Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան հակամարտությունն իր բնույթով անկախ Հայաստանի մեծագույն և՛ մարտահրավերն է, և՛ հաղթանակը, և՛ համախմբող առանցքը: Ազատամարտի հազարավոր նահատակները ժողովրդի գիտակցության մեջ սրբագործել են Արցախը՝ այն պարուրելով ռազմաքաղաքական անձեռնմխելիության կարծր պատկերացումներով: Կորստի ցավը, առավել քան հազարամյա ընդմիջումից հետո հայրենիքի նվիրական հատվածի ազատագրման բերկրանքը Արցախը վերածել են աշխարհասփյուռ հայության բաց նյարդի:
Սա իրականության մի կողմն է, ցավոք: Հայրենիքի ու հայապատկան հողերի ազատագրումը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովումը դեռևս պետք է միջազգային մակարդակով ճանաչվեն ու իրավաքաղաքականորեն ամրագրվեն:
Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումն ու իրավահավասարությունն ամրագրող միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերը՝ ՄԱԿ-ի կանոնադրությունն ու դրան որևիցե կերպ չհակասող ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտը, դրանցից ածանցված և Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերը և, վերջապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափը պարտադրում են Հայաստանին Արցախյան հիմնախնդրով վարել բանակցություններ: Ընդ որում, գրեթե ամբողջությամբ խորհրդապահական նշանակություն ունեցող բանակցային գործընթացի մանրամասները չեն կարող վերածվել հասարակական քննարկման առարկայի:
Արցախյան հակամարտությանն անդրադառնալիս՝ արկածախնդրություն է հաշվի չառնել հակամարտության էական առանձնահատկությունները: Նախ այն, որ խնդրի էությունը բացառապես ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովումն է և ինքնորոշման իրավունքի իրացումը և երկրորդ, սա բացառիկ հակամարտություն է, որի բանակցային ձևաչափում ընդգրկված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը, ինչը վկայում է խնդրի միջազգային տարողության և նրա նկատմամբ հետաքրքրությունների լայն շրջանակի մասին:
Այս համատեքստում հայկական ռազմաքաղաքական միտքը կարևորագույն մեկ խնդիր էր լուծում և պետք է լուծի. ապահովել Հայաստանի Հանրապետության բանակցելիությունը, մասնավորապես.
Առերևույթ ընդունելով ԵԱՀԿ միջնորդ համանախագահության առաջարկությունները՝ Հայաստանի Հանրապետության վրայից վերացարկել արտաքին ճնշումը, վերջինս ուղղել Ադրբեջանի կողմ՝ հստակ գիտակցելով, որ Ապշերոնի՝ մինչև գլուխը ներկլանային պայքարի մեջ խրված ղեկավարությունը, երբեք սեփական ժողովրդին չի կարող հրամցնել Լեռնային Ղարաբաղից ինչ որ ձև կամ մասամբ հրաժարվելու միտքը: Այսինքն, բանակցել մի բանի շուրջ, որը մեծ հաշվով իրականություն դառնալու համար զրո հնարավորություն ունի: Սույն հոդվածին ընդդիմախոսները առաջին հայացքից իրավացիորեն կարող են հակադարձել՝ իսկ եթե Ադրբեջանը համաձայնվի մադրիդյան սկզբունքներին, ի՞նչ է, պետք է զիջումներ անենք: Բանն այն է, որ հայկական դիվանագիտությունը այս, գրեթե անհավանական, սցենարի դեպքում իր դիվանագիտական արսենալում մեկ այլ գործիք ևս ունի՝ դա հարցի վերջնական կարգավորումը Արցախի Հանրապետության լեգիտիմ իշխանություններին վերացարկելն է, ինչը դիվանագիտական մանևրումների բոլորովին այլ հարթակ կարող է բացել: Իսկ ժամանակը ԼՂ հակամարտության պարագայում աշխատում է մեր օգտին:
2018թ. օգոստոսի 17-ին, ՀՀ կառավարության հարյուր օրն ամփոփող հանրահավաքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտնի հայտարարությամբ, Արցախյան հիմնախնդիրը դարձրեց ներքաղաքական շահարկման առարկա, ինչն իր մեջ պարունակում է կենսական վտանգների մի ամբողջ շղթա.
1) խեղաթյուրում է հակամարտության էությունը, բանակցային գործընթացի տրամաբանությունն ու նախընթաց մեծածավալ աշխատանքը,
2) Հայաստանում կատարված իշխանափոխության արդյունքում որևէ կերպ չի փոխվել բանակցային գործընթացի տրամաբանությունն ու մայր փաստաթուղթը: Ինքը՝ վարչապետը, բազմիցս համոզում է հայտնել շարունակելու բանակցությունները Մինսկի խմբի ձևաչափով, և հույս հայտնել՝ աշխատելու Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, և Ժնևի պայմանավորվածությունների ուղղությամբ: Այսինքն, ըստ, իր տրամաբանության, ստացվում է՝ Փաշինյանն էլ է բանակցելու հող հանձնելու շուրջ: Հայաստանի վարչապետն, ով ի պաշտոնե ձեռնհասություն ունի բանակցային գործընթացի հույժ գաղտնի փաստաթղթերի նկատմամբ, հղում անելով հենց այդ հանգամանքին, վստահեցնում է, թե նախորդները հող հանձնելուց բացի այլ բանի շուրջ չեն բանակցել: Այդ դեպքում, վարչապետն ինչու՞ է ուզում շարունակել նախկին իշխանության օրոք ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ բանակցությունները:
3) Եվ վերջապես, արցախյան հակամարտությունը և հույժ գաղտնի փաստաթղթերը դարձնելով ներքաղաքական շահարկման առարկա՝ վարչապետը հայկական դիվանագիտությանը զրկում է մանևրելու հնարավորություններից և վտանգում Հայաստանի բանակցելիությունն ընդհանրապես: Մի բան, որում հայկական կողմը մշտապես մեղադրել է Ադրբեջանին ու հայտնվել փոքրիշատե շահեկան իրավիճակում:
Այսպիսով, անկախ ներքաղաքական իրավիճակի լարվածությունից և պայքարի անզիջում բնույթից, անընդունելի և վտանգավոր է Արցախը դարձնել ներքաղաքական շահարկումների առարկա՝ վտանգելով բանակցային գործընթացն ու հակամարտության էության ներքին ու միջազգային ընկալումները: Պետք է հիշել, որ Արցախյան գործընթացը անաչառորեն կարող է գնահատել միայն պատմությունը, որի նախնական գնահատականը կա՝ վերջին 20 տարում հնարավոր է եղել միջազգային և տարածաշրջանային ամենախճճված կոմբինացիաներով ու վերադասավորումներով պահպանել Արցախն իր ամբողջության մեջ և դեռ ավելին՝ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի ու Ժնևի պայմանավորվածություններով փորձել ամրապնդել ստատուս քվոն կոնկրետ գործիքակազմերով:
Մեղմ ասած ճիշտ չէ, զուտ քաղաքական շարժառիթներով ամենանուրբ հարցում արժեզրկել հայկական ռազմաքաղաքական մտքի նախընթաց աշխատանքը, դա էլ այն դեպքում, երբ նոր կառավարության կարևորագույն խնդիրը, Արցախյան հարցում նվազագույնը եղած վիճակը պահպանելու, իսկ նվազագույնից անդին՝ հայկական զույգ հանրապետությունների անվտանգության միջավայրը բարելավելու, հայկական կողմի բանակցային դիրքերը ամրապնդելու, կոպիտ ասած՝ ստատուս քվոն անվտանգ կերպով պահպանելու մեջ է: Գեղեցիկ չէ քննադատել մի բան, ինչի փորձառությունը չունես և դեռ հայտնի էլ չէ՝ տվյալ փորձը նախորդից հաջող, թե՝ անհաջող կլինի....
Այսպիսով, անհրաժեշտ է օր առաջ բացառել Արցախյան հիմնախնդրի ներքաղաքական շահարկումներն ու Արցախի հաշվին այսրոպեական քաղաքական դիվիդենտներ շահելու մարտավարությունը, դա օգուտ չի բերում մեր ժողովրդին և հաղթանակի գաղափարին առհասարակ: Անհրաժեշտ է նաև օր առաջ չեզոքացնել միջնորդ երկրներից ստացվող վերջին 30 տարվա համար դիվանագիտական բավականին կոշտ մեսիջները: Ինչպես վերևում ենք նշել՝ մենք գործ ունենք ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամներից երեքի հետ:
Գևորգ Ղուկասյան