կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-18 21:35
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շատ մեծ վտանգի տակ է Արցախի նաև ոչ նյութական մշակութային ժառանգությունը․ Լեռնիկ Հովհաննիսյան

44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում Ադրբեջանը վերսկսեց իր նախկին մշակութային Ցեղասպանության քաղաքականությունը, որն ուղղված է հայ ինքնությանը պատկանող բոլոր տեսակի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության ոչնչացմանը կամ յուրացմանը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը։

«Սա նոր քաղաքականություն չէ, բայց ձևերը փոխվել են․ այսօր, օրինակ, նյութական մշակութային ժառանգության ասպարեզում կատարվում է հայկական հուշարձանների աղվանացման կամ ուղղափառացման քաղաքականություն, որը հատկապես վարվում է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ՝ Կանաչ ժամ եկեղեցիների նկատմամբ՝ դրանք ներկայացնելով որպես ուղղափառ եկեղեցիներ, որը պակաս վտանգավոր չէ»,-ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Շատ մեծ վտանգի տակ է նաև մեր ոչ նյութական մշակութային ժառանգությունը, փաստեց նա, որի կրողը մարդն է։

«Այսօր Արցախի Հանրապետության մոտ 38 հազար քաղաքացիներ զրկված են իրենց պատմական բնակավայրերում իրենց մշակութային իրավունքն իրացնելուց, որն արտահայտվում էր ավանդությունների, սովորույթների, ծեսերի այլ տեսքով։ Այսօր վտանգի տակ է Արցախի բարբառի հադրության ենթաբարբառը, որովհետև պատմական Դիզակ աշխարհն ամբողջությամբ գտնվում է թշնամու օկուպացման մեջ և այդ ենթաբարբառին վտանգ է սպառնում․ շատ լավ կլիներ, որ այդ մարդիկ վերադառնային իրենց պատմական հայրենիքը և իրենց մշակութային իրավունքն իրացնեին»,-ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Արցախի մշակութային 4 տարածքներից 2-ն օկուպացված են թշնամու կողմից, փաստեց նա, դա Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղն է իր ավանդական արհեստներով, սովորույթներով և Շուշի քաղաքը, որը Գյումրիի հետ Արևելյան Հայաստանի այն քաղաքներից է, որոնք պահպանել են իրենք քաղաքային ճարտարապետության կոլորիտը։

Ընդհանուր առմամբ, 4280-ից ավելի հուշարձաններ, 1500 պահպանական գոտիներ են վկայագրվել Արցախում, իսկ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մնացել են մոտ 2000 հուշարձաններ՝ նաև ոչ քրիստոնեկան, իսկ զուտ քրիստոնեական հուշարձաններ՝ 1482-ը։  

Այս ամենի պահպանման խնդիրը բարձաձայնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են՝ վստահեցրեց Լեռնիկ Հովհաննիսյանը։  

Մարտի 15-ին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային ժողովների կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հստակեցվեցին կրթության ռազմավարության ծրագրերը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և մշակութային ժառանգության պահանության հիմնախնդիրները։ Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրեց Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության կորուստները և հիմնախնդիրները արդի փուլում։

Նաև այլ հարթակներում քննարկումներից ու հանդիպումներից հետո ձեռք են բերվել գործնական քայլերի կոնկրետ պայմանավորվածություններ, ինչը նա հուսադրող է համարում։

Իբրև պայքարի գործիք մտադիր են կիրառելու նաև Եվրոպական խորհրդարանի՝ օրերս ընդունած բանաձևը «Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակության ժառանգության ոչնչացման մասին», որում կիրառված է «արմենոֆոբիա» եզրույթը և որը դատապարտում է Ադրբեջանի վանդալիզմը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․