հարգանք ունեի, անգամ միասնական գործեր ունենք՝ Եվրադատարան ուղարկված, բայց ես մնում եմ իմ կարծիքին, որ սա քաղաքական վերնախավի սխալ հաշվարկի ճգնաժամն է: Ես դեմ էի, որ Գագիկ Հարությունյանը, Գևորգ Դանիելյանը հրաժարական տան, ոչ թե որ նրանց հարյուր տոկսով հավանում էի, այլ` որովհետև դա  ճնշման ներքո նահանջ էր. ինքնուրույն  որոշումը պետք է արվեր մինչ այդ, ոչ թե նսեմացնող փորձերից հետո:
 
-Վերադառնալով արցախյան թեմային. վերջերս մամուլում, տարբեր հարցազրույցներում շրջանառվում է «ծախված պատերազմ» թեզը, երբ խոսք է գնում ապրիլյան պատերազմի մասին, նաև՝ խորհրդարանական քննիչ հանձնաժողով է ստեղծվել, ի՞նչ է իրականում սրա տակ թաքնված:
 
-Գաղափարների և թեզերի մեջ հեղափոխություն են փորձում մտցնել, որն օրինաչափ է հեղափոխության համար, այն է՝  ամբողջ մեղքը դնել նախկին իշխանության  կամ ժողովրդի մի մասի վրա, այլ ոչ թե` դրսի թշնամու: Միշտ էլ բոլոր հեղափոխական մտքերն արդարացրել են իրական արտաքին թշնամուն և մեղքն ամբողջովին բարդել ներքինի վրա: Դա վատ հիմք ունի՝ ամբողջովին իշխանությունը զավթելու ցանկություն է, երկրորդ՝ թույլ չտալ այն գաղափարները, որոնց կրողը ժողովուրդն է, ոչ թե իշխանությունը: Այսինքն՝ փորձ է արվում մանիպուլյատիվ մեթոդներով հասարակության գիտակցության մեջ մտցնել ազգային շահին վնաս տվող գաղափարներ: Սա ամենավտանգավորն է: Ինչ վերաբերում է հանձնաժողովին, ապա դրա ստեղծումն այս թեզից է գալիս, սրա վրա է հիմնված: Կներեք էլի, էլ ինչ անի Ադրբեջանը, որ համոզի, թե չի հանգստանա՝ մինչև չզավթի այս տարածքները: 
 
Զրուցեց Մարիամ Պետրոսյանը