կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-23 12:13
Քաղաքական

Արդարադատության նախարարը չունի տարրական մասնագիտական գիտելիքներ այս հարցի հետ կապված. Թաթոյանը՝ ՄԻՊ օրենքի մասին

Նախ՝ պետք է տեսնենք, թե ինչ բառապաշարով է արդարադատության նախարարը խոսում իր հարցազրույցներում. երկրում անհանդուրժողականությունն ավելացնող, պոպուլիստական բառապաշարով է խոսում․ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Կարեն Անդրեասյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքին։

Հիշեցնենք՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասել էր, թե Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքն է խախտել, երբ դատավոր Բորիս Բախշիյանի վերաբերյալ հայտարարություն է արել։

 
 

«Նույնիսկ ծանր վիրավորանքի հատկանիշները կան իր հայտարարություններում։ Ասում է՝ օմբուդսմանն իրավունք չունի ընթացիկ դատական գործերի վերաբերյալ գնահատականներ տալ, ու մի հատ էլ հղում է անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին հոդվածին։ Ինձ համար ակնհայտ է, որ արդարադատության նախարարը չունի տարրական մասնագիտական գիտելիքներ այս հարցի հետ կապված։ Բայց քանի ռիսկ է արել ու մտել է մասնագիտական դաշտ, շատ լավ, կբացատրեմ, թե ինչի մասին է խոսքը։

 
 

Արդարադատության նախարարը պարտավոր է իմանալ, որ գոյություն ունի նախաքննություն և դատական քննություն, գոյություն ունի դատական վարույթ, որը նախաքննությունը չէ։ Նախաքննությունն իրականացնում է պաշտոնատար անձը՝ քննիչը, իսկ դատական վարույթն իրականացնում է դատարանը։ Հիմա ինչպես կարող է նախաքննության հարցը դատական գործ։ Նախ մեր օրենքը դատական գործ հասկացությունը չունի, չգիտես՝ որտեղից է վերցրել։ Բա էդ արդարադատության նախարարն ինչպես էր իր նախկին պաշտոնում գնահատականներ տալիս դատական գործերի հետ կապված», - հայտարարեց Թաթոյանը։

 

Շարունակելով խոսքը՝ ՄԻՊ-ն ասաց. «Այնպես որ, եթե արդարադատության նախարարը վստահ չի իր հայտարարությունների մեջ կամ մանրամասն չի ուսումնասիրել մարդու իրավունքների պաշտպանի ասելիքները և մասնագիտական հենքը չի պատկերացնում, մյուս անգամ թող չհամարձակվի Հայաստանի ՄԻՊ հաստատության հանդեպ որևէ ոտնձգություն անել՝ թաքնվելով կառավարության ներկայացուցիչ լինելու հովանու տակ»: