Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր հրավիրված ասուլիսում լրագրողներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից փորձեց ճշտել՝ չի՞ պատրաստվում վերանայել իր կադրային քաղաքականությունը, քանի որ որոշ պաշտոնյաներ պարբերաբար աղմկոտ պատմությունների մեջ են հայտնվում, Արարատի մարզպետը տարրական մաթեմատիկական գիտելիքներ չունի և իր հայտարարություններով բազմիցս ապացուցել է, որ այդ պաշտոնին հայտնվել է իր հետ քայլելու շնորհիվ, իսկ քաղավիացիայի վարչության պետը լատինատառ հայերենով է շփվում իր աշխատակիցների հետ, և սա այն դեպքում, երբ մաքսատան աշխատակցին ազատեցին, որովհետև պետական դրոշի նկատմամբ հարգանք չկար:
Վարչապետն արձագանքեց. «Արարատի մարզպետին ի՞նչ է եղել, Ռևազյանին ի՞նչ է եղել: Անկեղծ ասած՝ ձեր հարցը լավ չեմ հասկանում: Ասում եք՝ լատինատառ ա շփվում, Հայաստանի կեսը Հայաստանի մյուս կեսի հետ լատինատառ ա շփվում: Պաշտոնական փաստաթղթերի մասով չեմ տեսել, մենք նամակագրության մեջ ենք, ոչ մի անգամ ինձ լատինատառ նամակ չի գրել: Ինչ վերաբերում է մարզպետին, Հակոբ Արշակյանին ասում էին, թե ասել է՝ փետրվարի 30: Ժողովո'ւրդ, մենք հասկանո՞ւմ ենք ինչի մասին ենք խոսում: Այսինքն՝ ի՞նչ, մարդը կարա ինչ-որ մի թվի չտիրապետի, ես ուզում եմ հասկանալ՝ ո՞ւմ ճաշակով պիտի առաջնորդվեմ, չափանիշը ո՞րն ա»:
«Չափանիշը ո՞րն է հիմա՝ որ ձեզ հետ քայլե՞լ են, թե՞ պրոֆեսիոնալ գիտելիքներ ունենալը» հարցին ի պատասխան՝ Փաշինյանը պատասխանեց. «Հիմա` Գեղամ Ղարիբջանյանն ինձ հետ քայլել ա՞: Ես հասկանում եմ սենց՝ գործից պիտի ազատեմ` ովքեր ինձ հետ քայլել են, գործից ազատեմ` ովքեր ինձ հետ չեն քայլել, գործից ազատեմ` ովքեր երիտասարդ են և ովքեր տարիքով են: Ես գնահատում եմ, և եթե տեսնեմ, որ աշխատանքի արդյունավետության բարձրացման միջոցները սպառված են, այնտեղ, որտեղ պիտի ազատեմ աշխատանքից, ես կազատեմ: Բայց շատ հաճախ մեծ աղմուկ կա, բայց որ ուզում ես հասկանաս, տեսնում ես, որ տակը բան չկա»:
Նա նաև վստահեցրեց, թե կոմպլեքս չունի իր հետ քայլածներին ազատելու հարցում: