․ Կեսգիշերից մինչև ժամը 05։40-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերը Ասկերանի շրջանի օկուպացված հատվածում տեղակայված դիրքերից 15 անգամ 60 մմ. տրամաչափի ականանետ են կիրառել Արցախի արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 ական։
․ Ժամը 10:35-ին Խրամորթ գյուղի բնակիչ 1971 թ. ծնված Սուրեն Բաղրյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, թշնամու կողմից արձակված ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել:
Ականը պայթել է հենց տան բակում:
․ Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի գյուղապետ Կամո Մուրսալյանի փոխանցմամբ այսօր գյուղում իրավիճակը հանգիստ է եղել, թշնամին կրակոցները դադարեցրել է, սակայն մարտի 9-ի կրակոցների հետևանքով գյուղի խաղողի այգիների որոշ հատված վառվել է ու վնասվել, բնակիչները չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։
․ Արդեն 3-րդ օրն է, ինչ Արցախում գազ չկա։ Մարտի 8-ին Շուշիի հատվածում ադրբեջանական կողմը պայթեցրել էր ՀՀ-ից Արցախ եկող գազատարը, և 3-րդ օրն է՝ չի թողնում հայկական կողմին վերանորոգման աշխատանքներ իրականացնել։
․ Գազատարի պայթեցման հետևանքով Արցախում հացի և ջեռուցման խնդիր կա․ մարդիկ չեն կարողանում տաքացնել իրենց տները, նորմալ չեն աշխատում մանկապարտեզները, դպրոցներում ցուրտ է, խանութներում՝ հացի հերթեր։
․ Արցախի հանրակրթական դպրոցներում ջեռուցման խնդրով պայմանավորված՝ գարնանային արձակուրդների մեկնարկը տրվելու է մարտի 14-ից։
․ ԱՀ ԱԺ-ն հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին ուղղված հայտարարությամբ, որւոմ մասնավորապես նշվում է․ «Վերջին օրերին լարվածությունը Արցախի սահմանամերձ բնակավայրերում նոր թափ է ստացել, մասնավորապես Ադրբեջանը ինտենսիվ կրակոցներ է արձակել, ականանետներ կիրառել Ասկերանի շրջանի Խրամորթ,Նախիջևանիկ և Փառուխ գյուղերի, Մարտունու շրջանի Խնուշինակ, Կարմիր շուկա, Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ։
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նման սադրիչ գործողությունները միտված են ինչպես Արցախի ժողովրդին ահաբեկելուն և մշտական տագնապի մեջ պահելուն, այնպես էլ ռուսական խաղաղապահ ուժերի առաքելության ու հեղինակության նսեմացմանը։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը խստիվ դատապարտում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ և ահաբեկչական գործողությունները, Արցախի Հանրապետության բնակավայրերի թիրախավորումը, խաղաղ բնակչության նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ճնշումները, Արցախը բնական գազով ապահովող միակ գազատարի վերանորոգման աշխատանքներին խոչընդոտելը։
Այսպիսով ՝ պաշտոնական Բաքուն շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, խարխլում տարածաշրջանում առկա փխրուն խաղաղությունն ու կայունությունը, որը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը» (ամբողջական տեքստը՝
http://www.nankr.am/hy/4601 )։
․ ԵՄ խորհրդարանը ձայների 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որով
– խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում,
- փաստում է, որ վերջին 30 տարիներին Ադրբեջանի կողմից իրականացվել է կրոնական և մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացում, հատկապես՝ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում, որտեղ ավերվել են 89 հայկական եկեղեցի, 20 000 գերեզմաններ և ավելի քան 5 000 տապանաքարեր,
– ընդունում է, որ հայկական մշակութային ժառանգության վերացումը հանդիսանում է հայատյացության պետական մակարդակով քաղաքականության մի մասը, որը խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից,
– կոչ է անում Ադրբեջանին հրաժարվել իր մաքսիմալիստական նպատակներից, ռազմատենչ մոտեցումներից և Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից ու բարեխղճորեն ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին:
– կոչ է անում Ադրբեջանին «ձեռնպահ մնալ հայոց լեզուն ճնշելուց, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց կամ այլ կերպ պատմական հայկական մշակութային ներկայությունը վերացնելուց, կամ հայերի մուտքն այդ վայրեր և դրանցից օգտվելը արգելելուց» և «վերականգնել կամ վերադարձնել հայկական մշակութային և կրոնական որևէ շինություն և վայր, արտեֆակտ կամ առարկա»,
- շեշտում է, որ մշակութային ժառանգության ոչնչացման կամ փոփոխման ցանկացած նոր դեպք պետք է անհապաղ ուշադրության արժանանա միջազգային հանրության կողմից,
– կոչ է անում Եվրահանձնաժողովին (ԵՄ գործադիր մարմնին) օգտագործել բոլոր հասանելի լծակները Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման, փոփոխման, ինչպես նաև՝ վանդալիզմի դեպքերը կանխելու համար:
․ Անկարող լինելով գրական հայերենի շրջանակներում ձևակերպել նկարներում արտացոլված իրականության վերաբերյալ համապատասխան խոսք՝ զերծ կմնամ գնահատականներ տալուց․․․
Ալվինա Աղաբաբյան
«Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ-ի նախագահ