Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դատարանը 2 ամսով կասեցրել է 12-հարկանի շենքի կառուցումը, որն իրականացվում է Անդրանիկ սարկավագ Մանուկյանի՝ Թումանյան փողոցում գտնվող տունը քանդելով, բայց կառուցապատողը շարունակում է աշխատել՝ խախտելով դատարանի վճիռը՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Սասուն» ազգագրական երգի-պարի խմբի ղեկավար, «Գաթա» բենդի հիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը դիմել է դատարան՝ Երևանի քաղաքապետի անօրինական շինթույլտվությունը, որպես վարչական ակտ, անվավեր ճանաչելու պահանջով։ Դատարանը հրատապ միջոց է կիրառել՝ առնվազն 2 ամսով կասեցնելով շինարարությունը, մինչև վերջնական վճիռը պատրաստ լինի։ Բայց քաղաքապետարանը պատշաճ միջոցներ չի կիրառում, որպեսզի շինարարությունը կանգնեցվի։
«Նրանք պարտավոր էին շինարարությունը կասեցնել։ Բայց պատճառաբանում են, որ, իբր, բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, այնինչ դրա մասին էլ մենք դեռ տեղեկություն չունենք՝ ուղղակի ասվում է»,-ասաց Մանուկյանի փաստաբան Ալբերտ Կանդալյանը։
Անդրանիկ Մանուկյանը դիմել է Ոստիկանություն, որ կառուցապատողին թույլ չտան շարունակել շինաշխատանքները, բայց, փաստորեն, ապարդյուն։
«Փաստը մնում է փաստ, որ կա դատական ակտ, որն ասում է՝ կասեցրեք։ Եթե վիճելի է՝ ժամանակավորապես կասեցրեք, մինչև հասկանանք՝ ինչ է լինում։ Քաղաքապետարանը, անկախ ամեն ինչից, պետք է կասեցներ շինարարությունը, բայց չի անում՝ անտեսելով վճիռը»,-ասաց փաստաբանը։
Երևանի քաղաքապետարանը, որպես վարչական մարմին, անգործության է մատնված, ահազանգեց փաստաբանը, նա չի գալիս՝ կասեցնում այդ շինարարությունը, անհեթեթ պատճառաբանություններով՝ իբրև թե չեն կարողանում գտնել կառուցապատողին, չեն կարողանում ծանուցել և այլն։
«Ինչ-որ շատ բան չի կարողանում անել Քաղաքապետարանը, բայց երբ հերթը գալիս է անօրինական շինթույլտվություն տալուն՝ ամեն ինչ կարողանում է։ Քանի որ շինթույլտվություն տալու որոշումն ինքն է կայացրել՝ ինքն էլ պետք է իր որոշումն անվավեր ճանաչի։ Եթե այդ շինթույլտվությունը չլինի՝ կստացվի մասնավոր ընկերությունը կատարում է ապօրինի շինարարություն։ Անընդհատ գոռում են, որ ապօրինի շինարարություն չպիտի լինի, բայց եթե հասարակ մարդ ես՝ գալիս տուգանում, քանդում են, եթե հասարակ մարդ չես՝ լավ էլ թողնում են, չեն անում ոչ մի բան»,-ասաց Ալբերտ Կանդալյանը։
Բացի այն, որ Անդրանիկ սարկավագի տան հիմքերին շատ մոտ խորը փոս են փորել՝ ճաքեցնելով տունը, շինարարության մի սյունն էլ բերել, դրել են նրա հողատարածքի վրա՝ քանդելով տանը կից շինությունը։ Անդրանիկ Մանուկյանը դատարանում պահանջել է վերականգնել տան նախկին տեսքը․ նրան փոխհատուցում պետք չէ։
Դատարանում նշված խնդրին առնչվող 6 գործ է քննվում։ Նախ՝ նույն շինարարությանն առնչվող զրոյական նիշն անվավեր ճանաչելու մասով՝ ավտոտնակների շինարարությունը, որը շենքի հիմքն է։ Առանձին քննվում է 12-հարկանի շինության թույլտվությունն անվավեր ճանաչելու գործը։ Առանձին պահանջվում է Մանուկյանի տան նախկին տեսքը վերականգնել։ Կան նաև քրեական գործեր՝ վնաս պատճառելու հիմքերով։ Այս գործերի մի մասը նախաքննության փուլում են, մյուսները՝ դատարանում։
«Բոլորը խոստանում են, որ երկրում կա օրենք, բայց առայժմ այդ մասին տեղեկություն չունենք»,-ասաց Ալբերտ Կանդալյանը։
Աննա Բալյան