Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավետիք Իսահակյանի հուշերը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական շահարկումների առարկա էր դարձել մամուլում, ինչին ի պատասխան Վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, Yerkir.am-ի հետ հարցազրույցում ևս մի քանի հուշեր ու նամակներ կարդաց, որոնք բացահայտում են մտավորականի իրական մոտեցումները իր ժամանակի իրողություններին։
Ավետիք Իսահակյանը 15 տարեկանից ստեղծել էր Գյումրու դաշնակցական «Քայլ» կազմակերպությունը, որի համար ավելի ուշ նրան մեկ տարով բանտարկեցին։ Նրա եղբայրները, եղբոր տղաները ևս բոլորը դաշնակցականներ էին։ Լինելով բանաստեղծ՝ կապվել հեղափոխական կուսակցության հետ, սովորական ընտրություն չէր՝ հանճարեղ մարդու ընտրություն էր, ասում է թոռը, նա համարում էր, որ Հայաստանի միակ փրկությունը զինված ապստամբությունն էր Թուրքիայի դեմ և Արևմտյան Հայաստանում անկախության հաստատումը, որին էլ ուղղված է նրա «Մասսա Մանուկ» պոեմը։ Բայց ավելի հասուն տարիքում, երբ մեկ տարի ապրում է Թուրքիայում, հասկանում է, որ այդ մոտեցումը կարող է հայ ժողովրդի ֆիզիկական գոյության վերջը դառնալ, այս պատճառով էլ փոխում է դիրքորոշումը և հետ է կանգնում Արևմտյան Հայաստանում հեղափոխություն անելու գաղափարից՝ գոնե հայերի ֆիզիկական գոյությունը պահպանելու համար, մինչև որ այլ գործոնների ազդեցությամբ Թուրքիան մասնատվի։
Վարպետը Ալիշանի հետ հանդիպման հուշը ևս պատմում է, որ՝ չպետք է այդ վայրենու բույնը քանդել, որովհետև իրենք լավ գիտեին, թե ինչ վայրագ ժողովուրդ է Թուրքիայում՝ նախամարդու բնազդներով ապրող։
Ավիկ Իսահակյանը նշեց, որ պապը՝ Ավետիք Իսահակյանը, շատ էմոցիոնալ մարդ էր, տրամադրության մարդ էր, ռոմանտիկ բանաստեղծ, նա ո՛չ Ավետիս Ահարոնյան էր, ո՛չ Սիմոն Վրացյան, ո՛չ Սիմոն Զավարյան, որ կարողանար քաղաքական վերլուծություններ անել․ նա կռվի մարդ չէր, նա գրչի մարդ էր, և բերել այդ ժամանակաշրջանի հսկայական ողբերգությունը, երբ 2 միլիոն մարդ կոտորվեց, տարածել այսօրվա իրողությունների վրա և համեմատական տեսնել՝ ճիշտ չէ։
«Քաղաքական մի ուժը կարող է սա օգտագործել ի՛ր հետաքրքրությունների համար՝ որպես պաշտպան կանչի Իսահակյանին, մյուսը կարող է մեղադրել Իսահակյանին, բայց դասականների ամենավերջին ատյանի ճշմարտությունը նրանց ստեղծագործությունն է․ մենք պետք է Իսահակյանի մասին դատենք առաջին հերթին իր հանճարեղ գործերով, տատանումներ կարող են միշտ էլ լինել, չնայած այս տատանումները մտահոգություն են միայն հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար»,-ասաց Ավիկ Իսահակյանը։
Մամուլում շահարկվեց նաև Ավետիք Իսահակյանի նամակը Սիմոն Վրացյանին, որում Վարպետը անհամաձայնություն էր հայտնում Դաշնակցության քաղաքական կուրսից՝ ասելով, որ «հայի ֆիզիկական գոյությունը բարձր է իր անկախությունից», և ուրեմն պետք չէ «ամբոխի թելադրանքով» շարժվել։ Վարպետն այդ նամակում նաև ասում է, որ ինքն ատում է բոլշևիկներին, բայց պետք էր ընդունել բոլշևիկյան օրիենտացիան։
Վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակայանը, այս նամակը հրապարակողներին ի պատասխան նրա մեկ այլ նամակն է կարդում, որը Իսահակյանը գրել էր դրանից շատ չանցած, և որում իր սերն էր արտահայտում Դաշնակցության հանդեպ․ «Հայտնի լինի ընդմիշտ բոլոր դաշնակցական ընկերներին, ինչպես հայտնի է և կոմունիստներին, որ ես քաղաքական-ազգային խնդիրների իմ ըմբռնումով մնում եմ և կմնամ դաշնակցական, որովհետև նրա ավանդներն ու նպատակների էությունը համապատասխան են իմ հոգուն ու գաղափարներին։ Սիրում եմ Դաշնակցությունը, նրա անցյալը, որ իմ անցյալն է եղել միաժամանակ և նրա նահատակները իմ հավերժական սիրելիներն են»։
Վարպետի թոռը՝ գրականագետ Ավիկ Իսահակյանը, գնահատելով մեր օրերի իրողությունները, նկատում է, որ Ռուսաստանն օձի պես է տաքացնում Թուրքիային, միևնույն է, նա մի օր խայթելու է իրեն։ Նա հիշեցնում է, որ Պուտինն ասաց՝ Ուկրաինան Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան է, այնինչ առաջին հերթին Ադրբեջանն է կրում Լենինի անունը, որովհետև նրա և Ստալինի հանցագործ ծրագրով է ստեղծվել այդ պետականությունը։
«Հայ ժողովուրդը պետք է իմաստնություն ունենա՝ հիմա էլ, պահպանելով իր ֆիզիկական գոյությունը, մոտ ապագայում կարողանա այդ ճշմարտությունը դարձնել հասկանալի հենց Ռուսաստանին և իր ներքին ուժերը հավաքելով՝ նոր կարողանա հաջողություններ ունենալ այս բարդ պատմական իրավիճակում»,-ասաց նա։
Հայ ժողովրդի անվտանգությունը Ավիկ Իսահակյանը կապում է Ռուսաստանի հետ, որովհետև, ըստ նրա, Թուրքիայում ժողովուրդը քնում-զարթնում է՝ երազելով երբ է ոչնչացնելու Հայաստանը և հայ ժողովրդին։ Թուրքիան իր կաշին չի կարող փոխել, ասում է Ավիկ Իսահակյանը, բայց մենք չպետք է տորեադորի նման այդ ցուլին կարմիր լաթ ցույց տանք, մենք պետք է ժամանակ թողնենք, որ այդ ցուլն արնաքամ լինի, թուլանա, նոր մահացու հարված հասցնենք։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․