կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-16 15:01
Աշխարհ

Ռուսաստանում ցանկացած ցնցում խառնաշփոթ կառաջացնի ամբողջ աշխարհում. փորձագետը` Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունների մասին

Ռուսաստանում ցանկացած ցնցում խառնաշփոթ կառաջացնի ամբողջ աշխարհում. փորձագետը` Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունների մասին

Վարչապետի և կառավարության փոփոխությունը կապված է նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներով: Ռուսաստանը փորձում է շարժվել ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումների կոնտեքստի մեջ: Փորձում է դուրս չմնալ, հետ չմնալ այն զարգացումներից, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում. այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը՝ հավելելով, որ հրաժարականն ունի գլխավորապես հանրային պահանջ և քաղաքական ու տնտեսական ենթատեքստ:

Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դմիտրի Մեդվեդևի ու նախարարների խորհրդի միջև կայացած հանդիպման ընթացքում Մեդվեդևը հայտարարել էր կառավարության հրաժարականի մասին: Կառավարության ղեկավարի կազմում Պուտինը առաջադրել է տնտեսագետ, Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Բացի այդ Պուտինը հայտարարել էր նաև սահմանադրական փոփոխություններ կատարելու մասին, որը նախատեսվում է իրականացնել մինչև մայիսի 1-ը:

«Մի քանի տարի հետո Ռուսաստանում ցույցերը կարող են ավելի բուռն լինել՝ հաշվի առնելով ներկա ցույցերի ձևը, մարդկանց քանակը: Այստեղ չի կարելի սպասել «արաբական գարնան: Ոչ մի երկրում չի կարող լինել հեղափոխություն, եթե չկա դրա հանրային պահանջը: Իրանում կա որոշակի լայն զանգված, որոնց պահանջը պետք է բավարարվի: Նույնը Ռուսաստանում է: Պուտինը կարողանում է իր շուրջը մոբիլիզացնել քաղաքական էլիտան, տնտեսական կապիտալը», - ընդգծեց փորձագետը՝ նշելով, որ Ռուսաստանում ներքին քաղաքական դժգոհությունների ֆոնին երկրի ղեկավարությունը կփորձի դիմել փափուկ ուժի՝ մեղմելու հանրային դժգոհությունները, քանզի, մասնավորապես երկրի արևելքում տնտեսական խնդիրներն ավելի ակնառու են:

Անդրադառնալով մեր այն հարցին, թե արդյոք Պուտինը փորձում է պարարտ հող նախապատրաստել իշխանությունը հանձնելու համար, Կարեն Վերանյանն ասաց, որ  ամբողջ երկիրը գտնվում է Պուտինի ձեռքում և ով էլ որ գա լոյալ է լինելու Պուտինին, և այլ կերպ չի կարելի պատկերացնել:

«Պուտինն ու իր թիմը լուրջ մտորումների մեջ են, որովհետև տասնամյակներով անհնար է պահպանել իշխանությունը մեկ անձի շուրջ և փոփոխություններն անխուսափելի են, որոնք տեղի կունենան արտաքին, ներքին ազդակների միջոցով և Պուտինը կփորձի գտնել իրեն փոխարինող մեկին, որը համեմատաբար կմնա իր ազդեցության տակ և իշխանությունը կփոխանցի անցնցում», - եզրափակեց Վերանյանը՝ նշելով, որ հակառակ դեպքում ցանկացած ցնցում խառնաշփոթ կառաջացնի ամբողջ աշխարհում, քանի որ Ռուսաստանը համարվում է միջազգային լուրջ խաղացող:

Արգամ Եղիազարյան